Բաժիններ՝

«Այսօր 60 տարեկան եմ և իմ ընկերների, հարազատների աչքերին պարզ հայացքով եմ նայում, քանի որ փորձել եմ կյանքս նորմալ ապրել». Հրանտ Թոխատյան

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը հունվարի 10-ին տոնում է ծննդյան 60-ամյակը: Դերասանն իր տարեդարձը նշելու է հարազատների և ընկերների միջավայրում: Այս կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է դերասանի հետ:

«Տրամադրությունս շատ բարձր է: Միշտ լավ է, բայց այսօր` առավել, քանի որ նաև տղայիս ծննդյան օրն է: Նշելու ենք որդուս տարեդարձը, երևի կհիշենք նաև իմը»,-կատակեց նա:

Սիրված դերասանն անձնական կյանքում ամենամեծ ձեռքբերում է համարում իր երեխաներին ու թոռանը, ստեղծագործական կյանքում`յուրաքանչյուր ծնված ներկայացում: 60-ամյակին ևս մեկ բեմադրություն է պատրաստվում նվիրել իրեն: Այն դեռ անվանում չունի:

«Իմ կատարած աշխատանքներից ինձ համար ամենակարևորը «Մեր Այբբենարանը» ֆիլմաշարն է, իսկ ներկայացումներս բոլորը սիրում եմ, քանի որ դրանք պարտադրված չեն ստեղծվել. ծնվել են սրտից, հոգուց, մտքից: Դրանցից յուրաքանչուրն իր ուրույն տեղն ունի իմ կյանքում: Բոլոր դերերը, որոնք ես երբևէ կերազեի խաղալ, խաղում եմ»,-ասաց Թոխատյանը:

Անդրադառնալով այն ամենին, ինչի համար ափսոսում է, և իր երազանքներին` դերասանը խոստովանեց, որ կյանքում լինում են բաներ, որոնց համար ափսոսում ես:

«Միգուցե կյանքում որևէ մեկին նեղացրած լինեմ, բնականաբար, դրա համար վատ եմ զգում, կլինեն բաներ, որոնք այնպես չեմ արել, ինչպես կցանկանայի, դրա համար նույնպես ափսոսում եմ: Այսօր 60 տարեկան եմ և իմ ընկերների, հարազատների աչքերին պարզ հայացքով եմ նայում, քանի որ փորձել եմ կյանքս նորմալ ապրել:

Միշտ փորձել եմ իմ երազանքն իրականություն դարձնել, որ ծնվի նորը: Այսօր երազում եմ հնարավորինս արագ ունենալ իմ բեմը, թատերական դպրոցը, որը շուտով կկառուցվի, երազում եմ մանկական թատրոն ստեղծել»,- եզրափակեց Հրանտ Թոխատյանը:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս