Անձի պաշտամունքը Ադրբեջանում. նախկին նախագահ Հեյդար Ալիևին կուռք դարձնելը
Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի երկրպագությունն այնքան չափազանցված է, որ ամերիկացի բլոգեր Անդրեաս Մոզերը Բաքու և Գյանջա կատարած իր այցի ժամանակ ամենուրեք բախվել է «մեծ առաջնորդի» հուշարձաններին և շենքերին: Մոզերը երգիծական զեկույց է գրել իր բլոգում, որից հատվածներ ենք ներկայացնում՝ մեր ընթերցողների զվարճության համար…
Մոզերն սկսել է իր ծաղրական հոդվածը հետևյալ կերպ. «Նախքան Ադրբեջան գնալը ես ձեզ նման չգիտեի Հեյդար Ալիևին։ Բայց հետո, երկրորդ օրն արդեն ձանձրացել էի նրանից…. Անկախ այն բանից՝ ուզում եք, թե ոչ, Հեյդար Ալիևը կլինի ձեր ընկերակիցը և մշտական ուղեկիցը Ադրբեջանում։ Երբ թռչում եք Բաքու, դուք ժամանում եք Հեյդար Ալիևի օդանավակայան: Երբ գալիս եք գնացքով, դուք ճամփորդում եք Հեյդար Ալիևի ճեպընթացով, իջնում եք Հեյդար Ալիևի կայարանը, քայլում Հեյդար Ալիևի բուլվարով դեպի Հեյդար Ալիևի հրապարակ, անցնում Հեյդար Ալիևի հիմնադրամների, Հեյդար Ալիևի դպրոցների և Հեյդար Ալիևի համալսարանների կողքով։ Եթե ուզում եք հանգստանալ Հեյդար Ալիևից և այդ պատճառով նախընտրում եք ավտոմեքենայով ճամփորդել Ադրբեջանով, միևնույն է դուք բոլոր խաչմերուկներում, բոլոր շրջադարձերում, բոլոր շրջանցիկ ճանապարհներին կտեսնեք նախկին նախագահի լուսանկարները»։
Մոզերն իր ճանփորդությունը սկսել է այցելելով զբոսայգի, բնականաբար Հեյդար Ալիևի անվան, որն «ավելի մեծ էր, քան որոշ անկախ երկրներ… Երբ դու անցնում ես աշխարհի ամենալայն փողոցը [12-գծանի], տասը րոպեի երթից հետո հասնում ես կայանատեղի. ավտոկայանատեղի՝ Օլիմպիական մարզադաշտի դիմացինի նման։ Այն այնքան մեծ էր նախագծված, որպեսզի Ադրբեջանի բոլոր մեքենաները կարողանային միաժամանակ կայանել այդտեղ։ Սակայն այն դատարկ է։ Քաղաքի հրապարակները նույնպես չափազանց մեծ չափերի էին, սակայն այստեղ հյուսիսկորեական մակարդակի վեհության մոլուցք էր տիրում…. Հենց որ դուք անցնեք հաղթանակի կամարը (այնքան մեծ, ինչպիսին Փարիզում է, և կասկածները ցրելու համար ասեմ՝ զարդարված Հեյդար Ալիևի անունով), որը իրական մուտքն է, դուք պետք է ևս մոտ 2 կիլոմետր քայլեք մինչև Հեյդար Ալիևի թանգարան հասնելը։ Ճիշտ այնպես, ինչպես մարդիկ ստիպված էին քայլել թագավորական պալատի երկար սրահով, նախքան թագավորի հետ հանդիպելը»։
Հատելով զբոսայգին և անցնելով հավաքարարների ու քերողների՝ «մաքրող մոլագարների» մի ամբողջ բանակի միջով, Մոզերը հայտնվել է «մեծ առաջնորդի» չափազանց մեծ արձանի մոտ, որի վրա ոսկե տառերով փորագրված էր նրա անունը, և որը տեղադրված էր Հեյդար Ալիևի թանգարանի դիմաց։ Մոզերը բացահայտել է, որ «թանգարանը երեք հարկանի է, ապակե գմբեթով, պատրաստված մեծ քանակությամբ մարմարից ու ոսկուց և սպիտակ կաշվե բազկաթոռներով։ Բռնապետին բնորոշ անճաշակություն։ Եթե դուք երբևիցե այցելել եք Քադաֆիներին, Հուսեյններին կամ Թրամփներին, ապա ծանոթ եք դրան։ Ես միակ այցելուն եմ, և այդ փաստը այնքան է զարմացրել գրասեղանի մոտ նստած մարդուն, որ նա անջատեց իր Յութուբի տեսահոլովակը, ցատկեց տեղից և սկսեց հետևել իմ ամեն մի քայլին, 4-5 մետր հեռավորության վրա և ամեն անգամ երբ նայում էի նրան, նա նայում էր իր հեռախոսին։ Մենք երկուսով էինք ամբողջ շենքում»։
Թեև Հեյդար Ալիևի թանգարանի հսկայական շենքը շատ տպավորիչ է, սակայն այնտեղ ոչինչ չկա, բացառությամբ «մեծ առաջնորդի» մասին որոշ քարոզչության։ Թանգարանը միայն «Հեյդար Ալիևի կյանքի մասին պատմող տասնյակ ցուցադրություններ ունի, հարյուրավոր լուսանկարներով։ Մի քանի գրքեր կան՝ նրա մասին և նրա կողմից գրված, որոնք պաշտպանված են ապակիներով: Երկու մետր լայնությամբ հեռուստաէկրանները պատրաստ են ցուցադրել նրա կենսագրական լուսանկարները…»։ Մոզերը նաև տպավորվել էր Հեյդար Ալիևի լուսանկարների մեծ հավաքածուով. «Հեյդար Ալիևը դաշտում հողագործների հետ, Հեյդար Ալիևը զինվորների հետ, Հեյդար Ալիևը երեխաների հետ, Հեյդար Ալիևը որպես հնագետ, Հեյդար Ալիևը ձմերուկով, Հեյդար Ալիևը բազմամարդ շուկայում»։
Մոզերը ներկայացրել է Հեյդար Ալիևի կենսագրականը, վկայակոչելով մրցանակակիր լեհ լրագրող Ռիշարդ Կապուսինսկուն, որը գրել է. «Սկզբում Հեյդար Ալիևը ԿԳԲ-ի ղեկավարն էր Ադրբեջանում, իսկ հետո յոթանասունականներին՝ հանրապետության Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարը: Նա եղել է Բրեժնևի հետևորդը, որը նրան նշանակել էր ԽՍՀՄ փոխվարչապետ: 1987 թ. Գորբաչովը նրան հեռացրեց այդ պաշտոնից։ Հեյդար Ալիևը մաս էր կազմում Բրեժնևի շրջապատի՝ մի խմբի, որն աչքի էր ընկնում խոր կոռուպցիայով, ամեն տեսակի շքեղության նախապատվությամբ և համընդհանուր այլասերվածությամբ։ Նրանք բացահայտում էին իրենց կոռուպցիան մեծ հանդգնությամբ, առանց ամաչելու»։
Մոզերը նշել է, որ լեհ լրագրողի նկարագրությունը «կարող է լինել թանգարանի, իրականում ամբողջ այգու կամ արդարև ամբողջ երկրի կարգախոսը։ Որևէ մեկի համար, որն արդեն հայտնի էր բացահայտ կոռուպցիայով կոմունիզմի ժամանակ, անկախ Ադրբեջանն իր նավթահանքերով պետք է որ լիներ նրա երազանքների գագաթնակետը։ Այսպիսով, զարմանալի չէ Ալիևների ամբողջ ընտանիքին հանդիպել Պանամայի փաստաթղթերում [օֆշորային գաղտնի հաշիվներում]»։
Մոզերն իր հումորային հոդվածն ավարտել է հիշելով Հեյդար Ալիևի այլ զբոսայգիները Պոդգորիցայում, Չեռնոգորիայում, Թբիլիսիում, Ստամբուլում, Անկարայում, Բուխարեստում, Կիևում, «և հնարավոր է, շուտով ձեր հայրենի քաղաքում: Դրա համար դուք պարզապես պետք է խոսեք ձեր քաղաքային խորհրդի հետ, իսկ Ադրբեջանը կվճարի ամեն ինչի համար»։
Իր վերջին նախադասության մեջ Մոզերը Ադրբեջանն անվանել է «որպես տարօրինակ երկիր: Բայց գոնե ես այլևս ստիպված չեմ լինի այցելել Հյուսիսային Կորեա»:
Մոզերի հոդվածից բացի, Վիքիպեդիան մի ամբողջ բաժին ունի՝ «Հեյդար Ալիևի անձի պաշտամունքը» վերնագրով. «Ադրբեջանում յուրաքանչյուր մեծ ու փոքր քաղաք ունի փողոց Հեյդար Ալիևի անունով, ներառյալ մայրաքաղաք Բաքվի կենտրոնական պողոտաներից մեկը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանում կա Հեյդար Ալիևի 60 թանգարան և կենտրոն»։
Ավելին, աշխարհում տասնյակից ավելի երկրներում կան Հեյդար Ալիևի արձանները: Այնուամենայնիվ, Ադրբեջանը Մեքսիկայի մայրաքաղաքում խայտառակվեց, երբ նրա խելամիտ քաղաքային խորհուրդը որոշեց հեռացնել Հեյդար Ալիևի հուշարձանը քաղաքի գլխավոր պողոտայում գտնվող զբոսայգուց, որը վերանորոգվել էր Ադրբեջանի միջոցներով։ «Իրավապաշտպանները դեմ էին արձանին և մատնանշում էին Հեյդար Ալիևի իշխանության բռնակալական բնույթը», հաղորդել է BBC News-ը:
Իմ խորհուրդը Հեյդար Ալիևի ադրբեջանցի երկրպագուներին՝ ավելի շատ մտահոգվեք ոչ թե մահացած Հեյդար Ալիևի, այլ ներկա նախագահ Իլհամ Ալիևի ճակատագրով, քանի որ Հայաստանում վերջերս տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» կարող է շուտով տարածվել Ադրբեջանում և կարող է ավելի շատ արյունոտ լինել, քան թավշյա…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի