Մանուկ Սիմոնյանը սպանվել է քնած վիճակում՝ կացնի հարվածներով. ինչպես է մարզպետի խորհրդականի դին տեղափոխվել ամայի հատված
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նրա կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել` սպանել է ամուսնուն` Մանուկ Սիմոնյանին, որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում. Ռուզաննա Մկրտչյանը, 1992թ.. ամուսնացած լինելով Մանուկ Սիմոնյանի հետ և համատեղ բնակվելով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում, տարիներ շարունակ հաճախակի բռնության է ենթարկվել նրա կողմից. հերթական անգամ, 2017թ. հուլիսի 22-ին` ժամը 10-ի սահմաններում, տանը ամուսնու հետ միայնակ մնալուց հետո, վերջինս չնչին առիթն օգտագործելով, տան 2-րդ հարկի իրենց ննջասենյակում կրկին ծեծի է ենթարկել Ռուզաննա Մկրտչյանին: Այնուհետև ննջասենյակից կնոջը դուրս վռնդելուց հետո, պառկելով մահճակալին, քնել է:
Ըստ մեղադրանքի՝ կինը ննջասենյակից դուրս գալուց մի քանի րոպե անց ննջասենյակին կից խոհանոցում գտնվելու ժամանակ տեսել է սառնարանի կողքին` հատակին դրված կացինը և անմիջապես նրա մոտ դիտավորություն է առաջացել ննջարանում ամուսնու քնած լինելու հարմար առիթն օգտագործելով կացինով սպանել նրան`տարիներ շարունակ իրեն ծեծի ենթարկելու և նվաստացնելու համար: Վերցնելով կացինը և խոհանոցից դեպի ննջասենյակ տանող դռնով մտնելով ներս, մոտեցել է մահճակալին քնած ամուսնուն և նրան ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանելու նպատակով կացնով մի քանի անգամ հարվածել է Մանուկ Սիմոնյանի գլխին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:
Ըստ մեղադրանքի՝ սպանությունը կատարելուց հետո, տուն է կանչել որդուն և արդեն 2017թ. հուլիսի 23-ին` ժամը 04-ի սահմաններում, ամուսնու «Մերսեդես Բենզ» մակնիշի ավտոմեքենայով որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում` Դալարիկի ձորից շուրջ 30 մետր հեռավորության վրա, որտեղից էլ այն հայտնաբերվել է 2017թ. հուլիսի 25-ին ժամը 23:30-ի սահմաններում:
Ռուզաննա Մկրտչյանը կալանավորված է: Քրեական գործը մակագրվել է դատավոր Վահե Խալաթյանին: