«Թանկացումների միջոցով լցնում են պետական բյուջեն». Միքայել Մելքումյան
«Պետությունը ցանկանում է թանկացումների միջոցով լցնել պետական բյուջեն։ Գնաճից օգտվում է միայն պետական բյուջեն, ուրիշ ոչ մի լավ բան չկա դրանում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ խոսելով հունվարի 1-ից արձանագրված բենզինի, դիզվառելիքի և սեղմած գազի թանկացումների մասին։
Ըստ նրա՝ սեղմած գազի ակցիզային հարկը թանկացրել է 3 անգամ՝ 8300 դրամից դառնալով 24-25 հազար, բենզինի մասով՝ 25-40 հազար դրամ է, դիզվառելիքի ակցիզային հարկն իջեցվել է, սակայն անցում է կատարվել ավելացված արժեքի հարկի, որը բավականին բարձր է։
Մ. Մելքումյանը նշեց, որ դիզվառելիքի թանկացումից ամենաշատը տուժելու է գյուղատնտեսությունը, քանի որ, եթե տրանսպորտը և հանքարդյունաբերությունն աշխատում են ԱԱՀ-ում, ապա գյուղատնտեսությունը չի աշխատում ԱԱՀ դաշտում, և այդ առումով շատ տուժելու է։ «Պետությունը պետք է սուբսիդավորման խնդիր լուծի, այլապես գյուղմթերքների գները կաճեն, քանի որ գյուղատնտեսությունը չունի ԱԱՀ հաշվեգրման կամ դեբետագրման հնարավորություն, որովհետև չի աշխատում ԱԱՀ դաշտում։ Սա լրջագույն խնդիր է»,- ասաց պատգամավորը։
Սեղմած գազի թանկացումը, Մ.Մելքումյանի կարծիքով՝ հանգեցնելու է հասարակական տրանսպորտի թանկացման և շատ բիզնեսների շահութաբերության անկման.
«Այժմ պետք է պատկան մարմիններն ուսումնասիրեն՝ գների ավելացումը միայն հարկայի՞ն բեռի մասով է, թե՞ հարկային բեռի և շահույթի որոշակի մակարդակի։ Ցանկացած ապրանքի գնի աճելու պարագայում դրա սպառման ծավալները որոշակի չափով նվազում են, եթե դա ամենաառաջին անհրաժեշտության ապրանք՝ հաց, դեղորայք և այլն չէ։
Գյուղացին, տաքսու կամ ավտոբուսի վարորդները չեն կարող առանց դիզվառելիքի կամ սեղմած գազի, սակայն դեռևս պարզ չէ, թե սպառման ծավալների ինչ փոփոխություն կլինի, համենայն դեպս, կարող ենք ասել, որ ավելացում չի լինի։
Պետք է նայել նաև տնտեսվարող սուբյեկտների շահութաբերությունը, որովհետև մի բան է Երևանում կամ հարակից շրջաններում գազի լիցքավորման կայանները, մեկ այլ բան՝ հեռավոր մարզերում, որտեղ իրացման ծավալները քիչ են, և կարող են տեղեր լինել հեռու մարզերում, որ սպառման ծավալներն այնքան պակասեն, որ դրանք փակվեն։ Մոտ 1 ամիս ժամանակ է պետք շուկայի արձագանքը՝ ծավալների, գնի փոփոխությունը, հասկանալու և ճիշտ գնահատելու համար։ Մենք սրա մասին զգուշացնում էինք, հիմա տեսնում ենք հետևանքները»։
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ այս թանկացումների ազդեցության տոկոսը մյուս ապրանքների վրա կախված է, թե, օրինակ, տվյալ գյուղատնտեսական ապրանքի իրացման շղթայում դիզվառելիքի տեսակարար կշիռն ինչքան է. «Սեղմած գազը 190-ից դարձել է 220 դրամ, թանկացումը մոտ 10-12% է, բայց թանկացումները մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեն, կարող է՝ ավելի շատ աճեն, քան հարկային բեռն է ավելանում, այսինքն՝ սպեկուլյատիվ օգտվում են առիթից։ Եվ պատկան մարմինները պետք է ուսումնասիրեն՝ գերշահույթներ կա՞ն, թե՞ ոչ, հակամրցակցային համաձայնություններ կա՞ն, թե՞ ոչ»։