Ռուսթավելի փողոցում ճաքերը գնալով խորանում են
Դեռևս փետրվար ամսին 168.am-ն անդրադարձել էր Գյումրու Ռուսթավելի փողոցի որոշ սալաքարերի վրա առաջացած ճաքերին:
Փողոց մեր այցելության պահին սալաքարերի վրա ճաքերը գնալով նկատելի էին դարձել: Առավելապես խոշոր ճաքեր նկատվում են Ղորղանյան և Ռուսթավելի փողոցի խաչմերուկում առկա սալաքարերի վրա:
Ներկայացված լուսանկարում գրանիտե սալաքարը երկու տեղից կոտրվել է և որոշակի չափով իջել է ներքև, ինչը խոսում է այն մասին, որ սալաքարի իջվածքի պատճառը դրա տակի բետոնի ամրության խիստ թուլացումն է:
Ռուսթավելի փողոցի համարյա վերջնամասում՝ «Հրաշքների աշխարհ» խաղասրահի դիմացի փողոցը եզրափակող մայթի սալաքարի տակի բետոնը նկատելի կերպով քայքայվել է, ինչը փաստում են հետևյալ լուսանկարները:
Բետոնը քայքայվել է փողոցի բացումից ընդամենը 6 ամիս անց, որը շինարարական նորմերով բացարձակ անթույլատրելի է: Սա վկայում է անորակ բետոնի մասին և, ըստ մասնագետների, որպես փողոցի սալաքարերի հիմք հանդիսանալ չի կարող:
Ռուսթավելի փողոցում տեղի ունեցած կասկածելի որակի շինարարության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար փորձեցինք կապ հաստատել շինարարությունն իրականացրած «Կումայրի վերածնունդ» կազմակերպության հետ, սակայն համացանցում առկա էր միայն այս կազմակերպության հասցեն, հեռախոսահամար և էլեկտրոնային հասցե կամ կապի այլ միջոց նշված չէր, ուստի մեզ չհաջողվեց այս ամենի պարզաբանումները ստանալ:
Նշենք, որ փողոցի վերականգնման նախագծային աշխատանքներն իրականացրել է «Հայնախագիծ» ԲԲ ընկերությունը:
Ընդհանրապես Գյումրիում առաջին անգամը չէ, որ անորակ շինարարություն է իրականացվում:
Դեռևս 2016 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմաց իրականացված սալիկապատումը ևս երկար կյանք չէր ունեցել՝ 5-6 ամիս անց սալիկները գրեթե ամբողջությամբ շարքից դուրս էին եկել:
Գյումրու Աբովյան ճեմափողոցում և «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմաց սալիկապատման աշխատանքներն իրականացվել էին 2830 քմ մակերեսի վրա: Շինաշխատանքների իրականացման համար համայնքային բյուջեից «Տիմ-Շին» ՓԲԸ-ին 16 մլն դրամ էր հատկացվել:
Իր հերթին՝ տարածքի կահավորման համար՝ տեղադրվել են լույսեր, նստարաններ և ծաղկամաններ, Գյումրու քաղաքապետարանը 7 մլն 500 հազար դրամ էր ծախսել: Հատկանշականն այն էր, որ շինարարական աշխատանքներն իրականացնելու համար մրցույթ չէր հայտարարվել, շինկազմակերպությունը մրցույթով չէր ընտրվել:
Ինչ վերաբերում է իրականացված շինաշխատանքներին, սկզբում պատճառաբանեցին, թե անորակ շինարարության պատճառը ձմեռային ցրտերն էին, հետո պարզվեց՝ անորակ շինարարությունն է: Գոնե այն ժամանակ լրագրողները կարողացան կապ հաստատել շինարարությունն իրականացրած «Տիմ-Շին» ՓԲԸ-ի տնօրենի հետ և պարզաբանումներ ստանալ տեղի ունեցածի վերաբերյալ:
Մի քանի ամսին անց այս կազմակերպությունն իր միջոցներով կրկին սալիկապատեց «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմացը՝ հին սալաքարերը փոխարինելով նորերով:
Այս լուսանկարին ուշադիր նայելու դեպքում, որում պատկերված են «Հոկտեմբեր» կինոթատրոնի դիմացի նոր և հին սալիկները, կարելի է հասկանալ, որ վարդագույն սալաքարը, որը նորերից է, ի տարբերություն հնի, իր մեջ խոշոր ավազահատիկներ չի պարունակում, ուստի հնից այն որակապես ավելի լավն է, և, ինչպես մեզ հետ զրույցում նշեց ոլորտի մասնագետներից մեկը, հին սալաքարերի պատրաստման ժամանակ խախտվել էր դրանց պատրաստման տեխնոլոգիան:
Սակայն, եթե այս պարագայում սրան ավելացվում էր նաև ձմռան ցուրտը, որը ևս կարող էր նպաստել սալաքարերի քայքայմանը, ապա Ռուսթավելի փողոցի սալաքարերը բավական մեղմ ձմռան են դիմացել՝ տաք եղանակով:
Հաջորդը Գյումրու Վարդանանց հրապարակի ասֆալտապատումն է:
Հրապարակի ասֆալտը ևս որակով արված չէ, այստեղ ևս նկատելի ճաքեր կան առաջացած: Նույնիսկ տարեցներն են վկայում՝ Խորհրդային Միության տարիներին արված ասֆալտը 20 տարուց ավելի է դիմանում, ժամանակակից ասֆալտապատումը փուչիկ է, 2 տարի անց անպայման ճաքեր են առաջանում և, չգիտես ինչու, այդ ամենը հիմա նորմալ է համարվում:
Հուսանք, գոնե Ռուսթավելի փողոցի պարագայում «Կումայրի վերածնունդ» հիմնադրամը վնասված սալաքարերն իր միջոցներով կփոխարինի նորերով:
Անահիտ Սիմոնյան