
Առաջին անգամ ԱԱՀ-ի վերադարձ է սահմանված ոչ միայն արտահանողների, այլև ցանկացած տնտեսավարողի համար

Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգիրքը մի քանի տասնյակ դրույթներ է պարունակում, որոնք ենթադրում են հարկման մեխանիզմների կատարելագործում` հօգուտ գործարարների: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
«2018 թվականի հունվարի 1-ից սկսեցինք կիրառել միջազգային պրակտիկայում լայնորեն օգտագործվող ԱԱՀ վերադարձի մեխանիզմը ոչ միայն արտահանողների, նաև ՀՀ տարածքում գործունեություն իրականացնող բոլոր անձանց համար: Առաջին անգամ է, որ կիրառում ենք այս մեխանիզմը, բայց վիճակագրությունը փաստում է, որ արդեն իսկ ունենք հայտեր: 20 օրվա ընթացքում ՊԵԿ-ն ստացել է 14 հայտ, որտեղ նշված գումարը 1.4 միլիարդ դրամ է: Այդ գումարները հիմնավոր լինելու դեպքում, ՊԵԿ-ը կատարելու է վերադարձ»,- ասաց նա:
Նրա խոսքով` ԱԱՀ գումարների վերադարձը տնտեսավարողների մոտ կձևավորի շրջանառու միջոցներ, որոնք նրանք կարող են ուղղել իրենց տնտեսական գործունեության մեջ:
Վախթանգ Միրումյանն ընդգծեց, որ ԱԱՀ վերադարձի իրավունքից կարող են օգտվել բոլոր տնտեսավարողները` էլեկտրոնային կարգով հայտ ներկայացնելով: «ՀՀ-ում գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ վեց ամիսը լրանալուց հետո կուտակվում են իրենց մատակարարներին վճարած ԱԱՀ գումարները, որոնք նրանք կարող են ստանալ սահմանված կարգով: Էլեկտրոնային եղանակով ներկայացվում է հայտը, որի ձևաթուղթը կա Պետեկամուտների կոմիտեի կայքում: Պարզ ձև է, առանց ավելորդ փաստաթղթերի:
Այդ դիմումի հիման վրա սահմանված կարգով, քանի որ առաջին անգամ է համակարգը կիրառվում, իրականացվում է ուսումնասիրություն, դա հաստատվելուց հետո գումարը վերադարձվում է սահմանված ժամկետներում»,-հավելեց պաշտոնյան:
Նա հիշեցրեց նաև, որ այս տարվանից արտադրական նշանակության մեքենաներն ու սարքավորումները, ինչպես նաև հումքը Հայաստան են ներմուծվում առանց մաքսային սահմանին ԱԱՀ վճարելու: Մեկ ամսվա տվյալներով` շուրջ 3 միլիարդ դրամի ԱԱՀ գումար արդեն իսկ չի վճարվել: «Մեր նվազագույն ու համեստ գնահատականով`տարվա ընթացքում 40-45 միլիարդ դրամ ԱԱՀ-ի գումար չի վճարվելու»,- նշեց Վախթանգ Միրումյանը: