«Քանի դեռ Սերժ Սարգսյանն առաջիկա մեկ շաբաթը համեմատաբար ավելի ազատ գրաֆիկով է անցկացնելու, լավ կլինի, որ նա ավելի շատ այցելի ցուցահանդեսներ, թատրոններ». Ռուբեն Բաբայան
Այսօր լրացավ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը, և նույն օրը կառավարման նոր համակարգում նոր նախագահի լիազորությունները ստանձնեց Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունն այսօր անցում կատարեց լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի, իսկ նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնեց Ազգային ժողովի հատուկ նիստում կայացած երդման հանդիսավոր արարողությամբ:
Նորանշանակ նախագահ Արմեն Սարգսյանի երդման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, որին հրավիրված էր ավելի քան 1200 հյուր՝ ինչպես ՀՀ քաղաքական վերնախավից, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներից և մտավորականներից, այնպես նաև՝ մեծ թվով արտասահմանյան պատվիրակություններ:
168.am-ը հեռախոսազրույց ունեցավ ՀՀ նախագահի երդմնակալության արարողության մասնակից, Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանի հետ, ով մեզ հետ զրույցում նկատում է՝ նոր նախագահի երդման արարողություն է, զուտ պաշտոնական արարողակարգ, որից առանձնապես մեծ տպավորություններ սպասել պետք չէ, և հավելում. «Համենայն դեպս ինձ համար մի քանի շատ դրական երևույթներ տեղի ունեցան՝ այն, որ չորրորդ նախագահը իր խոսքում նույն շարքում նշեց նախորդ երեք նախագահների անունները: Սա միանշանակ շատ դրական երևույթ էր, և տա Աստված, որ ավանդույթ դառնա:
Դրական երևույթների մեջ կարող եմ նկատել նաև՝ նոր նախագահի երդմնակալությունը տեքստային առումով բավական կարճ և լակոնիկ էր: Այն, որ իր երդմնակալության ելույթի մեջ նոր նախագահը Հայաստանը տեսնում էր հավասարը հավասարի հետ՝ ժողովուրդների ընդհանուր ընտանիքում, նույնպես նկատելիորեն դրական և կարևոր մոտեցում էր: Նմանապես կարևոր էր նաև այն հանգամանքը, որ նա հայտարարեց, որ իր քաղաքականությունը կառուցելու է՝ երկխոսություն հաստատելով հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչների հետ:
Այս ամենը, իհարկե, շատ լավ էր, բայց ես, որպես կանոն, ավելի շատ ուրախանում եմ ոչ թե բառերից, այլ դրանց իրականացումից, այսինքն՝ գործերից: Աստված տա, որ խոսքը չմնա միայն խոսքերի մակարդակում, որովհետև կյանքը ցույց տվեց, որ մենք սովոր ենք անընդհատ լսել շատ սիրուն ու ճիշտ ելույթներ, որոնց մեջ իրականության չափաբաժինը շատ աննշան տեղ է զբաղեցնում: Շատ հաճախ սեփական օրինակն ու պահվածքը կարող են շատ ավելի մեծ դեր խաղալ, քան այն լծակները, որ դու ունես»:
Անդրադառնալով նոր նախագահի կողմից ստանձնած ինչպես՝ կարևոր ու պատասխանատու, այնպես նաև՝ դժվարին պարտականություններին՝ Ռուբեն Բաբայանը նկատում է՝ յուրաքանչյուր նոր ղեկավար, ով գալիս է ստանձնելու երկրի կառավարումն ու իշխանությունը, պետք է սկսի ոչ թե նախորդի կատարած աշխատանքն ամբողջովին ջնջելուց, այլ փորձ անի շարունակելու այն լավը, որ եղել է, ու վերացնի վատը, որը նույնպես եղել է, և սա վերաբերում է ոչ միայն երկրի ղեկավարին, այլ նաև նախարարներին:
Ամփոփելով արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիների ձեռքբերումներն ու բացերը՝ մեր զրուցակիցն առանձնացնում է. «Սերժ Սարգսյանի ղեկավարած վերջին տասը տարիների դրական ձեռքբերումներից կարող եմ նշել այն, որ մեր հասարակությունն արտահայտվելու տեսակետից դարձավ ավելի ազատ: Կարծում եմ՝ այս առումով նախորդ նախագահների հետ համեմատությունները Սերժ Սարգսյանի օգտին են:
Տնտեսական առումով երևի ավելի մասնագիտական վերլուծություններ կանեն հենց տնտեսագետները, բայց ելնելով այն հանգամանքից, որ Կառավարությունը վերջին երկու տարիների համար արձանագրել է 7 տոկոսանոց աճ, ապա անձամբ իմ կարծիքով՝ ես, իմ նման շատ մարդիկ ու նաև թոշակառուները այդ աճն իրենց վրա չեն զգում: Միգուցե այդ աճը գրանցվել է կոնկրետ այլ խավերի համար, բայց վստահ եմ՝ ոչ հասարակ քաղաքացիների համար, իսկ ես լիազորված եմ խոսելու իմ, իմ ընտանիքի ու իմ թատրոնի անունից:
Արտաքին հարաբերությունների զարգացման առումով կարող եմ նկատել՝ ես այն եզակի մարդկանցից էի, ով ողջունեց տարիներ առաջ նախկին նախագահի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արված, այսպես ասած՝ «ֆուտբոլային դիվանագիտության» քայլը, անկախ դրա գրանցած արդյունքներից: Ես ողջունում էի նաև Եվրոպային անդամակցությանն ուղղված նախկին նախագահի ջանքերը՝ սկսած ասոցիացման պայմանագրի արձանագրումից, մինչև արդեն անդամակցության հասնել էր, թեև կարծում եմ, որ այս ճանապարհին մենք դեռ անելու շատ քայլեր ունենք, սկսած իշխանություններից, մինչև հասարակական տարբեր շերտեր:
Եթե անկեղծորեն խոստովանենք, ապա պետք է նկատենք, որ մեր հասարակության նկատելի լայն շերտեր դեռևս շարունակում են գտնվել մեկ այլ քաղաքակրթական դաշտում, երբ երկրում կատարվող յուրաքանչյուր շարժ՝ ձեռքբերում կամ ձախողում, կապվում է միայն մեկ անձի՝ թագավորի հետ, ում թվում է, թե իր սեփական իրավունքները ինչ որ-մեկը պետք է տա կամ վերցնի, և այլն:
Շարունակելով արտաքին քաղաքականության թեման՝ եթե հիշում եք, ես բացարձակ չողջունեցի Եվրասիական միությանն անդամակցումը, ոչ թե տնտեսական կամ անվտանգության նկատառումներից, այլ միայն քաղաքակրթական հարցերից ելնելով: Ես հիմա էլ համարում եմ, որ դա մեր դաշտը չէ, և շատ ու շատ երևույթներ՝ կապված կոռուպցիայի, մենիշխանության, իշխանական համակարգում փոփոխությունների բացակայության հետ, բոլոր դեպքերում գալիս է նրանից, որ մենք գտնվում ենք հենց այդ քաղաքակրթական դաշտում»:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ որդեգրած քաղաքականությանը՝ պարոն Բաբայանն ընդգծում է.
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, կարծում եմ, նախկին նախագահի դիրքորոշումը կարելի է որակել՝ որպես շատ ճիշտ: Ես բազմիցս կրկնել եմ և, թեև արդեն հոգնել եմ, բայց չեմ դադարի կրկնել՝ Ղարաբաղյան հարցի լուծումը ես կրկին տեսնում եմ նախևառաջ քաղաքակրթական դաշտում: Մենք միայն մի կերպ կարող ենք հաղթել մեր ընդդիմադիրներին՝ գտնվելով ուրիշ քաղաքակրթական դաշտում, ամեն օր ապացուցելով, որ այս փոքրիկ հողակտորը՝ կոչվի դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, թե Արցախի Հանրապետություն, թե Հայաստանի Հանրապետության մի մաս, իր էությամբ կտրուկ տարբերվում է մեր հարևանությամբ գտնվող Ադրբեջանից:
Կարծում եմ՝ Արցախը նույնպես խնդիր ունի՝ քաղաքականությամբ և տնտեսությամբ դառնալու լիարժեք ազատ երկիր, այսինքն՝ այս առումով այնտեղ ևս անելիքները շատ են: Գիտե՞ք, ես նույնիսկ կգերադասեի, որ Արցախը ազատության և առաջընթացի առումով մի քայլ առաջ ընկներ Հայաստանից, հետևաբար՝ միայն այս ձևաչափով եմ ես տեսնում Արցախի հարցի լուծումը»:
Անդրադառնալով նրան, որ երկարամյա պաշտոնավարման ավարտից հետո՝ այսօրվանից սկսած առաջիկա օրերի ընթացքում, նախկին նախագահը քաղաքական որևէ պաշտոն չի ստանձնի, այլ կլինի պարզապես ՀՀ քաղաքացի, պարոն Բաբայանը նկատում է. «Կարծում եմ՝ անկախ նրանից՝ դու նախագահ ես, թե հավաքարար, միևնույն է, առաջին հերթին՝ մնում ես ՀՀ քաղաքացի:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե պարոն Սարգսյանն այս օրերին որևէ պաշտոն այնուամենայնիվ չի ստանձնում, ապա դա մեծ խնդիր չէ՝ մեկ շաբաթից կրկին պաշտոն կստանձնի, ի՞նչ է եղել, ի՞նչ մի դժվար բան է՝ համբերել մեկ շաբաթ: Հիմա ի՞նչ, այն, որ Սերժ Սարգսյանը մեկ շաբաթ հասարակ քաղաքացի է լինելու մենք փոխելո՞ւ ենք ամբողջ երկիրը: Իրականում դա այդպես չէ: Եկեք սթափ նայենք ու հասկանանք, որ այս մեկ շաբաթվա ընթացքում որևէ մեկին իշխանությունը հենց այնպես չի տրվելու, որովհետև այդ իշխանությունը փողոցում թափված չէ, որ որևէ մեկը գնա ու հավաքի այն, ինչպես դա արեց Լենինը՝ 1917 թվականին: Նման բան չի լինելու:
Պարզապես մեկ շաբաթվա ընթացքում նա օֆիցիալ կարգով չի լինելու հանրապետության ղեկավար կազմում, բայց լինելու է, չէ՞… պարզ է, որ կլինի: Եվ առհասարակ, ինձ համար այս պահին ավելի շատ կարևոր է ոչ թե այն, թե նա կլինի՞ ղեկավար կազմում, թե՞ չի լինի, այլ ավելի կարևոր է, թե ինչպիսի՞ ղեկավար նա կլինի:
Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, անկախ նրանից, թե ինչպես է նախկինում իրեն դրսևորել, երբեք խաչ քաշել չի կարելի: Ես սա չեմ տարածում՝ որպես համապարփակ ճշմարտություն, այլ իմ սկզբունքն է այդպիսին՝ մարդու մեջ միշտ կա մարդ, պարզապես այն պետք է արթնանա, իսկ դրա համար պետք է շատ շփվել մշակույթի հետ: Այնպես որ, քանի դեռ Սերժ Սարգսյանն առաջիկա մեկ շաբաթը համեմատաբար ավելի ազատ գրաֆիկով է անցկացնելու, և առհասարակ, քանի որ նա ազատ մարդ է, լավ կլինի, որ նա ավելի շատ այցելի ցուցահանդեսներ, թատրոններ, և այլն, դրանից էլ լավ բա՞ն»:
Տեղեկացնենք, որ այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում կայացած երդման հանդիսավոր արարողությամբ Արմեն Սարգսյանը պաշտոնապես ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը, ինչին արդեն կհետևի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հրաժարականը: Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: Ապրիլի 9-16-ը ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման ժամկետն է, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանը բաց անվանական քվեարկությամբ կընտրի ՀՀ վարչապետին: