Ռուսթավելի փողոցի նոր վերանորոգված սալաքարերն արդեն ճաքեր են տվել
Գյումրու Ռուսթավելի փողոցում ի հայտ եկած ճաքերը, թերևս, նորություն էր գյումրեցիների համար:
Փողոցը, որի բացումը տեղի ունեցավ անցած տարվա հոկտեմբերի 18-ին, մեծ ուրախություն պարգևեց գյումրեցիներին, քանի որ Գյումրիում հիմնանորոգվեց Հայաստանում նմանը չունեցող փողոց, որի բացման արարողությանը մասնակցեցին բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, և այն տեղի ունեցավ մեծ հանդիսավորությամբ՝ ուղեկցվելով երգ-երաժշտությամբ:
Ընդամենը 3.5 ամիս անց մայթի սալաքարերի ու փողոցում տեղադրված որոշ սալաքարերի վրա խոշոր չափերի ճաքեր են առաջացել:
Նմանատիպ ճաքերի առաջացման պատճառը, ըստ որոշ մասնագետների, կարող է լինել ինչպես՝ սալաքարերի ոչ բավարար որակը, այնպես էլ՝ բետոնի վատ որակը:
Մեզ հետ զրույցում շինարարներից մեկը նշեց, որ սալաքարերի ճաքերի առաջացման երրորդ պատճառը կարող է լինել այն, որ սալաքարերի տակ հարթեցումը լավ չի կատարվել:
«Հիմնական ճաքելու պատճառը նստվածքն է, երկրորդը՝ ջուրը, որը սառույցը սեղմում է, ինչի հետևանքով սալաքարը բացվում է: Բացի այդ, եթե գրունտը լավ նախապատրաստված չէ, կրկին նստվածք կարող է առաջանալ, դրա պատճառով ևս սալաքարերը կարող են ճաքել»,- ասաց մեր զրուցակից շինարար-վարպետներից մեկը:
Անահիտ Սիմոնյան