Ապրիլի 14-ին շաբաթօրյակի հետ միաժամանակ կկազմակերպվի նաև համահայաստանյան ծառատունկ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության գործունեության արդյունավետությունն ապահովելու և ՀՀ մարզպետարանների միջև միաժամանակյա կոնֆերանս տեսազանգերի ապահովման, ՀՀ մարզերի խնդիրների բացահայտման, համայնքներում ծառայությունների հասանելիության մեծացման, առկա խնդիրների լուծման ուղիների լուսաբանման, գիտելիքների արագ փոխանակման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նախարարությանը՝ վիդեոկոնֆերանսի ծառայությունների և դրանց կազմակերպման համար անհրաժեշտ համապատասխան սարքավորումների ձեռք բերման համար:
Ըստ հիմնավորման՝ այն կնպաստի նախարարության և ՀՀ մարզպետարանների միջև միաժամանակյա կոնֆերանս տեսազանգերի ապահովմանը, վերապատրաստման ծառայությունների օնլայն մատուցմանը, գիտելիքների արագ փոխանակմանը, գործուղումների թվի կրճատմանը և աշխատակազմի գործուղումների և շրջագայությունների ծախսերի նվազմանը:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, դիմելով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանին՝ հանձնարարել է շաբաթ օրը՝ ապրիլի 14-ին, կազմակերպել հանրապետական շաբաթօրյակ: Իր հերթին, ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն էլ առաջարկել է հանրապետական շաբաթօրյակի շրջանակում իրականացնել նաև ծառատունկ, քանի որ ապրիլի 14-ից հայտարարված է համահայաստանյան ծառատունկ: