«Հայ-թուրքական հաշտեցման հեռանկարները կբացվեն, երբ Թուրքիայում իշխանություն փոխվի»․ Օրան
«Էրդողանն իշխանության պահպանման իր ծրագրերն ուներ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքագետ Բասքըն Օրանը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին և հայկական պահանջատիրությանը։
Նրա խոսքով՝ քանի դեռ Թուրքիան պաշտոնապես անկեղծ ներողություն չի խնդրել հայերից և ունեցվածքի փոխհատուցման հարց քննարկել Հայաստանի հետ, շարունակելու է աշխարհից տարատեսակ հարվածներ ստանալ հակաժողովրդավարականության վերաբերյալ, չկարողանալով առաջ շարժվել դեպի քաղաքակիրթ երկիր։
Օրանի խոսքով, Թուրքիայում ներկայումս ղեկավարող ուժի պայմաններում զրոյացել է հայ-թուրքական հաշտեցման գործընթացը՝ հայ-թուրքական արձանագրություններն այլևս թողնելով անցյալում։ Ըստ նրա՝ հայկական դիվանագիտությունը 2008 թվականին և դրանից հետո ամեն բան արեց, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունները պատմական ձեռքբերում դառնան երկու հարևանների քաղաքական կյանքում։
«Սակայն Էրդողանի իշխանությունը խոչընդոտեց դրան։ Գյուլը ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները, սակայն Էրդողանը որոշեց Ադրբեջանի հետ հարաբերություններով պայմանավորել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, Էրդողանը նաև իշխանության պահպանմանն իր ծրագրերն ուներ, որոնք հիմնեց արտաքին քաղաքական խնդիրների վրա՝ խնդիրներ քրդերի հետ, խնդիրներ Սիրիայում, այժմ՝ Արևմուտքի հետ, ժամանակ առ ժամանակ՝ Ռուսաստանի հետ, Իսրայելի հետ, և այս շարքը անվերջ է։
Այս տրամաբանությունը մերժում էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում հայ-թուրքական արձանագրությունների հիման վրա, հենց այդ պատճառով այս արձանագրությունները վերջնականապես մահացան, ինչպես և՝ դեռ չսկսված մահացավ քրդերի հետ հաշտեցման գործընթացը»,- ասաց Բասքըն Օրանը։
Նրա խոսքով՝ ներկայումս կարգավորման հեռանկարներ չկան։ Այդ հեռանկարները կբացվեն, ըստ Օրանի, երբ Թուրքիայում իշխանություն փոխվի, որը կառաջնորդվի այլ գաղափարախոսություններով։