«Պետք է այնպիսի հասարակական պահանջ ձևավորել, որ Իրանի իշխանությունները Հայաստանի վերաբերյալ որոշումներ ընդունելիս՝ ավելի վճռական լինեն». Արմեն Իսրայելյան

Իրանագետ Արմեն Իսրայելյանը տարին դրական է գնահատում հայ-իրանական հարաբերությունների զարգացման առումով։ 168.am-ի հետ զրույցում նա մատնանշեց 2017 թվականի ընթացքում  Հայաստան-Իրան հարաբերությունների կարևոր ձեռքբերումները.

«Այս տարի մի քանի կարևոր ծրագրեր ենք իրականացրել, խոսքը վերաբերում է նախ՝ Մեղրի-Նորդուզ անցակետի վերաբերյալ պայմանագրի ստորագրմանն ու շատ կարճ ժամանակում դրա հաստատմանը, այնուհետև՝ ազատ տնտեսական գոտու հիմնումը Սյունիքում և Իրանի ազատ տնտեսական գոտու ներկայացուցչության հիմնումը Մեղրիում։ Ձեռքբերումներ ունեցանք նաև այլ ոլորտներում. ԵՏՄ-ի և ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում Իրանի և Հայաստանի համագործակցության շուրջ քննարկումներ եղան, սեպտեմբեր ամսին Երևանում կազմակերպվեց ԵՄ-Հայաստան-Իրան տնտեսական համաժողովը և մի շարք այլ բարձր մակարդակի քաղաքական փոխայցելություններ եղան երկու երկրների միջև։

Տարվա սկզբին տեղի ունեցավ վիզային ռեժիմի չեղարկումը, ինչը ևս շատ կարևոր էր։ Տնտեսական համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ նշանակալի աշխատանքներ կատարվել են»։

Իրանագետը նկատեց՝ մեկնարկը տրված է, բայց նոր շրջափուլ ենք մտնում, և պետք է նոր ծրագրեր մշակել, որոնք համահունչ կլինեն ներկա աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումներին. «Մեր հետագա ծրագրերն իրականացնելու նպատակով պետք է ընտրենք կարճաժամկետ և երկարաժամկետ այն ծրագրերը, որոնք կարող ենք նոր ստեղծված պայմաններին համահունչ իրականացնել։ Ընդհանուր առմամբ, կարելի է դրական գնահատել։ Նախորդ տարիների համեմատ՝ տարին շատ ավելի ակտիվ էր և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումներով»։

Իսրայելյանի խոսքով՝ տարածաշրջանային, աշխարհաքաղաքական զարգացումները ևս ազդեցություն են ունենում հայ-իրանական հարաբերությունների վրա.

«Միջուկային համաձայնագրի հետ կապված՝ ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրումը բացասական ազդեցություն ունեցավ Իրանի հետ միջազգային հանրության համագործակցության վրա։ Եթե Օբամայի վարչակարգի քաղաքականությունը լիներ, վստահաբար, այլ տնտեսական միջավայր կստեղծվեր, որն իր դրական ազդեցությունը կունենար։

Բայց, ցավոք, տարածաշրջանն այնպիսին է, որ դեպքերը շատ արագ են փոխվում, շատ դժվար է կանխատեսել, և հաճախ տարածաշրջանային զարգացումներն իրենց ազդեցությունն են ունենում տարբեր պայմանավորվածությունների և ծրագրերի վրա, նաև՝ Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների վրա»։

Հայաստան-Իրան համագործակցության առումով իրանագետը կարևոր է համարում նաև խորհրդարանական կապերի ակտիվացումը.

«Նաև պետք է փորձենք այս նոր իրողությունների պայմաններում այլ դաշտերում համագործակցել. հանրային դիվանագիտությունը ներկա շրջանում շատ կարևոր է։ Ի վերջո, տարբեր որոշումները մեկ օրում չեն կայացվում, պետք է այնպիսի հասարակական պահանջ ձևավորել, որ Իրանի իշխանություններն էլ գիտակցեն Հայաստանի շահերի կարևորությունը, Հայաստանի վերաբերյալ որոշումներ ընդունելիս՝ ավելի վճռական լինեն։ Այս առումով էլ, կարծում եմ, որ մեր հասարակական հատվածն ունի իր կարևոր դերակատարումը»։

 

Տեսանյութեր

Լրահոս