Հոգեբանը՝ Երևանում կատարվող իրադարձությունների նպատակների մասին
Հոգեբան Սամվել Խուդոյանը, անդրադառնալով վերջին օրերին Երևանում կատարվող իրադարձություններին, նշում է, որ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված հավաքի հիմնական նպատակը հստակ չէ:
«Տարբեր կարող են լինել հավաքը կազմակերպողի և ժողովրդի դիրքորոշումները: Կարծում եմ՝մարդիկ Նիկոլ Փաշինյանի հետ հավաքի են դուրս գալիս ոչ թե անձի, այլ խորհրդային տարիներից եկած կառավարման համակարգի դեմ: Ժողովուրդը պայքարում է կոռուպցիայի, որոշ կառույցների աշխատանքի և այս կարգի շատ երևույթների դեմ»,- ասաց Խուդոյանը՝ հավելելով, թե հավաքի, նախաձեռնության ծրագիրն ինչ-որ առումով անհասկանալի է:
Նրա կարծիքով՝ չի հստակեցվում, թե որն է հիմնական նպատակը, և անհասկանալի է այդ հավաքի վերջը: Խուդոյանը երկրի համար մեծապես կարևորեց արտաքին կապերը պահելը: «Ընդդիմությունը չի հստակեցնում՝ եթե ուզում է իշխանության հասնել, ինչպես պետք է լուծի Արցախի հարցը: Նրանք պետք է ներկայացնեն, թե արտաքին քաղաքականության մեջ ինչ կողմնորոշում են ունենալու »,- ասաց նա:
Խուդոյանը թե Սերժ Սարգսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունը գնահատում է հոյակապ. «Երեք նախագահներն էլ արտաքին քաղաքականությունում կարողացել են հավասարակշռություն ստեղծել: Նույնիսկ Վրաստանն է դա օրինակ բերել: Եթե ընդդիմությունն ուզում է իշխանության գալ և եթե խախտելու է այդ բալանսը, ավելի լավ է, որ չգա»: