Ինչ կփոխի Ռուսաստանը՝ ՀՀ-ում նոր դեսպանի նշանակմամբ
«Ռուսաստանը շարունակում է Հայաստանում առաջ տանել իր քաղաքականությունը՝ միևնույն տրամաբանությունից ելնելով»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Հայաստանում ՌԴ նոր դեսպանի նշանակմանը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Սերգեյ Կոպիրկինը՝ փոխարինելով Իվան Վոլինկինին: Նոր դեսպանը, ըստ ռուսական լրատվամիջոցների, ավելի վաղ զբաղեցրել է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնը:
Նշենք նաև, որ Իվան Վոլինկինը մինչ Հայաստանում դիվանագիտական առաքելության անցնելը վտարվել էր Վրաստանից, որտեղ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նրան մեղադրել էր հեղաշրջում կազմակերպելու մեջ:
Դեսպան Վոլինկինի հայաստանյան ամենաաղմկահարույց հայտարարություններից մեկը Մոսկվայում լույս տեսնող հայկական «Ноев Ковчег» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում նրա անդրադարձն էր ՀՀ-ում գործող հ/կ-ներին, մասնավորապես, նա ասել էր.
«Վստահ եմ, որ Ռուստաստանը պետք է ավելի ակտիվորեն հայտարարի Հայաստանի տեղեկատվական դաշտում իր ներկայության մասին: Այս առումով որևէ կասկած չկա: Սակայն, հավանաբար, պետք է նաև այլ մեթոդներով զբաղվել Հայաստանում գործող այն հասարակական կազմակերպությունների չեզոքացմամբ, որոնք ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում: Ռուսաստանում, օրինակ, օրենք է ընդունվել, որը շատ հստակ կարգավորում է հ/կ-ների գործունեությունը»:
Պակաս ուշագրավ չէր նրա մեկ այլ դիտարկում:
Ռուսաստանցի հայրենակիցների 7-րդ համաժողովի ժամանակ Ուկրաինայի և Ղրիմի մասին խոսելիս՝ Վոլինկինն ասել էր, որ Մոսկվան կկասեցնի իր բարեկամ երկրների ներքին գործերին Ռուսաստանի մտքերին ու սրտերին խորթ գաղափարներ ներդնելու պատրվակով կատարվող ցանկացած ագրեսիվ միջամտություն։
Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանում առաջ տանել իր քաղաքականությունը՝ միևնույն տրամաբանությունից ելնելով, համաձայն որի՝ Հայաստանում ռուսական դիվանագիտական աշխատանքի փոփոխություն չի ակնկալում, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները կողմերի համար գոհացուցիչ տեմպերով զարգանում են, սակայն դիվանագետը ԵՄ-ի հետ աշխատելու փորձ պետք է ունենա:
Նրա խոսքով, Հայաստանն ու Ռուսաստանը, ինչպես նախկինում են կարողացել հստակեցնել խնդիրներն ու լուծել դրանք, այնպես էլ շարունակելու են դա անել:
«Նորանշանակ դիվանագետի աշխատանքային փորձը Եվրամիությունում նշանակում է, որ Ռուսաստանը կարևորում է Հայաստանում դիվանագետի լավ աշխատանքը, իսկ Եվրամիությունում վերջին տարիների ընթացքում Ռուսաստանը պասիվ, անկարող դիվանագետ ունենալ չէր կարող:
Այս նշանակումը ցույց է տալիս, որ Հայաստանում Ռուսաստանին հարկավոր է եվրոպական անցուդարձը հասկացող դեսպան, քանի որ Հայաստանը Եվրամիությանն ընդառաջ քայլ է կատարել՝ համագործակցության ընդլայնմանն ուղղված նոր համաձայնագիր ստորագրելով, վիզային ազատականացման բանակցություններ սկսելով:
Այս ամենը, բնականաբար, տեղի է ունեցել նաև Ռուսաստանի անուղղակի մասնակցությամբ, սակայն Ռուսաստանը կարևորում է, որ այսուհետ ևս Հայաստանում աշխատող ռուս դեսպանը նկատի ՀՀ-ԵՄ հարաբերությունների նրբությունները, որոնք գուցե անտեսվեն դիվանագետի կողմից, ով ԵՄ-ում աշխատանքի փորձ չունի»,- նման տեսակետ հայտնեց Տարասովը:
Վերջինիս համոզմամբ՝ Վոլինկինի նշանակումը ևս այդ տրամաբանության շրջանակում էր:
Սակայն Ստանիսլավ Տարասովը նկատում է նաև, որ փոփոխությունը կատարվում է մի ժամանակաշրջանում, երբ ՌԴ պաշտոնյաները սկսում են ընդունել, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում որոշ սխալներ են թույլ տվել, որը վերաբերում է անվտանգության ոլորտին:
«Այդ մասին վերջին շրջանում երկու բարձրաստիճան ռուս խորհրդարանականներ խոսեցին: Դրանք խնդիրներ են, որոնք առաջացել են վերջին մի քանի տարիների ընթացքում, և Ռուսաստանը գիտակցել է, որ այդ խնդիրները պետք է լուծվեն: Այսինքն` բացի այն, որ նույն քաղաքականությունը շարունակվում է, կան նրբություններ, որոնք նոր դեսպանի նշանակմամբ պետք է փոխվեն, քանի որ ռուսական կողմը սխալվել է իր հաշվարկներում»,- ասել է Տարասովը: