Ազնավուրը Սանկտ Պետերբուրգից վերադառնում է Ֆրանսիա. Parisien
Աշխարհահռչակ շանսոնյե և երգահան Շառլ Ազնավուրը, որը չեղարկել է համերգը Սանկտ Պետերբուրգում, ապրիլի 26-ին կվերադառնա Ֆրանսիա: Այդ մասին ապրիլի 26-ին գրում է Parisien թերթը՝ վկայակոչելով արտիստի ներկայացուցիչ Վինսան Ստարկին:
Ազնավուրի առողջական վիճակը բժիշկների մոտ մտավախություն չի առաջացնում: «Համերգից առաջ փորձի ժամանակ մաեստրոյի մեջքը բռնվել է, դրա համար ստիպված եղանք չեղարկել միջոցառումը: Բժիշկները բուժզննում են անցկացրել ու հաստատել, որ դա մկանային սպազմ էր: Այնպես որ ոչ մի լուրջ բան չկա: Հիմա նա արդեն հյուրանոցում է, հանգստանում է», -ՏԱՍՍ-ին ասել է աղբյուրը:
«Օկտյաբրսկի» սրահի, որտեղ պետք է կայանար համերգը, գեղարվեստական ղեկավար Էմմա Լավրինովիչը, ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ ելույթը հետաձգվել է 2019 թվականի ապրիլ՝ կապված արտիստի անբավարար առողջական վիճակի հետ: Ինչպես ֆրանսիական թերթին պարզաբանել է Ստարկը, 93-ամյա արտիստին չեն հոսպիտալացրել, բժիշկները պարզապես բուժզննում են անցկացրել. ապրիլի 26-ին նա կմեկնի Ֆրանսիա: