Մոսկվայի ակնկալությունն ու Անկարայի ռիսկային խաղերը
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը վերլուծական հոդվածով անդրադարձել է Սիրիայում քրդական տարածքների շուրջ ստեղծված իրավիճակին և այդտեղ, մասնավորապես, Ռուսաստանի և Թուրքիայի դերակատարությանը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածը։
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի հայտարարությունը, թե ՌԴ-ն ակնկալում է, որ Թուրքիան սիրիական Աֆրինը հանձնի սիրիական ուժերի վերահսկողությանը, խոսում է մերթ ընդ մերթ երեւացող ռուս-թուրքական շահերի բախման հերթական կետի մասին։ Լավրովն հավելել է, թե Թուրքիայի նախագահը երբեք չի ասել, որ Թուրքիան նպատակադրել էր գրավել Աֆրինը եւ այդ կապակցությամբ հիշեցրել Մոսկվայի ակնկալությունը Աֆրինը վերահանձնել սիրիական կառավարական ուժերին։
Պարզ է դառնում, որ ռուս-թուրքական համաձայնությամբ կայացած Աֆրինի գրավումը պայմանային տարրեր էր պարփակում։ Ռուսները թողել են, որ Անկարայի ուժերը ներխուժեն Աֆրին, տեղահանեն քրդերին, կազմակերպեն ջարդ ու գրաւեն տարածքն ամբողջությամբ եւ հետո այն հանձնեն սիրիական կառավարական ուժերին։
Հակառակ ամենաբարձր օղակներից հնչած հայտարարություններին, թուրքական զորքերը չեն տեղաշարժվում դեպի Մանբիջ։ Ամերիկյան ռազմական հենակետերն այնտեղ են եւ դա թույլ չի տալիս Անկարային անարգել արշավել տարածք եւ կատարել Մանբիջի «աֆրինացումը»։
Հիմա ուրեմն, Անկարան կարող է հայտնվել ռազմաքաղաքական աքցանում. եթե բավարարի ռուսական ակնկալությունը, այդ դեպքում նա կթողնի Աֆրինը եւ հետեւաբար հետ կկանգնի Մանբիջի գրավման ծրագրից։ Ստացվում է այն, որ եթե Թուրքիան խնդիր էր դրել Աֆրինի քրդաթափումը, ապա այն դրան հաջողվել է. իսկ եթե խնդրո առարկա տարածքը իր վերահսկողության տակ առնել, դա չի իրականացել։
Հիմա առավել եւս ընկալվում է Թեհրանի չարգելակելը Թուրքիայի արշաւանքին դեպի Աֆրին. Թեհրանը եւս չեր արգելակել ներխուժումը, բայց ակնարկել թուրքական զորքերի հեռացման անհրաժեշտությանը։
Այս բոլոր գործընթացներում առավելաբար խոսվում էր քրդական խաղաթղթային գործոնի մասին։ Շեշտվում է համակողմանիորեն, որ քրդերը հերթական անգամ մանրադրամի դեր էին վերցրել իրենց վրա եւ թանկ վճարել այդ հանգամանքի համար։
Հիմա ռուսական պահանջի հիշեցումը խոսում է Անկարայի նմանատիպ դեր վերցնելու մասին. բայց թուրքերը հայտնաբար իմանալով դա, գնացել էին այդ խաղին։ Նախադրյալները հուշում են, որ նախօրոք գոյացել էր համաձայնություն այդ մասին. տարածքը մաքրազտել քրդերից, հետո քրդաթափված տարածքը հանձնել Դամասկոսի ուժերին։ Հիմա Անկարան ձգձգում է այդ համաձայնության կատարումը, հուսալով որ Դամասկոսի ուղղությամբ ամերիկյան որեւէ հարված ռազմական ընդհարումները կտեղափոխի ռուս-ամերիկյան հարթություն, եւ այդ դեպքում թուրքական զորքերի հեռացման հրամայականը կգնա երկրորդ պլան։
Թվում է, որ ռիսկային այս խաղերը շատ երկարատեւ չեն լինելու։ Անկարան կա՜մ կբավարարի ռուսական պահանջը, կամ էլ՝ կվերանայվեն ռուս-թուրքական մերձեցման հիման վրա ընթացող համաձայնեցված գործողությունների ծրագրերը։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր