Բաժիններ՝

Չիկոյի հերթական գիրքը հասավ ջազի սիրահարներին

Հունիսի 8-ին տեղի ունեցավ ջազային հայտնի երաժիշտ Արմեն Թութունջյանի՝ Չիկոյի «Ջազը Հայաստանում» հայերեն գրքի շնորհանդեսը:

Գրքում ներկայացված են Հայաստանում էստրադային և ջազային երաժշտության 80-ամյա պատմությունը, հայաստանյան և արտերկրի հայազգի նշանավոր երաժիշտների ստեղծագործական դիմանկարներ:

Միջոցառման նախաձեռնողը՝ Արմեն Թութունջյանի որդին՝ Հայկ Թութունջյանը, ուրախ է, որ կատարել է հոր ցանկությունը՝ հայերեն հրատարակելով շատերի կողմից սիրված Չիկոյի տարիների աշխատանքի մի հատվածը:

Արմեն Թութունջյանը, ում բոլորը ճանաչում ու սիրում էին՝ որպես Չիկո, ոչ միայն լավագույն երաժիշտ-կատարողներից էր, այլև ջազի իսկական քարոզիչ էր, ով լավագույնս ներկայացնում էր և հայաստանյան կատարողներին, և համաշխարհային ջազային ստեղծագործությունները ճանաչելի էր դարձնում լայն հասարակությանը։ Նա երաժշտական ճաշակ էր թելադրում իր հաղորդումների, գրքերի, դասախոսությունների միջոցով։

Կարդացեք նաև

Կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Շաքարյանը, ով ներկա էր գրքի միջոցառմանը, Չիկոյի հետ ստեղծագործական ճանապարհ է անցել «Երիտասարդություն» նվագախմբի գործունեության շրջանում (ղեկավարում էր Ստեփան Շաքարյանը, Արմեն Թութունջյանը հարվածային գործիքներ էր նվագում), իր ափսոսանքը հայտնեց, որ ժամանակին ջազը Երևանում քարոզվում էր, և դա լավագույնս իրագործում էր Չիկոն։

«Ջազն իր էությամբ երկու հզոր երաժշտական մշակույթների՝ Արևմտյան Աֆրիկայի և եվրոպական երաժշտության ավանդույթների մերձեցումն է ամերիկյան հողի վրա: Բացարձակ սխալ է, երբ ասում են, թե ջազը սևամորթների երաժշտությունն է: Ո՛չ, այնքան բան են տվել սպիտակները ջազին՝ մեղեդիների, ջազային ստանդարտների հսկայական մի ցանց:  Ջորջ Գերշվինը հրեական արմատներով սպիտակամորթ հայտնի կոմպոզիտոր էր, ով գրեց ջազի նշանավոր մեղեդիներից մեկը` «Summertime»-ը: Այն տարիներին ջազն իր մեջ պարունակում էր միջազգային երաժշտական արվեստ լինելու իր պոտենցիալը, ինչի համար էլ շատ շուտ տարածվեց: Երբ ջազը հասավ Հայաստան, կարող էր, չէ՞, այդ սերմը մեր հողի վրա պտուղ չտալ, բայց տվեց, որը ես բացատրում եմ ընդհանրություններով, որոնք կան հայկական երաժշտության և ջազի ավանդույթների մեջ: Օրինակ` ռիթմը, որը ֆանտաստիկ կարևոր տարր է ջազում. ջազում խաչված ռիթմն ամենակարևորն է, իսկ այդ ռիթմում մեր 6/8-ը կա:

Շնորհիվ մեր մշակույթի` տաղանդաշատ երաժիշտների հայաստանյան ջազը քայլում է ջազային փողոցի արևոտ կողմով /հայտնի ջազային երգ՝ «On the sunny side of the street»/: Սա իմ գրքի սկիզբն է ու վերջը, առաջին մեղեդին, որն ինձ հուզել է»,- մի առիթով ասել է նա:

Հարցազրույցներից մեկում պատասխանելով հարցին, թե  ի՞նչ տեղ ունի ջազը, երաժշտությունն իր կյանքում, Չիկոն պատասխանել է.

«Այն, ինչ անում եմ, հաճույքով եմ անում: Բայց դրան չեմ հասել միանգամից՝ կյանքիս շրջադարձերը, ճիշտ ճանապարհի ընտրությունն ուշ է ստացվել, հեշտ չի տրվում ոչինչ: Ուշ եմ սկսել լրջորեն զբաղվել երաժշտությամբ: Ես ճարտարագիտական համալսարանում էի սովորում, բայց արդեն երկրորդ կուրսում հասկացա, որ սա իմը չի: Այն տարիներին անգամ կատակում էին, թե Պոլիտեխնիկը կոնսերվատորիա է՝ տեխնիկական թեքումով: Շատ ու շատ հայտնի դեմքեր են ավարտել Պոլիտեխնիկը: Ինքնաբավարարվածությունն ու երջանկությունը  հարաբերական բաներ են. մարդ կարող է լինել երջանիկ՝ որքանով նա կարողանում է արժեքները ճիշտ դասավորել, նայած, թե ի՞նչն է իր համար կարևոր: Խաբելու ճանապարհով սուտ հանրաճանաչություն ստացողը շուտ է բեմից իջնելու»:

Արմեն Թութունջյանը ծնվել է Երևանում: 1963թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ: Սովորելու տարիներին նվագել է այդ տարիների լավագույն ինքնագործ խմբերում` «Յունոստ», «Կռունկ»: 1968թ. նրա, Արթուր Աբրահամյանի և Լևոն Մալխասյանի եռյակն առաջին Հայկական ջազ փառատոնին ճանաչվել է՝ որպես լավագույն խումբ, իսկ Թութունջյանը` «Լավագույն թմբկահար»: 1969թ. ստեղծվել է Ալեքսանդր Զաքարյան (սաքսոֆոն), Լևոն Մալխասյան (դաշնամուր), Երվանդ Երզնկյան (կոնտրաբաս), Արմեն Թութունջյան (հարվածային գործիքներ) կազմով ջազ-քառյակը, որը հայկական ջազին բերել է առաջին լուրջ հաջողությունը` 1970թ. դառնալով  Կույբիշևյան ջազ-փառատոնի դափնեկիր և նվաճելով բոլոր մրցանակները տարբեր անվանակարգերում: Հաջորդ տարի քառյակը (կոնտրաբասիստ Դավիթ Գասպարյանի հետ) ճանաչվել է լավագույնը Վորոնեժի ջազ-փառատոնում, իսկ Թութունջյանը կրկին արժանացել է «Լավագույն թմբկահար» մրցանակին: 1978-82թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետում:

1982թ.-ից դասավանդել է հարվածային գործիքներ` Երևանի արվեստի թիվ 1 դպրոցում, Հայաստանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում ու Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում: 1986-92թթ. նվագել է Կ. Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում և մասնակցել է մաեստրոյի հրաժեշտի համերգներին: 1992թ. համախմբելով տաղանդավոր երիտասարդ երաժիշտների՝ ստեղծել է «Chicko & Friends» ջազ խումբը: 1994թ. ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի «Open competition» մրցույթի ժամանակ ճանաչվել է հաղթող: 1996թ.-ից «Հայ FM» ռադիոկայանով վարել է «Սիրված երգիչներ» և «Ջազ» հաղորդումները: 1998թ.-ից վարել է «Ջազի ժամ» հաղորդումը նախ` «Ա1+», «Նոր ալիք», «Արարատ», 2011թ.-ից` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությամբ: 2008թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է հատուկ մրցանակի` «Ջազի ժամ» հաղորդաշարի համար: 2009թ.-ից եղել է Վահագն Հայրապետյանի եռյակի և քառյակի թմբկահարը: Դասավանդել է գրեթե բոլոր հայ թմբկահարներին: 2011թ. լույս է տեսել նրա՝ թմբկահարների առաջին հայերեն լեզվով «Ռիթմ և շարժում» ձեռնարկը: 2008թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

 

2017թ. հունիսի 8-ին 73 տարեկան հասակում կյանքից հեռացավ Արմեն Թութունջյանը՝ Չիկոն։ Այդ օրը նա մահվանից մի քանի ժամ առաջ նկարահանել էր իր հեղինակային «Ջազի ժամը» հաղորդումը, որը եթեր հեռարձակվեց նրա մահվանից հետո։

ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Ալբինա Վարդանյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս