Հայաստանը Փարիզի Օլիմպիական խաղերում ևս մեկ աթլետ կունենա
Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը կայանալիք ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանն այս պահի դրությամբ 15 ներկայացուցիչ ունի:
Խաղերին մասնակցելու իրավունք են ստացել նաև լողորդներ Արթուր Բարսեղյանը, Վարսենիկ Մանուչարյանը և վազորդ Ալիսոն Հալվերսոնը: Նրանք իրենց ուժերը կփորձեն 100 մետր տարածություններում. լողորդներ Արթուր Բարսեղյանը՝ ազատ ոճում, Վարսենիկ Մանուչարյանը՝ բատերֆլայում, իսկ Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Ալիսոն Հալվերսոնը՝ արագավազքում: Օլիմպիական խաղերին մասնակցության հնարավորություն ունի նաև եռացատկորդ Լևոն Աղասյանը, եթե այսօր Կապանում անցկացվող միջազգային վարկանիշային մրցաշարում ցույց տա համապատասխան արդյունք։
Մինչ այս Փարիզ-2024-ի ուղեգիր է ապահովել 12 մարզիկ՝ հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թևանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ) և բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ)։