Հայաստանի անվտանգության հարցեր
Գրառում Բ
Հայաստանի անվտանգության պատմական համակարգը
Մաս 3
Երևանի խանությունը
Հայկական թագավորությունների և իշխանությունների անկումից հետո (14-15-րդ դդ.) և նախքան Հարավային Կովկասում ռուսական տիրապետության հաստատումը (19-րդ դարասկիզբ) ներկայիս Հայաստանի, Ադրբեջանի և Արևելյան Վրաստանի տարածքներում գոյություն ունեցած խանությունները, որպես կանոն, չենք ընկալում Հայաստանի պատմության մաս, քանի որ այդ խանությունների իշխող խավը հայկական չէր, այլ գերազանցապես թյուրքալեզու շիա-մուսուլման էր. պետական և կրոնական տեսակետից՝ իրանական, իսկ լեզվով ու ցեղով՝ թուրքական: Ու չնայած էթնիկ իմաստով խանությունները չեն կարող համարվել հայ ժողովրդի պատմության մաս, բայց քանի որ այսօրվա Հայաստանի տարածքը կազմված է հիմնականում մուսուլմանական նախկին խանությունների կտորներից, ապա առկա է աշխարհագրական, հետևաբար նաև՝ աշխարհաքաղաքական ժառանգության խնդիր:
Հարավային Կովկասի խանությունների համակարգը շատ կողմերով հիշեցնում է այսօրվա Հարավային Կովկասի անկախ պետությունների համակարգը: Իսկ այդ ընդհանուր պատկերի մեջ էլ հատկապես Երևանի խանությունը պետք է համարենք այսօրվա Հայաստանի Հանրապետության կարևոր նախատարրերից մեկը, որքան էլ այդ հանգամանքը մեզ զարմանալի կամ, որոշ չափով, անգամ տհաճ թվա: Ի դեպ, իրականում այստեղ տհաճ ոչինչ չկա. տհաճությունը հետևանք է մեր պատմագիտության ռուսամոլ և արևմտամոլ գաղափարաբանության: Մինչդեռ, չնայած Երևանի խանությունը, իհարկե, դրախտ չէր երկրի վրա, բայց դեռ մեծ հարց է, թե արդյո՞ք բարեկեցության առումով չէր գերազանցում, օրինակ, 19-րդ դարի ռուսական տիրապետության Հայաստանին:
Հարավային Կովկասի խանություններն այսօրվա Հայաստանի, Ադրբեջանի և Արևելյան Վրաստանի տարածքում մինչև 19-րդ դարի առաջին կես գոյություն ունեցած կիսաանկախ պետական միավորներ էին, որոնք ենթակա էին Իրանի շահնշահին (Արևմտյան Վրաստանն Օսմանյան գերիշխանության տակ էր): Այն շրջաններում, երբ Իրանի արքաների իշխանությունը կայուն էր, այդ ենթակայությունն էլ իրական էր, իսկ երբ Իրանը թուլանում էր, ինչպես դա եղել է 18-րդ դարի մեծ մասում, խանությունները փաստացի դառնում էին անկախ փոքր պետություններ: Ընդ որում՝ Արևելյան Վրաստանը նույնպես ընդգրկում ենք այս ցանկում, որովհետև այդտեղ գոյություն պահպանած վրաց թագավորությունները՝ Քարթլին և Կախեթին, Պարսից տեսակետից նույնպիսի խանություններ էին, ինչպես մյուսները. պարսկական համակարգում վրաց թագավորներն անվանվում էին խաներ: Ավելին՝ 17-րդ դարի վրաց թագավորների մեծ մասը գոնե առերևույթ իսլամ էին ընդունում և կրում էին համապատասխան անուններ՝ Մահմադ ղուլի խան, Ալի ղուլի խան, և այլն:
Այս համակարգը հիշեցնում էր և փաստացի վերականգնումն էր դրանից առաջ գոյություն ունեցած հայոց, վրաց և աղվանից իշխանությունների և փոքր թագավորությունների համակարգի (օրինակ 10-13-րդ դդ.-ում): Սա հերթական անգամ վկայում է աշխարհագրական ժառանգականության կարևորության մասին. անկախ այս կամ այն պետության վերնախավի ազգային ու կրոնական պատկանելությունից՝ միևնույն երկրամասում մոտավորապես միևնույն պայմաններում գոյանում են մոտավորապես նույն սահմաններով և մոտավորապես նույն փոխհարաբերությամբ պետական միավորներ:
Հատկապես հետաքրքիր կլիներ ավելի խորքով ուսումնասիրել 18-րդ դարի հարավկովկասյան խանությունների համակարգը, երբ Իրանի կենտրոնական իշխանությունը, անկում ապրելով, ի զորու չէր երկրամասում լիարժեք իրացնելու իր գերիշխանությունը: Իրանի թուլացմանը զուգահեռ՝ տարածաշրջանը նվաճելու հերթական փորձ է անում Օսմանյան կայսրությունը, մյուս կողմից էլ խաղի մեջ է մտնում Ռուսաստանը: Ամբողջ 18-րդ դարը երեք մեծ արտաքին ուժերի՝ Իրանի, Օսմանյան կայսրության և Ռուսաստանի պայքարն է՝ տարածաշրջանում գերիշխանություն հաստատելու համար: Այս երեքից ոչ մեկն այդ ողջ ընթացքում ի զորու չի լինում հասնելու այդ նպատակին: Եվ հենց այս մրցակցության միջակայքում էլ գոյանում է հարավկովկասյան փոքր պետական միավորների փաստացի անկախությունը:
Այս շրջանը բազմաթիվ զուգահեռներ ունի այսօրվա հարավկովկասյան քաղաքականության հետ:
Կովկասյան խանություններից որևէ մեկը (ներառյալ՝ վրաց թագավորությունները) երբեք չի եղել լիարժեք ինքնիշխան պետություն՝ ոչ միայն իրավականորեն (ինչպես հիշում ենք՝ ընդհանուր առմամբ նրանք ընդունել են Իրանի գերիշխանությունը), այլև փաստացի, քանի որ նրանցից ոչ մեկը չուներ այն չափի և որակի տարածք, որի հիմնամբ հնարավոր լիներ կառուցել քիչ թե շատ ինքնաբավ անվտանգության համակարգ: Բայց միաժամանակ 18-րդ դարում այդ փոքր իշխանությունները կարողացել են ապահովել փաստացի անկախություն՝ մանևրելով երեք մեծ տերությունների մրցակցության դաշտում: Այսինքն՝ նրանց անկախությունը եղել է ոչ թե սեփական ներուժի արտահայտում, այլ տարածաշրջանում մեծ տերությունների խաչվող ազդեցությունների կշռույթի ֆունկցիա: Քանի դեռ պահպանվում էր մեծերի մրցակցությունը, գոյատևում էր նաև Հարավային Կովկասի փոքր պետությունների փաստացի անկախությունը:
Մրցակցության վերացմամբ՝ մեծ տերություններից մեկի վճռական հաղթանակով մյուսների նկատմամբ, ինքնաբերաբար վերանում է նաև կովկասյան խանությունների անկախությունը: Բայց սա միայն ընդհանուր պատկերն է. մեծապետական մրցակցությունն ապահովում էր բարենպաստ միջավայր, բայց անհրաժեշտ էր նաև դրանից օգտվելու կարողություն՝ մեծ տերությունների միջև մանևրելու քաղաքականություն, որը կովկասյան խաները հասցրել էին նուրբ արվեստի մակարդակի: Փոփոխական իրավիճակում, երբ երկրամասում ուժեղանում, ապա նորից թուլանում էր մե՛րթ մեկ, մե՛րթ մյուս մեծ տերության ազդեցությունը, խանությունների իշխողները կարողանում էին արագ կողմնորոշվել՝ պահպանելով և ամրացնելով իրենց փոքր պետությունների դիրքերը:
Կովկասյան խանություններից մեզ առավել հետաքրքիր են Երևանի, այլև՝ Նախիջևանի և Ղարաբաղի խանությունները, որոնց կտորներից կազմված է ներկայիս ՀՀ տարածքը (բացի հյուսիսային հատվածից՝ Լոռի, Տավուշ, Շիրակ):
Երևանն իրար հաջորդող այլևայլ մուսուլմանական իշխանությունների կենտրոն է դառնում 15-րդ դարից: Այստեղ կարևոր չեն երևանակենտրոն իշխանությունների և վարչական միավորների պատմության մանրամասները, այդ պատճառով էլ այդ ամբողջ շրջանի մասին խոսելիս դրանց բոլորին պայմանականորեն կանվանենք Երևանի խանություն կամ իշխանություն (թեև ստույգ իմաստով խանությունը միայն 18-րդ դարին է վերաբերում)։
Մեզ համար այստեղ ամենակարևորն այն է, որ Երևանն առաջին անգամ դառնում է կենտրոն հենց այս մուսուլմանական իշխանությունների պատմությամբ: Եթե նախորդ հատվածներում խոսում էինք Արարատյան դաշտի մասին ընդհանրապես, ապա այժմ կենտրոն է դառնում հենց Երևանը՝ տեղադրված Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան եզրին, որը մինչ այդ Հայոց պատմության մեջ որևէ նշանակալից դեր չի խաղացել: Ճիշտ է, Երևանի կենտրոն դառնալու փաստի նշանակությունը գերագնահատել էլ պետք չէ, քանի որ այն մեծ հաշվով շարունակում է Արարատյան դաշտի այլ կենտրոնների՝ Արտաշատի, Վաղարշապատի, Դվինի շղթան, բայց մյուս կողմից՝ Երևանի խանության և այսօրվա Հայաստանի միջև աշխարհաքաղաքական ժառանգությունն ավելի յուրահատուկ կապ է ենթադրում, քան «Երևան-Արարատյան դաշտի մյուս հայկական մայրաքաղաքներ» ընդհանուր շղթան: Արարատյան դաշտի հին կենտրոնները եղել են մի քանի անգամ ավելի ընդարձակ Հայաստանի մայրաքաղաքներ:
Մինչդեռ, թեև այսօրվա Հայաստանը (ՀՀ և ԼՂՀ) Երևանի խանությունից ավելի մեծ է, սակայն կարող ենք ասել, որ Երևանի խանությունն այսօրվա ՀՀ-ի տարածքի կորիզն է, և տարածքային, հետևաբար և՝ անվտանգության տեսակետից իրար հետ համեմատելի են հենց այսօրվա Հայաստանն ու Երևանի խանությունը, այլ ոչ թե հին Հայոց թագավորությունը: Երեքի կենտրոններն էլ եղել են Արարատյան դաշտում, սակայն հին Հայաստանն իր տարածքով ի զորու է եղել ապահովելու մի քանի մակարդակ ավելի բարձր անվտանգության համակարգ, հետևաբար՝ ավելի լիարժեք ինքնիշխանություն, իսկ Երևանակենտրոն խանությունն ու Հայաստանի Հանրապետությունը, ունենալով տարբեր իրավական կարգավիճակներ, փաստացի երկուսն էլ ունեն միայն նվազագույն անվտանգություն և սահմանափակ ինքնիշխանություն ապահովելու տարածքային ներուժ: