«Մի շարք խնդիրների դիտարկումից հետո ԵՄ-ն կսկսի վիզային ազատականացման բանակցությունները Հայաստանի հետ». Չարնեցկի
«Եվրամիությունն ընդհանուր առմամբ պետք է բոլոր ասպեկտների վերլուծությունից հետո եզրահանգման գա և համոզված լինի, որ ճիշտ որոշում է կայացնում Հայաստանի վերաբերյալ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ռիչարդ Չարնեցկին՝ անդրադառնալով վիզային ազատականացման ՀՀ-ԵՄ բանակցությունների մեկնարկի հնարավոր ժամկետներին:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վիզաների ազատականացմանը, ԱԳ նախարարի տեղակալ (ԺՊ) Կարեն Նազարյանն ասել է, որ «վիզային ազատականացման բանակցությունների մեկնարկի ժամկետների խնդիրը գտնվում է անդամ երկրների իրավասության ներքո, և այս հարցում, անշուշտ, համաձայնագրում հստակորեն ձևակերպված է վիզաների ազատականացման, երկխոսության մեկնարկի անհրաժեշտությունը համապատասխան ժամկետներում, և այս հարցն առանձին քննարկում կունենա ԵՄ անդամ երկրների շրջանակներում, որից հետո ձեռնամուխ կլինեն արդեն համապատասխան գործողության ծրագրի մշակմանը»։
Իսկ թե երբ կտրվի քաղաքական մանդատ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի համար, Կարեն Նազարյանը դժվարացել է նշել կոնկրետ ժամկետ, հույս հայտնելով, որ դա տեղի կունենա այս տարվա ընթացքում: Հարցին, թե արդյոք կա՞ն խոչընդոտներ, Կարեն Նազարյանը պատասխանել է, թե խոչընդոտները ժամկետներն են:
Նշենք նաև, որ ավելի վաղ, երեկ ՀՀ նախագահի լիազորություններն ավարտած Սերժ Սարգսյանն ասել էր, որ բանակցությունները գուցե սկսվեն 2018 թվականի առաջին կեսին: Ըստ նրա՝ դրանք կտևեն 2-3 տարի:
Ռիչարդ Չարնեցկին հույս հայտնեց, որ այդ բանակցությունները կսկսվեն տարեվերջին և աշնանից ոչ շուտ: Իրականում, ըստ եվրոպացի պատգամավորի, այդ ժամանակն անհրաժեշտ է որոշ երկրների՝ կազմակերպելու իրենց խնդիրները վիզաների հետ, քանի որ այդ երկրները միգրացիայի հետ կապված լուրջ խնդիրներ ունեն, որից հետո Հայաստան-Եվրամիություն բանակցությունների մեկնարկի համար համապատասխան մանդատ կտրվի Եվրահանձնաժողովի կողմից:
«Բացի առանձին երկրներում սպասվող փոփոխություններից, ժամանակ է անհրաժեշտ ուսումնասիրելու համար Արևելյան գործընկերության անդամ մյուս երկրներին` Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին տրված վիզային ազատականացման գործընթացի հետևանքները` շտկումներ իրականացնելու համար, տվյալներ են հավաքագրվում, որոնք վերլուծում են համապատասխան մասնագետները:
Հայաստանը ևս պետք է հարմարեցնի իր օրենսդրությունը Եվրամիության հետ վիզային ազատականացմանն այնպես, որպեսզի նվազագույնի հասցնի վիզային ազատականացման գործընթացի բացասական հետևանքները: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Հայաստանն ունի արտագաղթի որոշակի մակարդակ, և հասարակության շրջանում ցանկություն՝ լքելու երկիրը, իսկ վիզային ազատականացումը սովորաբար նպաստում է այդ միտումներին, ուստի այս հարցը պետք է մտածելու առիթ տա հայ պաշտոնյաներին:
Եվրամիությունն ընդհանուր առմամբ պետք է բոլոր ասպեկտների վերլուծությունից հետո եզրահանգման գա և համոզված լինի, որ ճիշտ որոշում է կայացնում Հայաստանի վերաբերյալ: Հայ միգրանտների վարքը ևս ուսումնասիրվում է, Հայաստանի ներքին խնդիրները, հնարավոր հետևանքները և այլն, որպեսզի Եվրամիությունը հետագայում չկանգնի ազատ վիզային ռեժիմը դադարեցնելու խնդրի առջև:
ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի լիբերալիզացիան մասշտաբային բարեփոխումներ ու համատեղ ջանքեր է պահանջում բանակցող կողմերից: Բանակցություններից և վիզային ռեժիմի հաստատումից հետո ևս ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի իր պատասխանատվությունը, հասկանա, որ սրանք հեշտ գործընթացներ չեն, և ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմին պետք է խնամքով վերաբերվել, չխախտել պայմանները, ինչը չարեցին Վրաստանի քաղաքացիները:
Քաղաքացին պետք է հասկանա, որ այդ ձեռքբերմանը պետք է խնամքով վերաբերվել, քանի որ ոչ միայն իրենք, այլև ապագա սերունդներն են դրանից օգտվելու, մոտիկից առնչվելու եվրոպական քաղաքակրթությանը»,- նման կարծիք հայտնեց Չարնեցկին: