Իրանի, Սիրիայի և ԿԺԴՀ-ի հարցերը գլխավորն են դարձել Թրամփի և Մակրոնի բանակցություններում
Իրանի, Սիրիայի եւ ԿԺԴՀ-ի հարցերը գլխավորն են դարձել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ԱՄՆ կատարած պետական այցի ընթացքում: Սպիտակ տանը նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած բանակցությունների ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը հայտնել է, որ Փարիզը հանդես է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման բանակցություններ սկսելու օգտին՝ չչեղարկելով նախկին համաձայնությունները։
Մակրոնի եւ Թրամփի համատեղ մամուլի ասուլիսում հասկանալի է դարձել, որ ձեռք է բերվել ինչ-որ փոխզիջում. Ֆրանսիան չի պաշտպանում Իրանի հետ համաձայնագրի չեղարկումը, բայց ցանկանում է սկսել նոր համաձայնագրի պատրաստման աշխատանքը: «Մի քանի ամիս շարունակ ես ասում եմ, որ դա անբավարար համաձայնագիր է, բայց որը, համենայն դեպս, մեզ օգնում է վերահսկողություն ունենալ միջուկային ակտիվության նկատմամբ:
Մենք կցանկանայինք սկսել աշխատել Իրանի հետ նոր համաձայնագրի վրա»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: Մակրոնի խոսքով՝ նոր համաձայնագիրը կներառի չորս կետ. իրանական միջուկային ծրագրի արգելափակում մինչեւ 2025 թվականը, ամեն մի միջուկային ակտիվության ավելի երկարատեւ արգելք, Իրանի բալիստիկ ծրագրի դադարեցում եւ պայմանների ստեղծում տարածաշրջանի քաղաքական կայունության համար: Մամուլի ասուլիսում Թրամփը վերստին ասել է, որ կցանկանար «հեռանալ Սիրիայից»: «Մենք գործնականում վերջ տվեցինք ԻՊ-ին, եւ շուտով շատ կարեւոր որոշումներ կընդունենք»,- ասել է նախագահը՝ չճշտելով, թե ինչպիսի:
Միացյալ Նահանգների ղեկավարի հետագա խոսքից հասկանալի դարձել, որ որոշումները կվերաբերեն այդ թվում նաեւ այն բանին, թե «ով կվճարի»: «Այնտեղ (Մերձավոր Արեւելքում) կան շատ հարուստ երկրներ… Մենք պաշտպանում ենք նրանց: Նրանք պետք է հանձնաձու լինեն եւ վճարեն դրա համար: Մենք խոսել ենք նրանց հետ: Նրանք կվճարեն: ԱՄՆ-ը չի շարունակի վճարել»,- հայտարարել է Թրամփը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը վերջին 18 տարում 7 տրիլիոն դոլար է ներդրել տարածաշրջանում, իսկ ստացել է «ավելի քիչ, քան ոչինչ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: