«Առաջիկա տարիներին մենք կտեսնենք, որ Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները էական կկրճատվեն». Տնտեսագետ
«Նոր կառավարությունը, բացի մարդկանց նոր դեմքերից, նոր գաղափարներ, նոր մոտեցումներ չբերեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Ըստ նրա՝ այսօրվա ՀՀ-ի զարգացման հիմնական խոչընդոտը գործող համակարգը, գործող տնտեսական մոդելն է, որը, տնտեսագետի խոսքով, իրեն սպառել է.
«Խոսում են՝ 4.3 տոկոս տնտեսական աճից, ներդրումներից, կասկածելի թվեր են հրապարակում, խոսում են արտահանման, ներմուծման մասին, որ աճում է, բայց իրական խնդիրների մասին խուսափում են խոսել, որովհետև այդ հարցերի պատասխանը չունեն»:
Վ. Խաչատրյանի խոսքով՝ ՌԴ-ի տնտեսության աճից է կախված, թե ՀՀ-ում տնտեսական աճ կլինի՞, թե՞ ոչ.
«Գտնում եմ՝ տնտեսության վիճակը կախված է նաև եղանակային պայմաններից: Երբ ձմեռը երկար է լինում, էներգետիկան զարգանում է, մենք մեր բոլոր խնայողություններն ուղղում ենք այդ բնագավառին, և սա արհեստական ձևով ապահովում է տնտեսության աճ: Այս տարին սկսվել են ժողովրդի համար բարենպաստ, բայց էներգետիկների համար ոչ բարենպաստ եղանակներ: Այսինքն՝ եթե այսպես շարունակվի, ես շատ ուրախ կլինեմ: Այս ձևով մենք նաև չէինք նպաստի «Գազպորմի» կամ ՀՀ էներեգտիկայի զարգացմանը, որովհետև ես գտնում եմ, որ այն խաղի կանոնները, որ մեզ թելադրված են, ազնիվ չեն, այն գները, որով մենք վճարում են գազ, ավելի ցածր պետք է լինեն: Այսօր ՀՀ քաղաքացիներին «Գազպրոմն» ուղղակի թալանում է, չի պահպանվում նույնիսկ այն պայմանը, որ կար 2013 թվականին ամրագրված գազի հայտնի պայմանագրում»:
Տնտեսագետի խոսքով՝ մեր գյուղատնտեսությունը նախորդ տարվա համեմատ աճ է ապահովել 30 տոկոսով.
«Պարզվում է՝ 2016-ին էլ 30 տոկոսով անկում է եղել: Դա անհնար է, երբ դրան կապակցում ենք նաև շուկայում եղած գները: Գյուղատնտեսական ապրանքների կտրուկ աճ տեղի չի ունեցել: Այսինքն՝ ո՞ր ապրանքատեսակների հաշվին է, որ գյուղատնտեսությունն այդպիսի անկում և այդպիսի աճ է ապահովել, պարզվեց՝ դա հիմնականում խաղողն է: 2016 թվականին խաղողի արտադրանքի 60 տոկոս նվազում է եղել: Իմ կարծիքով՝ բացատրությունը կայանում է հետևյալում. մեզ մոտ ուռճացվում են խաղողի թվերը: Դա կապված է մեկ հանգամանքի հետ, որ մենք խաղողն օգտագործում ենք կոնյակ ստանալու համար:
ՀՀ գործող օրենքով՝ կոնյակի սիպրտ կարող է համարվել միայն այն արտադրանքը, որն այստեղի խաղողից է ստացվում, բայց քանի որ կոնյակի մեծ սպառում կար, իմ ենթադրությամբ՝ դրսից բերվում էր կոնյակի սպիրտ, չէր ֆիքսվում որպես կոնյակի սպիրտ, ու տարբեր գործարններ ցույց են տալիս, որ իրենք կոնյակի սպիրտ են արտադրել»:
Վ. Խաչատրյանը գտնում է՝ առաջիկա տարիներին մենք կտեսնենք, որ մեզ մոտ կոնյակի արտադրության ծավալները էական կկրճատվեն. «Եթե հետևել եք, ԵԱՏՄ-ի ստանդարտներին համապատասխան՝ բոլոր կոնյակ արտադրողները պետք է համապատասխան սերտիֆիկատ ստանան: Մյուս տարի կտեսնենք, որ մեզ մոտ կոնյակ արտադրողների թիվն էականորեն կկրճատվի»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: