«Ռուզաննային պետք է ազատեն, նա չի նստելու, նա երկար չի կարող լռի, այնտեղ ուրիշ մարդիկ են եղել». Սպանված Մանուկ Սիմոնյանի եղբայրը պնդում է, որ իր մոտ ուշագրավ ձայնագրություններ կան
Արմավիրի մարզպետի նախկին խորհրդական Մանուկ Սիմոնյանի եղբայր Արամ Սիմոնյանը շարունակում է պնդել, որ իր հարսը՝ Ռուզաննա Մկրտչյանը, չի սպանել իր եղբորը: Ինչպես հայտնի է, Մանուկ Սիմոնյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել` սպանել է ամուսնուն` Մանուկ Սիմոնյանին:
Օրերս 168.am-ի հետ զրույցում Ռ. Մկրտչյանի փաստաբանը՝ Նաիրա Պետրոսյանը, խոսել էր բռնությունների մի քանի դեպքերի մասին, որոնք Մ. Սիմոնյանը կատարել է իր կնոջ նկատմամբ տարիների ընթացքում:
«Կարող եմ ասել՝ այդ արարքը, որ ինքը կատարել է, տարիների ընթացքում առաջացած նվաստացումների, խոշտանգումների հետևանքով է: Որպես իր պաշտպան՝ կարող եմ հաստատել այն փաստը, որ, թեև եզրակացության այդ մասը բաց է մնացել, բայց ինքն այդ արարքը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում: Այսինքն՝ տարիներ շարունակ նվաստացել է, ո՞նց եք կարծում, եթե մարդու ատամը քաշում են, այդ պայմաններում ցանկացած կին, բնականաբար, այդ քայլին կգնար: Ես գտնում եմ՝ իմ պաշտպանյալը հոգեկան խիստ ծանր վիճակում է գտնվել ու ստիպված է այդ քայլն արել: Ես դա ոչ թե սպանություն եմ դիտարկում, այլ այդ հոգեկան խիստ վիճակի արդյունքում ենթադրաբար կատարված արարք»,- նշել էր Ն. Պետրոսյանը:
Նա նաև պատմել էր, որ Ռ. Մկրտչյանը բազմիցս փորձել է ամուսնալուծվել, սակայն Մ. Սիմոնյանը սպառնացել է սպանել իրենց որդուն:
Մ. Սիմոնյանի եղբայրը՝ Ա. Սիմոնյանը, 168.am-ի հետ զրույցում մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց:
Նախ, նա ասաց, որ բռնությունների մասին խոսք լինել չէր կարող, գուցե եղել են լեզվակռիվներ, բայց ոչ այնպիսի բռնություններ, ինչպիսիք ներկայացնում է փաստաբանը.
«Այդ իրավապաշտպանի ասածը, որ ատամը քաշել է, երևի բոլորին էլ կզարմացներ, թե ինչի՞ ականջը չի քաշել, այլ ատամն է քաշել: Հիմա, որ ինքն ասում է՝ ատամն է քաշել, ասել է՝ որդուդ կսպանեմ և այլն, դրանք հիմարություններ են: Ես հաստատ գիտեմ, որ հոր գաղտնիքները բացողը դավաճան է, հայրասպանությունը երբեք չի խրախուսվել մարդկության կողմից»:
Ա. Սիմոնյանը նաև մեզ հայտնեց, որ ինքն ունի շատ ուշագրավ ձայնագրություններ, որոնք նա դեռևս իրավապահներին էլ չի հանձնել: Այդ ձայնագրությունները, ըստ մեր զրուցակցի, արվել են Մ. Սիմոնյանի կողմից, երբ նա և իր ընտանիքի անդամները վիճել են կամ տարբեր խոսակցություններ են ունեցել:
Ա. Սիմոնյանը եղբոր այդ քայլը պարզաբանում է նրանով, որ նա սիրում էր «անալիզներ» անել, բայց երբեք այդ ձայնագրությունները չէր օգտագործում ինչ-որ մեկին շանտաժի ենթարկելու համար:
«Ես գիտեմ, թե ինչու է Մանուկը ձայնագրել. ինքը միշտ մեծ անալիտիկ է եղել: Նա ձայնագրություններ արել է դեռ ուսանողության ժամանակից, ձայնագրում էր դասախոսի ասածը, հետո երեկոյան նստում ու անալիզի էր ենթարկում՝ ինչ ասեց և ոնց ասեց: Ռուզաննան էլ գիտեր, որ ինքը ձայնագրություն էր անում՝ հետո անալիզ անելու համար: Չկա մեկը, որ ասի՝ Մանուկն ինձ շանտաժի է ենթարկել: Եթե Նորիկը չբացեր այդ գաղտնիքները, որ ինքը ձայնագրելու հակում է ունեցել անալիզի համար, դա մինչև հիմա փակ կմնար: Ես կարող եմ մի փոքր հատված ձեզ համար միացնել, որ ասում է՝ «չեք ուզում ինձ հետ ապրել, թողեք-հեռացեք»:
Ա. Սիմոնյանը պնդում է, որ իր եղբայրը չի սպառնացել սպանել իր որդուն՝ ստիպելով կնոջը մնալ իր կողքին: Նա հրաժարվեց հրապարակման հանձնել իր մոտ եղած ձայնագրությունները, բայց մեզ համար այդ ձայնագրություններից միացրեց մի հատված, որտեղ կարելի է լսել. «Դուք երբվանի՞ց սկսեցիք ինձ քննադատել կամ իմ մասին խոսալ, իմ տունը քանդել, ի՞նչ է, ես քա՞քն եմ ընկել ձեր ձեռքը, ասենք, ավելի ճիշտ չի՞ արդյոք՝ հանգիստ, գլուխը կախ՝ թողնեն, գնան, լա՞վ կլինի, վա՞տ կլինի, ես մեղավոր կլինեմ»: Ա. Սիմոնյանը նշում է, որ ձայնագրության մեջ այս խոսքերի հեղինակն իր սպանված եղբայրն է՝ Մ. Սիմոնյանը:
Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է Ա. Սիմոնյանը ձեռք բերել այդ ձայնագրությունները: Նա չցանկացավ մանրամասնել, միայն նշեց, որ նա եղբոր համակարգիչը վերցրել է նրա տնից, ինչպես նաև իրենց միջնեկ եղբայրն է որոշ ձայնագրություններ հանձնել նրան. «Եկեք այդ թեմայով չխոսենք, ձայնագրությունը հաստատ իրենցն է»:
Մեր ճշտող հարցին էլ, թե՝ ինչո՞ւ այդ ձայնագրություններն իրավապահներին չեք հանձնել, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Հանձնեմ՝ ի՞նչ անեմ, իրավապահները եկան տուն, ինչ պետք էր իրենց, տարան, ասեցին՝ մեզ էլ ոչ մի բան պետք չէ: Դա շատ սուղ ինֆորմացիա է, իմ դաստիարակությունը թուլ չի տալիս իրենց պես ծնողներին կպնել, ծնողը սրբություն է՝ թե՛ իրենց ծնողը, թե՛ իմ ծնողը: Իսկ այն, որ Նորիկը հոր ձայնագրությունները հանել-թափել է աշխարհի երես, դա ուղղակի խայտառակություն է: Հորդ դավաճանես, թե հայրենիքիդ դավաճանես, ի՞նչ տարբերություն»:
Հարցին՝ դուք համոզվա՞ծ եք, որ ձեր եղբայրը բռնություններ չի գործել ձեր հարսի նկատմամբ, Ա. Սիմոնյանն այսպես պատասխանեց. «Փաստաբանը հիմա ամեն ինչ անելու է, որ ինչ-որ ձև ազատի Ռուզաննային: Ինքն այդ դաստիարակությունը տեսած աղջիկը չէ, ինքն այնտեղ երկար չի կարող դիմանալ: Ես էլ դեմ չեմ, որ Ռուզաննան դուրս գա, բայց ես հավի ճուտ չեմ, որ հավատամ: Ես Մանուկի իրավահաջորդն եմ, բայց մինչև այս պահը նյութերն ինձ չեն հասել, այնտեղ կան նաև ուրիշ ձայնագրություններ, որոնց ես չեմ տիրապետում, չեմ կարող ասել, բայց այն ձայնագրությունը, որն առաջին օրվանից ինձ մոտ է եղել, որոշ մասն էլ մեր միջնեկ եղբայրն է տրամադրել, ջնջած ֆայլեր են եղել վինչեստրի վրա, որ վերականգնման ենթակա են եղել, ես վերականգնել եմ»:
Մենք նորից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ն էին իր եղբոր և Ռ. Մկրտչյանի հարաբերությունները: Ի պատասխան՝ Ա. Սիմոնյանն ասաց. «Մանուկը միշտ ասում էր՝ «Ռուզանը նման է բարի փղիկի»: Ինքն ասում էր՝ «մարդ ինչքան թմբլիկ է լինում, այնքան բարի է լինում»: Ռուզաննան էլ անտարբեր չէր նրա նկատմամբ: Ուրիշ խոսակցություններ էլ կան, ունեմ ձայնագրությունները, որ ասում է՝ «նենց մեղքս գալիս է այս Ռուզաննան, ամբողջ օրը պառկած է, դուխից ընկած է, չգիտեմ՝ ինչ անեմ»»:
Ա. Սիմոնյանը համոզված է՝ Ռ. Մկրտչյանը չի սպանել իր եղբորը. «Ես առաջին րոպեից եմ ասել, որ ինքը չի արել, հիմա ինձ մոտ կա դատաբժշկական փորձաքննությունը: Ես ձեզ ուրիշ բան ասեմ, այնտեղ պայքար է եղել կյանքի համար, Մանուկը պայքարել է ինչ-որ մարդկանց հետ, որովհետև կտրված վերքերը դրա մասին են խոսում: Կտրվածքներ են եղել ուսին, ձեռքերի մեջ, որոնք առաջացել են կյանքի ընթացքում, և ոչ ուշ՝ քան մահի վրա հասնելը»:
Հարցին՝ այդ դեպքում նախաքննության մարմինն ինչո՞ւ է մեղադրանք առաջադրել ձեր հարսի նկատմամբ՝ մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Չեմ կարող ասել: Ես տեսնում եմ, որ պայքար է եղել կյանքի համար, հետքերը դրան են տանում, դրա համար էլ այդ հսկա քարը գործի մեջից կորել է: Եթե մեր ու տղա ուզեին էլ, այդ հսկա քարը տեղից չէին կարողանա շարժել: Եղբայրս 120 կիլոգրամ էր, նրան չէին կարող տեղափոխել, բայց նրան տեղափոխել են մեքենայի մեջ, գործողություն է կատարվել, տարել-շպրտել են փոսը, գլխին հսկա քար են դրել, մետաղե լարերով փաթաթել են, տեղափոխել են, քարերով ծածկել են, գործողություն է կատարվել»:
Ա. Սիմոնյանը նաև պնդում է, որ իր եղբայրը թշնամիներ չի ունեցել: Ըստ իր վարկածի՝ եղբորը սպանել է նրա որդին՝ մի խումբ մարդկանց հետ. «Ռուզաննան ինֆորմացիոն տեխնոլոգիաներից հեռու մարդ էր, եթե ինչ-որ սիրած է ունեցել, կամ խանդի հողի վրա ինչ են արել, ինչ չեն արել, ինչ արել է՝ Նորիկն է արել, ուստի, բացի Նորիկից՝ ոչ մեկին ձեռ չէր տալիս այդ գործողությունները կատարելը: Ես մինչև հիմա մնում եմ այն կարծիքին, որ գործողությունը կատարել է Նորիկն ինչ-որ մարդկանց հետ»:
Մեր զրուցակիցը գտնում է, որ դրա պատճառը կարող էր լինել Նորիկի ընկերուհին՝ Ալիսիկը: Նա պատմեց, որ տարիներ առաջ իր եղբոր տանը էլի մի պատմություն է եղել՝ կապված Նորիկի և նրա մեկ այլ ընկերուհու հետ: Մ. Սիմոնյանը, ըստ նրա եղբոր, լինելով ավանդապաշտ մարդ, շատ մեծ ուշադրություն է դարձրել գեների խնդրին:
Ա. Սիմոնյանը պատմում է, որ Նորիկի ընկերուհու մայրը սիրային բնույթի նամակներ է գրել Նորիկին, ինչի մասին իմացել է Մ. Սիմոնյանը և մեծ պատմություն սարքել: Սա, ըստ մեր զրուցակցի, այդ պատմության շարունակությունն է:
Ա. Սիմոնյանը գտնում է՝ Ռ. Մկրտչյանը որդուն պաշտպանելու համար է լռում. «Նա շատ լավ մայր է: Ռուզաննային պետք է ազատեն, նա չի նստելու, նա երկար չի կարող լռի, այնտեղ ուրիշ մարդիկ են եղել»:
Մենք նորից կապ հաստատեցինք Ռ. Մկրտչյանի փաստաբան Ն. Պետրոսյանի հետ՝ խոսելու Ա. Սիմոնյանի հայտարարությունների մասին: Ըստ նրա՝ եթե Ա. Սիմոնյանն ունենար նման ձայնագրություններ, կներկայացներ իրավապահ մարմիններին.
«Ես գտնում եմ՝ ինքն ուղղակի որոշակի պատրանք է ուզում ստեղծի, բայց այն փաստը, որ իմ պաշտպանյալը փորձել է բաժանվել, գործում առկա են փաստական տվյալներ, ուղղակի տարիօրինակ է, որ, եթե կա նման ձայնագրություն, ինչո՞ւ չի ներկայացրել նախաքննական մարմին: Ես դա ընդամենը հերյուրանք եմ համարում, եթե ունենար, կներկայացներ»:
Մեր դիտարկմանը, թե նա մեզ համար ձայնագրությունից մի հատված միացրեց, որտեղ, Ա. Սիմոնյանի պնդմամբ, Մ. Սիմոնյանն էր խոսում, Ն. Պետրոսյանն այսպես արձագանքեց. «Բայց դա ի՞նչ ապացույց է, կամ արդյոք նրա ձա՞յնն է: Ես՝ որպես պաշտպան, դրան գնահատական տալ չեմ կարող, գործում էլ կար, որ իմ պաշտպանյալը փորձել է բաժանվել, դա հաստատված է, հետևաբար, ինքը՝ որպես տուժողի իրավահաջորդ, մասնակցել է և իր դիրքորոշումը կներկայացներ, ինչո՞ւ չի ներկայացրել, հետևաբար, կարող էր շատ հանգիստ ինչ-որ մեկի խոսակցությունը ներկայացնել, առավել ևս, մի հատված է, ի՞նչ կարող ենք իմանալ՝ ինչի շուրջ են խոսում: Ես ձեզ վստահեցնում եմ, որ մենք նման փաստական տվյալ չունենք»:
Անդրադառնալով Ա. Սիմոնյանի այն վարկածին, որ իր եղբորը սպանել է ոչ թե կինը, այլ՝ որդին՝ մի խումբ մարդկանց հետ, փաստաբանն ասաց. «Նախաքննությունն ավարտվել է, նման փաստական տվյալ չկա, ո՞նց եք կարծում՝ ո՞նց կարելի է դրան հավատալ: Դուք էլ լավ գիտեք, որ այդպես անհնար է, քանի որ արդեն իսկ բոլորը հարցաքննվել են, պարզվել է, ուղղակի միգուցե նա ինչ-որ նպատակներ ունի՝ կապված իմ պաշտպանյալի կամ իր որդու հետ, դրան չեմ կարող ոչ մի բան ասել»: