«Սերժ Սարգսյանին պետք չէ բախումներով վարչապետ դառնալ». քաղտեխնոլոգ
«Այսօր Հայաստանի ժողովուրդը պատրաստ չէ մոբիլիզացվելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ խոսելով ընդդիմադիր ուժերի նախաձեռնած բողոքի ակցիաների մասին:
Նրա խոսքով՝ ընդդիմությունն առանց ժողովրդին մոբիլիզացնելու կարող է իշխանափոխություն իրականացնել միայն այն դեպքում, եթե ունենա արտաքին քաղաքական կենտրոնների աջակցությունը. «Իսկ այդ աջակցությունը մենք չենք տեսնում: Այսինքն՝ եթե չկա դրսի աջակցությունը, իսկ ժողովուրդն էլ չի մոբիլիզացվում, ապա ընդդիմադիր ուժերի գործողությունները մնում են՝ զուտ որպես գործողություններ, ուրիշ ոչինչ»:
Խոսելով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի այն կոչի մասին, որ իրենք պետք է ԱԺ շենքը պաշարեն և թույլ չտան պատգամավորներին ներս մտնել և քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին՝ Ա. Բադալյանն ասաց.
«Եթե դու ունես 100 հազարանոց ժողովուրդ և դրսի աջակցությունը, բնականաբար, իշխանությունն առանց ԱԺ ապաշրջափակման՝ չի առաջադրի նախկին նախագահին վարչապետի պաշտոնում: Բայց այսօր չկա այդ 100 հազար մարդը, և դրսի աջակցությունը ևս չկա: Միգուցե մի 1000 հոգի դուրս եկան, շրջափակեցին, հաստատ ՀՀ-ի ՊՊԾ ծառայությունը և Ոստիկանությունն ավելի շատ մարդ ունեն այդ շրջափակման փորձը կանխելու համար, և կկանխեն այդ փորձը, և տեղի կունենա նորմալ քվեարկություն»:
Հարցին՝ դա բախումների չի՞ հանգեցնի՝ քաղտեխնոլոգն այսպես արձագանքեց. «Ես չեմ կարծում՝ բախումներ կլինեն, որովհետև 1000 հոգու հետ բախվել պետք չէ, Ոստիկանությունը որոշակի ուժ կարող է գործածել զուտ կանխարգելելու համար, որովհետև Սերժ Սարգսյանին պետք չէ բախումներով վարչապետ դառնալ: Ընդամենը որոշակի ուժ կկիրառվի՝ բացելու համար ԱԺ-ի դարպասները կամ դռները»:
Մեր ճշտող հարցին՝ ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ Ս. Սարգսյանին պետք չէ բախումներով վարչապետ դառնալ, Ա. Բադալյանն այսպես պատասխանեց.
«Որովհետև Սերժ Սարգսյանն իր բոլոր հարցերը լուծել է, լրացուցիչ խնդիր ինչի՞ առաջացնի: Ս. Սարգսյանը զգացմունքային գործիչ չէ, նա շատ սառը հաշվարկով, շախմատային խաղով իր բոլոր հարցերը լուծել է, ու լրացուցիչ հակափիար իրեն ձեռք չի տա»:
Ա. Բադալյանի խոսքով՝ այսօր ՀՀ-ում 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կրկնության անգամ 1 տոկոսը չկա.
«Երբ երկրի ներսում չկա պարարտ հող որևէ գործողություն իրականացնելու համար, դառնում է անիմաստ Մարտի 1-ը: Մարտի 1-ի ժամանակ կար, 200-300 հազարանոց մեծ հանրահավաքներ էր տեղի ունենում: Գնացեք Ազատության հրապարակ՝ տեսեք՝ այդքանի 10 տոկոսը կա՞»: