Սյունեցիները պետք է ընտրեն «Բարի գալուստ, Ադրբեջան» ցուցանակի և Փաշինյանի խոստումների միջև. Գրիգոր Բալասանյան

Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից՝ ադրբեջանական կողմին կոչ անելով հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Պաշտպանական գերատեսչությունն այս հաղորդագրությունը տարածեց այն բանից հետո, երբ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն ասաց. «Կրակոցները, երբեմն որ տեղի են ունենում, ոչ նշանառու կրակոցներ են, անհասցե, սակավաթիվ, եթե անգամ դուք ասում եք՝ կրակոցներ կան»։

168TV «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Պաշտպանության նախարարության կողմից տարածված հակասող այս տեղեկատվությունների մասին, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը նախ անընդունելի որակեց նման գործելաոճը, ապա շարունակեց.

Կարդացեք նաև

«Ինձ համար հասկանալի չէ նաև անկանոն կրակոցներով մարդկանց հանգստացնելու վերաբերյալ ՀՀ իշխանության վարած այս քաղաքականությունը։ Այս կրակոցները ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ պատրաստ չէ կնքել «Խաղաղության պայմանագիր», և սահմանային կրակոցներ լինելու են անգամ նման պայմանագրի կնքումից հետո»։

Ըստ Գրիգոր Բալասանյանի՝ Ադրբեջանը սահմանային լարվածությունը խորացնելու է այն աստիճան, որ մի օր էլ կանգնի և հայտարարի՝ դուրս է գալիս «Խաղաղության պայմանագրից»։

Ինչ վերաբերում է Պաշտպանական գերատեսչության հաղորդագրության այն հատվածին, ըստ որի՝ Ադրբեջանին հայկական կողմը կոչ է արել հետաքննել կրակոցները, ապա, ըստ միջազգայնագետի, դա նման է նրան, որ գայլին մեղադրեն միս ուտել համար։

«Ադրբեջանն ի՞նչը պետք է հետաքննի, երբ ինքն է կրակողը։ Իրականում պաշտպանական գերատեսչության այս կոչը պետք է ուղղված լինի եվրադիտորդներին, որոնք պարտավոր էին այդ կրակոցները ֆիքսել, ապա ԵՄ-ին զեկուցել, որ Ադրբեջանը թիրախավորում է խաղաղ բնակչությանը, չէ՞ որ Մշակույթի տունը ռազմական օբյեկտ չէ։ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդները, սակայն, դա չեն արել, և հարց՝ իսկ ի՞նչ են արել առհասարակ»,- ասաց Բալասանյանը։

Նրա խոսքով՝ արդեն մեկ ամիս է՝ Սյունիքում իրավիճակը սրված է, և ադրբեջանական կողմն այդ լարվածությունը կպահի այնքան ժամանակ, քանի դեռ չի ստացել այն, ինչ իրեն պետք է։

«Ալիևը ցանկանում է Հայաստանից ստանալ տարածք՝ ճանապարհ, որով ինչ ուզենա՝ կարող է տեղափոխել, և հայկական կողմը դա չի ստուգի։ Ադրբեջանն ուզում է երթուղի, որի վրա Հայաստանը որևէ իրավասություն չի ունենա, որովհետև աշխարհաքաղաքական փոփոխությունների կամ Հայաստանում իշխանափոխության դեպքում Հայաստանը կարող է այդ ճանապարհն Ադրբեջանի համար փակել։ Հենց այդ խնդիրը բացառելու համար է ուզում տարածք՝ առանց ՀՀ իրավազորության»,- ասաց միջազգայնագետը։

Հարցին՝ իսկ ի՞նչ պետք է սպասեն Փաշինյանին շաբաթ օրը Սյունիքում հյուրընկալած սյունեցիներն իրենց մարզի շուրջ նման զարգացումների ֆոնին, Բալասանյանը պատասխանեց՝ այդ նույն մարդիկ նույն իշխանության առաջ իրենց սպառնացող խնդիրների լուծման պահանջ պետք է դնեն, եթե ոչ, ապա նրանց համար հետոն շատ ծանր է լինելու։

«Հետոն շատ ծանր է լինելու։ Հետո սյունեցիներն առավոտյան արթնանալու են և իրենց տան դիմաց տեսնեն՝ «Բարի գալուստ, Ադրբեջան»։ Սյունեցիներն ընտրության առաջ են՝ ուզում են Փաշինյանի խոստացած մշտական ջուրն ունենալ, բայց նայել ադրբեջանական ցուցանակների՞ն, թե՞ ոչ»,- նշեց Բալասանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս