Ովքեր են Ռուսաստանի ամենահարուստ բիզնեսմենները
Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի (ՆԼՄԿ) սեփականատեր Վլադիմիր Լիսինը, Forbes հանդեսի վարկածով, երրորդ անգամ գլխավորել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշը: Նրա կարողությունը գնահատվում է 19,1 մլրդ դոլար:
Ավելի վաղ Լիսինը վարկանիշը գլխավորել է 2010 եւ 2011 թվականներին։ Երկրորդ տեղն զբաղեցրել է «Սեւերստալի» սեփականատեր Ալեքսեյ Միլլերը՝ 18,7 մլրդ դոլար կարողությամբ: 2017 թվականի վարկանիշի առաջատար Լեոնիդ Միխելսոնը, որը «Սիբուր» նավթաքիմիական ընկերության եւ «Նովատեկ» գազի ընկերության հիմնական սեփականատերն է, 2018 թվականին իջել է ցուցակի երրորդ դիրք. նրա կարողությունը գնահատվում է 18 մլրդ դոլար:
Թոփ-10-ում նաեւ տեղ են գտել «Լուկօյլ»-ի նախագահ Վագիթ Ալեքպերովը (16,4 մլրդ դոլար), «Սիբուր»-ի եւ «Նովատեկ»-ի գծով Միխելսոնի գործընկեր Գենադի Տիմչենկոն (16 մլրդ դոլար), «Նորիլսկի նիկել»-ի համասեփականատեր Վլադիմիր Պոտանինը (15,9 մլրդ դոլար), «Եվրոխիմ»-ի ռազմավարության կոմիտեի նախագահ Անդրեյ Մելնիչենկոն (15,5 մլրդ դոլար), LetterOne Holdings-ի եւ «Ալֆա-Գրուպ»-ի համասեփականատեր Միխայիլ Ֆրիդմանը (15,1 մլրդ դոլար), UC Rusal-ի բաժնետեր Վիկտոր Վեկսելբերգը (14,4 մլրդ դոլար) եւ «Մետալլոինվեստ»-ի հիմնական սեփականատեր Ալիշեր Ուսմանովը (12,5 մլրդ դոլար): Վարկանիշի մասնակիցների միագումար կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է 25 միլիարդով եւ կազմել 485 մլրդ դոլար: Ռուսաստանում մեկ տարում նաեւ ավելացել է միլիարդատերերի թիվը՝ 96-ից հասնելով 106-ի: