Իրանում քարոզարշավն ընթանում է թեժ մթնոլորտում. ՀՀ-ի համար ընկալելի կարող են լինել պահպանողական թևի թեկնածուները. Վարդան Ոսկանյան
Իրանի Իսլամական Հանրապետությունում հունիսի 12-ից մեկնարկել է նախագահական արտահերթ ընտրությունների քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 27-ը, հաջորդ օրը՝ հունիսի 28-ին, տեղի կունենա նախագահական ընտրությունների քվեարկությունը։
Ի սկզբանե 80 հոգի էին դիմել՝ ընտրություններին մասնակցելու համար, հունիսի 11-ին հայտարարվեց թեկնածուների վերջնական ցուցակը, որում ընդգրկված էին 6-ը՝ Մասուդ Փեզեշքիան, Սաիդ Ջալիլի, Մուստաֆա Փուրմուհամմադի, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ, Ամիրհոսեյն Ղազիզադեհ, Ալիռեզա Զաքանի։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքին, ամենամեծ շանս ունեցող թեկնածուներին, երկրորդ փուլի անցկացման հնարավորությանը, նախ ասաց, որ Իրանի ներսում նախընտրակական քարոզարշավը բավականին թեժ մթնոլորտում է ընթանում.
«Այս պահին հիմնականում երեք թեկնածուներ են առաջ եկել, այդ թեկնածուներից երկուսը ներկայացնում են պահպանողական թեևը, մեկ թեկնածու՝ Իրանի քաղաքական համակարգի բարեփոխական թևը։
Ինչ վերաբերում է երկրորդ փուլի հնարավոր անցկացմանը, ապա քանի որ թեկնածուներից առնվազն մեկը, համաձայն վերջին օրերին անցկացված սոցոլոգիական հարցումների, չի կարողանում հավաքել «50+1» ձայն, ապա երկրորդ փուլի հավանականությունը շատ մեծ է։ Սակայն ամեն ինչ կվճռվի քվեատուփերի մոտ, երբ իրանցի ընտրողները կատարեն իրենց քաղաքացիական պարտքը»,- նշեց Վարդան Ոսկանյանը։
Դիտարկելով ամբողջ գործընթացը Հայաստանի շահերի տեսանկյունից, Վարդան Ոսկանյանն ասաց՝ ակնհայտ է, որ Հայաստանի համար ավելի ընկալելի թեկնածուներ կարող են լինել պահպանողական թևի թեկնածուները՝ Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Ինչ վերաբերում է բարեփոխական թևի ներկայացուցչին, նա իր քարոզարշավի ընթացքում ներկայացնում է հիմնականում պոպուլիստական մոտեցումներ։ Նաև կան որոշակի նշաններ, որ փորձ է կատարվում օգտագործել էթնիկական գործոնը այս քարոզարշավի ընթացքում։ Հաշվի առնելով այն, որ թեկնածուն սերում է Արևմտյան Ատրպատական նահանգից, չնայած ծնվել է քրդաբնակ Մահաբադ քաղաքում, և այս իմաստով փորձ է կատարվում Իրանի ներսում օգտագործել նաև, այսպես կոչված, թյուրքականության գործոնը։ Բնականաբար, չեմ կարծում, թե ՀՀ շահերի առումով կարող է մեզ համար էլ ընկալեի լինել, հաշվի առնելով այն, թե ինչպիսի կարևոր դերակատարություն ունի Իրանը Հայաստանի, հատկապես՝ Սյունիքի անվտանգության ճարտարապետության շրջանակներում։ Հետևաբար, պահպանողական թեկնածուն, որը կշարունակի նախագահ Ռաիսիի քաղաքական կուրսը և ծրագիրը, մեզ համար ավելի ձեռնտու կարող է լինել։ Հաշվի առնելով մեկ կարևոր հանգամանք ևս, որպես կանոն, պահպանողական նախագահի օրոք հայ-իրանական հարաբերությունները շատ ավելի մերձենում ու սերտանում են»,- հավելեց Վարդան Ոսկանյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ Արևմուտքից ընտրություններին լինի գործուն միջամտություն, Վարդան Ոսկանյանը պատասխանեց, որ ըստ էության ուղղակի միջամտություն բացառվում է, սակայն անուղղակի միջամտություններ այս ընթացքում լինում են՝ քարոզչական որոշակի արտանետումներ Իրանի ներքին խոսույթի շրջանակներում։ Բայց ամեն ինչ վճռելու է իրանցի ընտրողը, նրանք են կայացնելու վերջնական որոշում։
«Կարծում եմ՝ հավանականությունն առ այն, որ օտարերկրյա միջամտության հետևանքով Իրանը կունենա նախագահ՝ գրեթե զրոյական է, որովհետև Իրանի քաղաքական համակարգն այնպիսին է, որ հոգևոր առաջնորդն է ըստ էության նախանշում արտաքին քաղաքական ուղեգիծը և յուրաքանչյուր նախագահ պետք է աշխատի այդ ուղեգծի շրջանակներում։ Չնայած տնտեսական հարթության մեջ պոպուլիստական հայտարարությունները կարողանում են որոշակի արդյունավետություն ապահովել՝ սա բնորոշ է ամբողջ աշխարհին, ոչ միայն Իրանին»,- ընդգծեց իրանագետը։
Հաջորդ հարցին, թե հնարավո՞ր է՝ Իրանում դրսից ուղղորդված տեղի ունենան որոշակի խժդժություններ, Վարդան Ոսկանյանը պատասխանեց, որ չի կարծում, թե մինչև իրանցիների քվեատուփերին մոտենալը կարող են խժդժություններ լինել, սակայն հետընտրական գործընթացի առումով բացառել պետք չէ։
«Ակնհայտ է, որ հիմա էլ այդ ուղղությամբ որոշակի աշխատանքի առաջին նշաններ երևում են։ Կարծում եմ՝ մեզ համար շատ կարևոր է, որպեսզի Իրանը պահպանի ներքին կայունությունը և Իրանն ունի այդ ստրատեգիական խորքը՝ թե՛ ներքին խնդիրները կարգավորելու, թե՛ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար։ ՀՀ կենսական շահերից է բխում ուժեղ, անվտանգ և ներքաղաքական կայուն զարգացում ունեցող Իրանի Իսլամական Հանրապետություն, որովհետև Իրանը Հայաստանի համար ապահովում է անվտանգության ճարտարապետության կարևորագույն բաղադրիչներից մեկը»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Իրանի նախագահին, արտգործնախարարին և մի խումբ պաշտոնատար անձանց սպասարկող ուղղաթիռը ստիպված էր եղել «կոշտ վայրէջք» կատարել, որից հետո կապն ուղղաթիռի անձնակազմի հետ կորել էր։ Այնուհետև հայտնի դարձավ, որ ուղղաթիռի ուղևորները՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմատին, Թավրիզի իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը և ևս 5 մարդ (ներառյալ՝ անձնակազմը) զոհվել են։
Նշենք, որ Իրանի նախագահը, արտգործնախարարը և մյուս պաշտոնյաները վերադառնում էին իրանա-ադրբեջանական սահմանին Իլհամ Ալիևի հետ՝ Արաքսի վրա կառուցված ՀԷԿ-ի բացման արարողությունից։