«Հայաստանը ճիշտ քաղաքականություն է վարում ռուսական և արևմտյան ուղղություններով, ինչը ՀՀ-ին անվտանգ է դարձնում». Թուրք քաղաքագետ
«Ռուս-թուրքական հագեցած հարաբերությունները թուլացնում են Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի նկատմամբ, իսկ Ադրբեջանը ցանկացած հարմար առիթի դեպքում փորձում է Թուրքիային պարտադրել ինչ-որ քայլեր ԼՂ հակամարտության կարգավորման համար, սակայն երևում է նաև, որ վերջին շրջանում ադրբեջանական այդ հորդորներն անտեսվում են»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքագետ Միթաթ Չելիքփալան՝ անդրադառնալով ռուս-թուրքական մերձեցմանն ու հայկական շահերին:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-4-ին երկօրյա այցով Թուրքիայում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ով մարտի 18-ին ՌԴ-ում անցկացված նախագահական ընտրություններում հաղթանակից հետո առաջին օտարերկրյա այցը կատարեց Թուրքիա:
Միթաթ Չելիքփալայի գնահատմամբ՝ մասամբ սխալ են վերլուծություններն այն մասին, որ Ռուսաստանն ու Թուրքիան խորացնելով իրենց հարաբերությունները միմյանց հետ՝ փորձում են «դասեր տալ» Միացյալ Նահանգներին: Ըստ նրա, երբ Թուրքիան և Ռուսաստանը լարված հարաբերություններ չունեին ԱՄՆ-ի հետ, ուրվագծել էին հարաբերությունների ընդարձակ օրակարգ, որն էլ ներկայումս իրականացնում են:
«Ռուս-ամերիկյան, թուրք-ամերիկյան հարաբերությունները լարված են բոլորովին միմյանց հետ կապ չունեցող խնդիրների առկայության պատճառով, և ներկայումս կողմերը չեն անում ավելին, քան ծրագրված է եղել տարիներ առաջ»,- նման դիտարկում արեց թուրք քաղաքագետը: Սակայն, ըստ նրա, իշխանությունների շարքերում կան ոմանք, որոնք փորձում են այս ամենը կապել իրար և հավելյալ քաղաքական դիվիդենտներ քաղել, ինչպես Գյուլենի շուրջ զարգացումներն են, որով Թուրքիան փորձում է յուրահատուկ ժեստ անել Ռուսաստանին ընդառաջ և ԱՄՆ-ին սադրել:
«Գյուլենի հարցն ամենացավոտ թեման է Թուրքիայի համար, և կարելի է ասել, որ ամերիկյան կողմի աջակցությունը Գյուլենին սրեց թուրք-ամերիկյան հարաբերությունները, բայց դրանք ունեն լավ հեռանկար, քանի որ տարաձայնություններից բացի, կան համագործակցության լուրջ ոլորտներ և ընդհանրություններ»,- նշեց փորձագետը: Վերջինս, սակայն, նկատում է, որ վերջին շրջանում անդունդը երկու բևեռների` Թուրքիա-ՌԴ՝ մի կողմից, և ԱՄՆ-ի միջև խորանում է, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ, ընդհուպ՝ ամերիկյան պատժամիջոցներ Թուրքիայի նկատմամբ C-400-ի գործարքի համար:
«Անկախ ամենից, ռուս-թուրքական հարաբերությունները զարգանում են, կա մեծ առևտրատնտեսական ներուժ, որը երկրները փորձում են օգտագործել՝ անկախ ԱՄՆ-ի հետ հարաբերություններից»,- ասաց Չելիքփալան:
Անդրադառնալով խոսակցություններին, թե հայկական շահերը կստորադասվեն ռուս-թուրքական խորը օրակարգի հետևանքով` Չելիքփալան ասաց, որ նման վտանգ կարող էր լինել, եթե Թուրքիան հետաքրքրված լիներ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ և Ղարաբաղյան հակամարտությամբ:
«Սակայն Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի հետ առչնվող հարցերն ամենավերջին տեղերից մեկում են հայտնվել: Ռուս-թուրքական հագեցած հարաբերությունները նաև թուլացնում են Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի նկատմամբ, իսկ Ադրբեջանը ցանկացած հարմար առիթի դեպքում փորձում է Թուրքիային պարտադրել ինչ-որ քայլեր ԼՂ հակամարտության կարգավորման համար, սակայն երևում է նաև, որ վերջին շրջանում ադրբեջանական այդ հորդորներն անտեսվում են»,- նման տեսակետ է հայտնել թուրք քաղաքագետը:
Նրա կարծիքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն այնքան բալանսավորված է ներկայումս, այնքան ճիշտ քաղաքականություն է ընթանում ռուսական և արևմտյան ուղղություններով, որ Հայաստանը բավականին անվտանգ վիճակում է՝ հաշվի առնելով վտանգավոր և անկայուն տարածաշրջանը: