Բաժիններ՝

«Եթե պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 50 տոկոսը, ամբողջ հանրության առաջ կառավարությունը պետք է հաշվետու լինի»

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նկատեց, որ մենք այսօր ունենք  հարկաբյուջետային կանոններ, որոնք բավականին կոշտ են, որոնք չեն բխում մեր տնտեսական զարգացման տեսլականից, շատ դեպքերում կարող են արհեստածին խոչընդոտներ ստեղծել, որ հարկաբյուջետային քաղաքականությունը լինի ճկուն:

«Այսօրվա գործող հարկաբյուջետային քաղաքականությունն ունի կանոններ, որ, եթե պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 50 տոկոսը, դու պետք է ծրագրավորես ու իրականացնես այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որ քո դեֆիցիտը նախորդ 3 տարիների ՀՆԱ-ների նկատմամբ 3 տոկոսը չգերազանցի, և, եթե 60 տոկոս է, դու չես կարող որևէ պարտք վերցնել, կամ բոլոր պարտքերդ դառնում են առոչինչ: Սրանք բավականին կոշտ մեխանիզմներ են, ու կյանքը ցույց է տալիս, որ երկրները մեկը մյուսի հետևից՝ փոխանակ կանոններ դնեն դեֆիցիտի վրա, կանոններ են դնում հիմնականում ծախսային քաղաքականության վրա, ինչը նաև մենք իրականացրել ենք»,- նշեց նախարարը:

Խոսելով նախատեսվող փոփոխությունների մասին՝ նա նշեց, որ շեմերին իրենք որևէ ձևով ձեռք չեն տալիս, ավելացվում է ևս մեկ շեմ՝ 40 տոկոսը. «Կանոնը հետևյալն է՝ եթե քո կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 40 տոկոսը, դու պետք է ծրագրես և իրականացնես այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որ քո կապիտալ ծախսերն ավելի լինեն, քան քո պակասուրդն է, այլ կերպ ասած, պարտք ես վերցնում, անպայման ծախսեր արա, որ քո պակասուրդն աճի: Եթե քո կառավարության նախորդ տարվա պարտք-ՀՆԱ ցուցանիշը գերազանցում է 50 տոկոսը, ապա այս առաջին կանոնն ավելի է կոշտացվում, պետք է սահմանվի նոր կանոն ընթացիկ ծախսերի աճի համար:

Եթե 60 տոկոսն ենք գերազանցում, ապա պետք է ավելի կոշտացնենք կանոնը, և իմ նախանշած երկու կանոնին ավելանում է երրորդ կոշտ մեխանիզմը, որ պետք է սահմանվի ընթացիկ ծախսեր և հարկային եկամուտներ հարաբերակցություն, որ քո սեփական եկամուտների այլ աղբյուրները ևս վերաուղղվեն սեփական ծախսերին, որպեսզի ուժեղացնենք տնտեսական աճի տեմպերը:

Եթե գերազանցում ենք 50-ը, ամբողջ հանրության առաջ կառավարությունը պետք է հաշվետու լինի, թե միջնաժամկետ ծախսերի ծրագրում ինքն ինչպես է վերադառնում դեպի 50 տոկոս շեմը: Եթե 60 տոկոսն է գերազանցում, այդ մեխանիզմները պետք է քննարկվեն Ազգային ժողովում այնպես, ինչպես  քննարկվում է դրամավարկային քաղաքականության ծրագիրը»:

Նախարարն ընդգծեց, որ բացառման դեպքերն են՝ տարերային աղետները, պատերազմական իրավիճակը և ճգնաժամը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս