
«Պետք է հավաքել անառարկելի փաստեր, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի կայացնել որոշումներ». Նիկոլ Փաշինյանը՝ հանքարդյունաբերության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հանքարդյունաբերության հետ կապված փաստեր հավաքելու դեպքում կկայացվեն համապատասխան որոշումներ: Մեղրիում բնակիչներից մեկն անդրադարձավ Լիճքի հանքավայրի շահագործման դեմ պայքարին և նշեց, որ հետևելով վարչապետի կոչին՝ դադարեցրել են բողոքի ակցիաները և հույս ունեն, որ այդ հարցին կտրվի արդար լուծում:
Ն. Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի տնտեսությունը կազմված է հետևյալից՝ մեր երկրի ընդերքը քանդվում է, արտահանվում ու համարում, որ տնտեսությունն աճում է՝ կախված նաև պղնձի գներից:
«Կարծում եմ՝ սա խնդիր է, բայց չեմ կարծում, որ պետք է հանքարդյունաբերությունը փակենք: Հանձնարարական եմ տվել, որ բոլոր մետաղական հանքավայրերում ստուգումներ իրականացվեն, ստուգվի դրանց համապատասխանությունը բնապահպանական նորմերին: Խնդրում եմ հնարավորություն տալ, որ հավաքվեն փաստեր, որոնց հիման վրա հնարավոր կլինի կայացնել որևէ որոշում: Ես որպես վարչապետ իրավունք չունեմ հենց այնպես որոշել, որ հանքերը փակվեն: Խնդիրներին ծանոթ եմ, որոշում կայացնելու համար պետք է հավաքել փաստեր, որոնք կլինեն անառարկելի, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի կայացնել որոշումներ:
Դրանք պետք է կայացվեն այնպես, որ ՀՀ-ն դրանից չտուժի, որովհետև այդ նույն ներդրողները կարող են Հայաստանին դատի տալ և ՀՀ-ն դրա արդյունքում ստիպված լինի մեծ միջոցներ հատկացնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Միաժամանակ, կառավարության ղեկավարը նշեց, որ Ճանապարհ փակելը խնդրի լուծում չէ, քաղաքացիական անհնազանդության գործողություններն անում են այն դեպքում, երբ կառավարությանը չեն վստահում:
Ն. Փաշինյանը վստահեցրեց, որ որևէ հանքի հետ կապված որևէ կոռուպցիոն պարտավորություն չունի, իր միակ պարտավորությունը ժողովրդի առաջ է: