Բաժիններ՝

«Վարկային միջոցների արդյունավետ օգտագործման առումով Հայաստանը համարվում է լավագույն ցուցանիշներ ունեցող երկիր». Ֆինանսների նախարար

«Պարոն Արամյան, 2018 թվականի ընթացքում մեր պետական պարտքի շեմը անցնելո՞ւ է 60 տոկոսի շեմը, թե՞ ոչ»,- ԱԺ արտահերթ նիստում՝ դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, հարցրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ  բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Վ. Արամյանն ասաց, որ 2018 թվականի տարվա վերջին իրենք ակնկալում են, որ պարտք-ՀՆԱ ցուցանիշը կլինի 55.1 տոկոս, և 1 տոկոսային կետով իրենք նախատեսում են նվազեցում:

«Ձեր պաշտոնավարման տարիների ընթացքում ներգրավված վարկային միջոցներն ինչպե՞ս են օգտագործվել՝ արդյունավե՞տ, թե՞ ոչ: Խնդրում եմ՝ հստակ ասեք՝ ի՞նչ միջոցառումներ եք ձեռնարկում, որ վարկային միջոցներն իրենց նպատակին ծառայեն»,-  շարունակեց հարցը Մ. Մելքումյանը:

Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Պարոն Մելքումյան, դուք ինձնից լավ տեղյակ եք, հիմա այստեղ փորձում եք ինչ-որ բաների մեջ ընկնել, որ ես ասեմ՝ արդյունավետ է, հետո դրանից հետո հետևելու է երկրորդ հարցը՝ իսկ ինչպե՞ս եք չափում այդ արդյունավետությունը: Դրա համար ես միանգամից երկրորդ ձևով կպատասխանեմ: Միջազգային կառույցներն իրենց կողմից տրամադրված վարկերի վերաբերյալ ունենում են նաև արդյունքային ցուցանիշներ: Այն բոլոր վարկային ծրագրերը, որոնք անարդյունավետ են, դրանք ընկնում են սև ցուցակ: Հայաստանը համարվում է լավագույն ցուցանիշներ ունեցող երկիր»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք այս օրենքն անհրաժե՞շտ է նրա համար, որ ՀՀ-ն նոր պարտքեր վերցնի:

Ի պատասխան՝ Վ. Արամյանն ասաց, որ այս ամբողջ փաթեթի իմաստը ոչ թե նոր պարտքեր վերցնելու հնարավորություն ընձեռելն է, այլ կանոն սահմանելն է, թե ինչպիսի հարկաբյուջետային քաղաքականություն պետք է վարենք.

«Իմաստն այն է, որ անկախ նրանից, թե ով կլինի Ֆինանսների նախարարը, կանոնները լինելու են խիստ հստակ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս