Բաժիններ՝

«Նման պարագայում մարդիկ չեն դադարում լինել ՀՀ քաղաքացի, նրանց ծննդաբերած երեխան նույնպես ՀՀ քաղաքացի է». Գևորգ Գորգիսյան

Մայրության նպաստի սահմանումը դրական քայլ էր, սակայն արվածն ընդամենը կես քայլ էր, քանի որ օրենքում առկա են որոշ էական բացթողումներ և դիտարկվող նպաստի իրավունք ունեցող անձանց շրջանակը անտրամաբանական ու անարդարացի սահմանափակող պայմաններ, որոնք ստվերում են պետական նպաստի այս տեսակի նպատակային նշանակությունը: Նման տեսակետ այսօր ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ ներկայացնելով «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախագծով առաջարկվում է մայրության նպաստից չզրկել երեխայի ծննդյան օրվա դրությամբ ծննդօգնության պետական հավաստագիրը չստացած կնոջը, կամ հղիության ընթացքում բուժհաստատությունում հաշվառման չկանգնելու դեպքում։

«Հիմնական նպատակը քաղաքացիներին տեխնիկական պատճառներով նպաստներից չզրկելն է»,- ասաց Գ.Գորգիսյանը՝ հավելելով, որ սահմանափակումը պետք է հանել, երբ կինը կամ զննություն չի անցել հղիության ընթացքում, կամ գտնվել է երկրից դուրս, և մայրության նպաստի տրամադրման համար հիմք ընդունել միայն երեխայի ծնունդը։

Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը նշեց, որ պետության խնդիրը ոչ միայն երեխայի ծնունդն է, այլ առողջ երեխայի ծնունդը, և ապագա մայրերը պետք է հաշվառվեն։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ նպաստները տվյալ երկրում տվյալ պահին բնակվող քաղաքացիների իրավունքն է, և դա պարտադիր է, մյուս երկրներում նույնպես այդպես է. «Ծննդօգնության հավաստագրի հիման վրա նպաստ ստանալը բխում է մեր քաղաքացիների շահերից, քանի որ այդ հավաստագիրը ներդնելով, նրանց զերծ ենք պահել այլ տեղեկանքներ բերել-ներկայացնելու պարտականություններից, հետևաբար, վարչարարության պարզեցման տեսանկյունից սա անհրաժեշտություն է։ Կա երեխայի միանվագ նպաստ, որը կվճարվի»։

Գ.Գորգիսյանի խոսքով՝ շատ ժամանակ մարզերում հղիության շրջանն անցնում է ձնածածկ ճանապարհերի պարագայում, կամ մարդիկ կրոնական նկատառումներից ելնելով՝ չեն դիմում բժշկի. «Նման պարագայում մարդիկ չեն դադարում լինել ՀՀ քաղաքացի, նրանց ծննդաբերած երեխան նույնպես ՀՀ քաղաքացի է, և մենք՝ որպես պետություն, կարծում եմ, պետք է սրա կողքին լինենք։ Չե՞ք կարծում, որ, եթե մենք պարտադիր պայման ենք դնում հավաստագիրը, նաև հնարավոր լինի՝ բավարար պայման համարենք ծննդյան վկայականը»։

Նախարարը փոփոխությունը նպատակահարմար չհամարեց՝ նշելով, որ մինչ այս գործող կարգից որևէ դժգոհություն չի ստացվել։

Նախագիծը հետաձգվեց 2 ամսով՝ լրամշակելու և հավելյալ քննարկելու համար։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս