Նիկոլ Փաշինյանի կոչը՝ ընդդիմադիր ուժերին

«Սերժ Սարգսյանի ապահոված անվտանգությունը քարոզչական փուչիկ է և մենք պետք է անվտանգության նոր երաշխքիներ ստեղծենք ՀՀ-ում, քանի դեռ այդ փուչիկը չի պայթել և կործանման եզրին հասցրել մեր սիրելի հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»,- Ազատության հրապարակում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Մեր անվտանգությունը կարող է հիմնված լինել բացառապես ուժեղ, ազատ և ինքնիշխան քաղաքացու վրա»,- ընդգծեց նա։

Փաշինյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը տանուլ է տվել Հայաստանի անվտանգությունը, և հիմա իրենց խնդիրն է համակարգը փոխելը. «Մենք պետք է այնպիսի փոփոխություններ իրականացնենք, որ ընտրությունների արդյունքները որևէ մեկի մոտ կասկած չհարուցեն։ Սա պետք է լինի մեր համակարգային փոփոխությունը»։

«Դու քանդել ես մեր անվտանգությունը, Սերժ Սարգսյան»,- հայտարարեց Փաշինյանը։

Փաշինյանը նկատեց՝ Հայաստանում շաքարավազի մենաշնորհը վերացնելու համար 15 րոպե է պետք. «Դրա համար պետք է զանգել «Քարֆուր» ընկերության տնօրենին և ասել՝ ձեր վրա դրված արգելքը հանված է։ Պատկերացնո՞ւմ եք՝ «Քարֆուր» ընկերությունը աշխարհի խոշորագույն շաքարավազի մատակարարներից է, բայց նրան Հայաստանում թույլ են տվել գործել միայն մի պայմանով, որ նա շաքարավազ չի ներկրելու Հայաստան, որպեսզի Սերժ Սարգսյանն այդ մենաշնորհներով հարստանա և մարդկանց 5000 դրամներ բաժանելով ստրկացնի»։

«ՀՀ-ում ոչ մի ներդրում չի լինելու, քանի դեռ Սաշիկի գործոնը չի վերացել։ Կվերանա Սաշիկի գործոնը՝ կլինեն ներդրումներ։ Մեր խնդիրն է վերացնել այդ գործոնը և Հայաստանը դարձնել մրցակցային տնտեսությամբ պետություն»,-ընդգծեց նա։

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ընդդիմադիր ուժերին գալ Ազատության հրապարակ: Նա այդ կոչն առաջին հերթին ուղղեց «Ելք» դաշինիքի իր գործընկերներին՝ «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին:

Տեսանյութեր

Լրահոս