Բաժիններ՝

«Հուսահատության պահերին աղոթում եմ…». Արմինե Հայրապետյան

Մեր կողքին ապրում են մարդիկ, ովքեր երբ խոսում են, վարդեր ու անգին քարեր են շաղ տալիս, ճիշտ ինչպես հեքիաթներում է լինում… Դեռ տարիներ առաջ ինձ հնարավորություն էր տրվել մասնակցելու հնագետ, երգահան Արմինե Հայրապետյանի դասախոսություններից մեկին, որի ընթացքում հասցրել էի վարդեր ու անգին քարեր հավաքել և երազանք՝ նրա հետ առանձին զրույց ունենալու: Երազանքս իրականացավ օրեր առաջ: Երևանյան գողտրիկ անկյուններից մեկում, ուր Արմինեն հաճախ ելույթ է ունենում, հանդիպեցինք և միասին հյուսեցինք նրա «Կենաց Ծառը»՝ վարդաբույր ու անգին քարերով զարդարված…

Երբ ես ծնվեցի, գեղեցիկ ամառ էր: Օգոստոսի 31-ին եմ ծնվել՝ ամռան ամենավերջին օրը. ինչպես գիտեք, Հայաստանում ամառը չի վերջանում հենց օգոստոսին, ձգվում է մինչև սեպտեմբերի կեսը: Ես էլ իմ բնույթով շատ նման եմ ծննդյանս ժամանակին ու եղանակին (ժպտում է,-հեղ.):

Ծնողներս միմյանց լրացնող մարդիկ էին: Մայրս ինձ սովորեցրել է հավատալ սեփական ուժերիս. մինչև հիմա այդպես է անում: Անընդհատ, յուրաքանչյուր պահի, երբ վարանում եմ, որ չեմ հասցնի, չեմ կարողանա, չի ստացվի, մայրս ասում է՝ դու կարող ես: Դրանք մոգական բառեր են, որոնք օգնել են անելու իմ առաջին և հետագա բոլոր քայլերը:

Մանկությունս անցել է մեծ գերդաստանում, և դա միայն դրական կողմեր ունի, չունի բացասական կողմեր: Այնտեղ ինձ մշտապես օգնել են ձեռք բերելու այն բոլոր գիտելիքները, որոնք իմ հետաքրքրության շրջանակներում էին: Ծնողներս, լինելով պարզ ու հասարակ մարդիկ՝ մեկը բժշկության ոլորտից, մյուսն՝ արվեստի, շատ ուշադիր են եղել իմ նկատմամբ, մշտապես աջակցել են ինձ ուսումնասիրելու այն, ինչն ինձ հետաքրքրել է:

Դու չգիտես՝ ով է Աստված, երբ մանուկ ես. երեխայի համար Աստված իր մայրն է, մանավանդ, երբ ծնվում ես մի ժամանակաշրջանում, ուր աստվածաբանական զրույցները տեղ չեն գտնում առօրյա խոսակցություններում: Վախենամ, որ այսօր էլ այդ թեման բավարար չափով չի շրջանառվում, թեպետ խորհրդային տարիների անհավատության վարագույրը վաղուց վայր է ընկել: Իմ ընտանիքում այլ էր. մայրս՝ ի բնե, իր ստեղծումով, շատ աստվածահավատ մարդ է եղել ու կա, թեև հաճախ նշում է, որ ավելի ուշ է գիտակցել իր այդպիսին լինելը:

Աստծո հետ հարաբերություններն ամենամերձ և ամենամտերիմ հարաբերություններն են, որ մարդը երբևէ կարող է ունենալ: Եվ այդ հարաբերությունները որևէ քննարկման չեն տանում, վերլուծության առարկա չեն դառնում: Կարևոր է միայն այն գիտակցումը, որ քո ստեղծումը, ծնունդն ու ապրածդ յուրաքանչյուր օր պայմանավորված է Նրա մեծ սիրով, առաջնորդությամբ, կամքով ու օրհնությամբ: Ես շատ փորձությունների միջով եմ անցել, որպեսզի վստահ լինեմ ասածիս մեջ (ժպտում է,-հեղ.):

Չեմ հիշում մի դրվագ իմ կյանքում, երբ հավատացած չլինեմ հրաշքների: Երբ փոքր էի, հավատում էի Ամանորի հրաշքին, իսկ Ձմեռ պապն ինձ համար մշտապես Սուրբ Նիկողայոսն է եղել: Եղբայրներիս, հետագայում երեխաներիս համար տոնական չարաճճիություններն իրականացնելիս հավատում էի և հիմա էլ հավատում եմ, որ հրաշքը Ս. Նիկողայոսի կամքով և իմ ձեռքերով է իրագործվում: Հրաշք եմ համարում կյանքը, ամեն օրը, որ սկսում է արևի ծագումով: Սիրելի մարդկանց ժպիտը տեսնելն եմ հրաշք համարում: Ես իրական հրաշքներ շատ եմ տեսել, երբ կյանքի և մահու պայքար մղող մարդը, որը գիտության ու բժշկության կողմից սահմանված է եղել մահվան, շարունակել է ապրել. սա է աստվածային հրաշքը:

Կյանքի էությունն ինքնին հրաշք է, երբ մենք գիտակցում ենք, որ տիեզերական, հսկայական սիրո փոքրիկ հյուլեն մեր մեջ է ամփոփված, և այն մեր միջոցով նորից ստեղծվում ու շարունակվում է մեկ այլ կյանքի մեջ: Կյանք տալու ու մայրության մեջ եմ տեսնում ամենամեծ հրաշքը:

Մայրս է եղել այն մարդն, որը մեծապես ազդել է իմ հոգևոր կյանքի զարգացման վրա: Նա իմ ուսուցիչն է եղել ու կա, և սա հայկական մայրապաշտության մասին չէ, այլ իրական և ուժեղ մարդու, պայքարող, նվիրյալ ու անձնազոհ մարդու պատմություն: Ես դա տեսել եմ:

Գլխավոր արժեքը, որն իբրև ժառանգություն ստացել եմ մորիցս, արդարության զգացումն է: Չունեմ ավելի թանկ մեկը, որի համար պիտի պայքարեմ, որովհետև այնտեղ, ուր խախտված է արդարությունն, ամեն բան սխալ է այլևս: Չկա ավելի մեծ արժեք, ավելի թանկ ու կարևոր մի բան, քան արդարությունը:

Պարտքի զգացումը, անցնելիք ճանապարհս ու հոգեզավակներս են այն երեք երևույթները, որոնց վրա հիմված է կյանքս: Պարտքի զգացումը դեռ մանկուց է եղել, և ոչ թե հետապնդել է ինձ, այլ առաջնորդել՝ լինելով զենք ու դրոշ ինձ համար: Այդ զգացումը շաղկապված է իմ անելիքին, իմ գոյության պատճառաբանմանը, «ինչու՞ ես կամ» հարցին: Երբ մեզ տալիս ենք այս հարցն ու գտնում պատասխանը, այն դառնում է կարևոր շարժիչ ուժ մեզ համար:

Այդ մեկ հարցի պատասխանը քեզ կարող է դարձնել լավ ծնող, լավ զավակ, լավ ընկեր ու լավ քաղաքացի: Ես այստեղ եմ, որ վայելե՞մ կյանքը, այստեղ եմ, որ ինձ բոլորը սիրե՞ն, թե՞ այստեղ եմ, որ ծառայեմ նրան, ով կհանդիպի իմ ճանապարհին: Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ նրան, ով իմ կարիքը կունենա: Սա է իմ ճանապարհը: Եվ, ի վերջո, ասում են՝ անպիտան է այն վարպետը, որն իր հետևից աշակերտ չի թողնում, չի ժառանգում իր գիտելիքը մյուսներին: Կարևոր է քեզնից հետո քո տեսակը ստեղծել ոչ միայն քո զավակի մեջ:

Ես իմ աշակերտների և ուսանողների թվում անթիվ հոգեզավակներ ունեմ, որոնց ոչ միայն նյութի, այլև հոգևորի վերաբերյալ գիտելիքներ եմ փոխանցում: Եվ սա անում եմ նաև նրանց հետ, ում թեկուզ մեկ ժամով եմ հանդիպում. երբևէ չես կարող իմանալ, թե ով կլինի քեզ հեղափոխողը, որտեղ նա քեզ կհանդիպի, որոնք կլինեն այն աչքերը, որոնք ստիպելու են քեզ նայել սեփական հոգու մեջ:

Կյանքիս մեծագույն դժվարությունը հաղթահարելիս սովորեցի, որ բոլոր մարդիկ հավասարապես տկար են, բոլոր մարդիկ հավասարապես անգետ են և օգնության կարիք ունեն, և պետք է ներողամիտ լինել բոլորի հանդեպ: Ես սովորեցի ներել: Ներել ու սիրել մարդկանց, բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր բացահայտ չարիք էին պատճառում ինձ: Սովորեցի նրանց չպատասխանել իրենց զենքով: Սովորեցի չարդարանալ: Սովորեցի նրանց տալ ժամանակ, տալ հնարավորություն՝ ճանաչելու՝ ինչ ենք իրենք անում իրե՛նց կյանքի հետ: Որովհետև ես տեսա, որ չարը գործողը չի կարողանում երբևէ լիարժեքորեն վարձատրվել… հետո նա այնպիսի տեղում է սայթաքում և ընկնում, որ անհրաժեշտություն է առաջանում հենց նրա համար աղոթելու:

Հուսահատության պահերին աղոթում եմ: Եվ սա նույնպես սովորել եմ իմ մեծ ուսուցչից՝ մորիցս: Երբ վիճակս անելանելի էր, կենաց-մահու կռիվ էի տալիս, մայրս ասում էր՝ Արմինե ջան, Աստված կանչիր, և նա նույնպես աղոթում էր: Մեր միտքը երկրային է ու սահմանափակ. մենք երկչափ ենք տեսնում, անգամ եռաչափ չենք տեսնում, չենք տեսնում խորությունը, չենք տեսնում երևույթների հետևում թաքնված հանգամանքները, մենք դատում ենք մակերեսորեն: Հոգևորը չես կարող տեսնել մտքի ու տրամաբանության միջոցով: Աղոթել կարող ես, երբ հոգիդ ազատ է մտքի կապանքներից. այդժամ են բացվում հոգուդ աչքերը, այդժամ ես տեսնում լույսը:

Կյանքը լիարժեք է, երբ սերն է թագավորում, և սա բնավ ռոմանտիկ միտք չէ: Կյանքը լիարժեք է, երբ մարդն իր մեջ սեր է գտնում ամեն մեկի, ամեն արարածի հանդեպ:

Մարդը սկսում է մահանալ, երբ դադարում է սիրել ընդհանրապես: Մարդը մեռած է, երբ գործում է միայն մտքով, երբ տրամաբանված է, բացատրված է, հստակ է, երբ նա ամեն առումով վերածվել է մեքենայի: Բայց և այնպես բոլորի համար կա հույս՝ վերջին պահին արթնանալու. մարդը մշտապես ունի շանս, ունի հնարավորություն վեր հառնելու, կյանքի վերադառնալու, սակայն դրա համար անհրաժեշտ է լինում մեծ ցնցման ու փորձությունների միջով անցնել:

Երկիր մոլորակը պտտում են խենթերը: Այն մարդիկ, ովքեր ունակ են սիրելու և նվիրվելու` ի հեճուկս բոլորի, ի հեճուկս դժվարությունների, կրած զրկանքների:

Ինձ հաճախ են ասում, որ լացկան եմ մի քիչ (ժպտում է,-հեղ.): Թող ներող լինեն: Դա այն տիեզերական հեղուկն է, որը մաքրում ու լվանում է մեր հոգին. այդ աղբյուրը մեր մեջ կա: Թող չվախենան լաց լինողներից կամ սեփական արցունքներից. քաջություն է պետք այդ արցունքները մարդկանց ցույց տալու համար: Մարդը վախենում է ինքն իրեն մերկ ցույց տալուց, իսկ արտասվելիս մերկանում ես հոգով, բայց թե կարողանում ես դա այնպես անել, որ այդ մերկությունը գռեհիկ ու տգեղ չերևա, այլ դառնա ինքնամաքրում, և հետո ժպտալ արցունքների միջից, դա էլ հենց այն ծիածանն է, որ առաջանում է լույսի ու ջրի հանդիպումից:

Ե՞րբ եմ ինձ ամենաշատը մոտ զգում Աստծուն… բարդ հարց է: Դեռ մանկուց իմ մեջ եղել է սեփական անձը խիստ քննադատության ենթարկելու մղումը: Հաճախ այն մտքին եմ, որ բավականաչափ արժանի չեմ Աստծո սիրուն… Բայց այն պահերին, երբ ծեր տատիկները կամ պապիկները, ովքեր լքված են, սիրո կարիք ունեն, որոնց աչքերում հույսը մարել է, ժպտում են ինձ, այդժամ գիտեմ՝ Աստված ինձ ժպտում է վերևից (այնտեղ Արմինեն ժպտում է արցունքների միջից,-հեղ.): Այդ ժպիտները վաստակել է պետք, ես ամեն ինչ անում եմ դրա համար: Նրանք դեմքով չեն ժպտում, այլ աչքերով:

Դեռ փոքրուց միշտ ձգտել եմ լինել ծերանոցներում, շփվել այդ մարդկանց հետ: Երբ մարդն ուզում է բարի գործ անել, նրան հատուկ պայմաններ պետք չեն. միշտ կգտնվի տեղ՝ բարին գործելու համար: Եվ դու դա բարեգործություն չես էլ կոչում. բարին գործվում է գաղտնաբար, առանց ինչ-որ մեկի իմացության…

Ես սիրում եմ մեր բոլոր եկեղեցիները, դրանց հոգևոր խորհուրդն ու ճարտարապետական լուծումները: Մակարավանքում իմ ներքին ապրումներն այլ են, Հաղարծնում՝ այլ: Երևանում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի է իմ սիրելին. դեռ ուսանելուս տարիներին գնում և առանձնանում էի այնտեղ: Սրանք տարբեր կապվածություններ են: Երբեմն ստացվում է այնպես, որ չես կարող գնալ այն եկեղեցին, որի կանչը հոգիդ զգում է: Հատկապես ինձ հետ վերջին տարիներին այդպես հաճախ է պատահում, որովհետև աշխատանքի բերումով պարբերաբար գտնվում եմ մահմեդական աշխարհում: Ինձ համար մեծ բավականություն էր պարզել, որ իրենց հետ հարաբերվելիս էլ ես կարողանում եմ գտնել բանալիներ, որոնցով հնարավոր է դառնում շփումը: Ու կարող եմ վստահեցնել՝ աստվածահավատ մարդն ամենուր սիրելի է, որովհետև, ի վերջո, Աստված մեկն է: Լավ կլիներ, որ մենք սովորեինք աշխարհը չկիսել ու բաժան-բաժան չանել: Երկիր մոլորակը մեր բոլորինն է, լավ կլիներ, որ մենք կարողանայինք գտնել ճանապարհը՝ սահմանները հնարավորինս ի չիք դարձելու:

Գիտությունը հոգևորի հետ միանշանակ համատեղելի է, բայց դրանց շուրջ անընդհատ բախումներ են լինում, որովհետև մարդիկ են անգետ: Մարդիկ չգիտեն, որ կարելի է գիտություն ունենալ նյութի մասին, և նյութի մասին գիտելիքը նյութական է ու այն չի խանգարում հոգևորի մասին հոգևոր գիտելիք ունենալուն: Գիտությունն ու հոգևորը տարբեր ոլորտներ են, որոնք միմյանց չեն հակասում, փոխարենը լրացնում են: Փառք

Աստծո, ինքս չունեմ այդ խնդիրը, իմ ներսում չունեմ հակասություն իբրև գիտնական, ու նաև իբրև մարդ, ով հավատում է հոգևորի մեծագույն գոյությանը: Հակառակ դեպքում ես պիտի լինեի մեկն, ով ընկած է ապացույցների հետևից ու փորձում է բացատրություններ գտնել անբացատրելիի համար:

Քրիստոսից երկու հազար տարի անց, մարդկությունը ցավալիորեն նույնն է՝ նույնքան անգրագետ, նույնքան անհավատ, ինչպես այն պահին, երբ խաչ էր բարձրացնում իր Աստծուն, առանց դա գիտակցելու:

«Մի սպանիր» պատվիրանն եմ ինքս ինձ համար առանձնացնում. այն ինձ համար հնչում է խորությամբ և չի վերաբերում միայն ֆիզիկական աշխարհին: Չսպանելն եմ կարևորում, որովհետև կյանքը մեծագույն հրաշք է, բացառիկ շնորհ ու նվեր: Իսկ մենք միայն զենքով չէ, որ սպանում ենք, մենք սպանում ենք խոսքով, մենք չարիք ենք գործում մեր լեզվով, մենք սերն ենք սպանում…

Դրախտն իմ պատկերացմամբ այն վայրն է, որտեղ խոսքեր չկան, որտեղ մարդիկ միմյանց հետո քննարկելու ոչինչ չունեն, որտեղ նրանք միայն նայում են միմյանց ու ժպիտներով են փոխանակվում, դրախտը վայր է, ուր չկա աղմուկ, չկա ցավ… չկա տառապանք:

Ես բազմիցս տեսել եմ իմ երազներում այն, ինչ կանվանեի դրախտ. գեղեցիկ այգիներ, որտեղ բարձր երաժշտություն է լսվում, աստվածային երաժշտություն: Երբեմն այդ երաժշտությունը դուրս է հորդում իմ մեղեդու մեջ փոքրիկ պատառիկներով, որովհետև բնական է՝ արթնանալուց հետո ամբողջովին չեմ հիշում (ժպտում է,-հեղ.):

Եթե Քրիստոս հիմա գա աշխարհ՝ ես կուզեի, որ Նա գրկեր ինձ ( լայն ժպտում է,-հեղ.):

Պատրաստեց՝ Ա. Պողոսյանը

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս