
Կառավարությունը հարկային արտոնություն տրամադրեց «Ալեքս տեքստիլ» ընկերությանը

Կառավարությունը բավարարեց «Ալեքս տեքստիլ» ընկերության կողմից ներկայացված գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու հարկային արտոնություն ստանալու հայտը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ ընկերությունը 706 միլիոն դրամի տրիկոտաժե գործվածք, թելեր, կոճակներ և այլ տեքստիլ պարագաներ է ներկրել:
«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և, որպես հետևանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»,- ասաց Կարայանը:
Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են թեթև արդյունաբերության մեջ։ Դրանք չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերությանն անհրաժեշտ տեխնիկական չափանիշներին։