…Ասանկ թե անանկ, ամենքս ալ քիչիկ մը «մեծապատիվ» ենք
Վերջապե՜ս բեմից էլ խոստովանեցինք… Օրերս մայր թատրոնի բեմում Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» կատակերգության պրեմիերան էր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանի բեմադրությամբ, որն ընդունվեց շռնդալից ծափողջյուններով: Հանդիսատեսը կրկին («Պեպոյից» հետո) ականատես եղավ Էլբակյան-բեմադրիչի նորարարական ոճին՝ դասական պիեսի ինքնատիպ մեկնաբանություն՝ արդիական ընդգծված շեշտադրումներով, կինոֆիլմի կադրեր հիշեցնող հյութեղ նկարչական ձևավորմամբ հագեցած միզանսցեններ (բեմանկարիչ՝ Գարիկ Եվանգուլյան), ժամանակաշրջանի կոլորիտին ներդաշնակ երաժշտություն (կոմպոզիտոր՝ Ստեփան Լուսիկյան, գործիքավորումը՝ Լևոն Խաչատրյանի, խոսք՝ Արամայիս Սահակյանի):
Գնահատանքի է արժանի Էլբակյան-արվեստագետի խիզախումը՝ ռեժիսորի մունդիրին հավատարիմ մնալու իր հավատո հանգանակը՝ ձեռքը միշտ ԺԱՄԱՆԱԿԻ զարկերակին: Սոցիալական սատիրայի գլուխգործոց դասական այս պիեսին (Պարոնյանի հորինվածքում այն վեպ է եղել) նա հավելել է արվեստագետի իր աղաբաժինը, ընդ որում՝ մերօրյա աղամանով: Նպատակը մեկն էր. ընկալելի լինել այսօրվա հանդիսատեսին, նրան մտորել տալ՝ գուցե նրա դեմքի՞ն էլ նույն մուրն է:
Ինձ միշտ տանջել է հռետորական մի հարց. ինչպե՞ս կընդունի դրսում օտարազգի հանդիսատեսը մեր Պարոնյանին, Օտյանին կամ Լեռ Կամսարին…որովհետև հումորը, հատկապես սատիրան պորտալարով կապված են ազգային մտածելակերպի հետ: Համոզված եմ՝ դրսի հանդիսատեսի պարագայում այն զուտ պահի ժպիտ կարթնացներ, գուցեև՝ ծիծաղ…բայց միայն դահլիճում: Իսկ դահլիճից դո՞ւրս…Չէ՞ որ արվեստի գերխնդիրը հենց այդ դահլիճից դուրսն է…ի՜նչ տարար քեզ հետ: Ներկայացումից հետո, թերևս, շատերն իրենց դեմքին տեսան այդ մուրը և անտրտունջ ու համակերպված «տարան» այն: ՀԱՄԱԿԵՐՊՎԱԾ: Բեմադրիչը սատիրան վեր է ածել տրագիֆարսի: Բացատրեմ:
Երբ մեզ հարցնում են՝ ո՛նց ես, տալիս ենք հայերիս ավանդական ու համակերպվող պատասխանը՝ յոլա եմ գնում: Ասել է թե՝ մրոտ թե անմուր՝ յոլա եմ գնում: (Ի դեպ այս յոլ-ը թուրքերենի ճանապարհ բառն է…այսինքն՝ ճամփա է, գնո՜ւմ ենք…ա՛պրում ենք, էլի՜): Եվ ինչն է այստեղ ուշագրավը…որ այս պատասխանը տվել ենք նաև խորհրդային այն լավ ու բարի ժամանակներում, երբ, ասենք, գործարանի բանվորին անհատույց բնակարան էին հատկացնում: Հիմա սրան ի՞նչ անուն տանք…պարզապես՝ տաղանդավոր յոլա գնացող ազգ ենք: Կարծում ենք՝ բեմադրիչի շեշտադրումը, ինչպես և տեսլականը հենց այդ՝ ՀԱՄԱԿԵՐՊՎՈՂԻ համատեքստում է. ապուշ ու տգետ աբիսողոմ աղաներն են միշտ պատվիրել երաժշտությունը և նրա հնչյունների ներքո «պարացրել» հասարակության պատվարժան, ասել է թե՝ մեծապատիվ անդամներին՝ տքնաջան ռանչպարից մինչև գիտնական ու արվեստագետ…, և նրանք այդպես էլ յոլա են գնացել: Ընդհանրության մեջ շատերս ենք աբիսողոմ աղաների ձեռքին նայում, դժբախտաբար: Անկասկած, բոլոր ժամանակներում էլ եղել են աբիսողոմներ, բայց չէ՞ որ նրանց կողքին եղել են նաև Գյուլբենկյաններ ու Նուբար Փաշաներ, Մանթաշյանցներ…մեկենասներ, որոնք չեն սպասել, որ իրենցից ՈՒԶԵՆ. նրանք, պարզապես, բարեգործություն են արել՝ առանց ֆետիշացման. այլ կերպ չէին էլ կարող ապրել: Այսօր էլ կան այդպիսի նվիրյալներ, բայց այնքան քիչ են, որ տակավին հանրային որակ չեն կազմում: Ավելի քան վստահ եմ, որ գալու է այդ ՈՐԱԿԻ շրջանը. պարզապես մեր գենոֆոնդի արյունը մեկ-երկու շրջան էլ պիտի պտտվի, որ մաքրվի ու զուլալվի և իր բյուր անոթներին թարմ արյուն մատակարարի՝ չթողնելով, որ վերջիններս սմքեն ու խեղճանան և ամեն արժող-չարժողից արյուն մուրան: Սա է Էլբակյան-բեմադրիչի տեսլականը…ե՞րբ են ՊԱՏՎԱՐԺԱՆՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ապրելու: Իսկ ճշմարիտ արվեստագետի խնդիրն էլ հենց դա է. իրականությունը պատկերել ոչ այնպես, ինպիսին այն կա, այլ ինչպիսին այն ուզում է տեսնել ինքը: Այս առաջադիր խնդիրը լուծել է բեմադրիչը:
Բեմադրիչի ասելիքի մարմնավորողը, անշուշտ, դերասանական կազմն էր՝ Ալբերտ Մկրտչյան (Աբիսողոմ աղա), «մեծապատիվ մուրացկաններ» Հարություն Մովսիսյանը (Մանուկ աղա), Ռուդոլֆ Ղևոնդյանը (դերասան), Արմեն Մարգարյանը (խմբագիր), Ռազմիկ Խոսրոևը (դպրոցի տնօրեն), Ստեփան Շահինյանը (բժիշկ) և այլք: «Մեծապատիվների» կազմում բեմադրիչն առաջին պլան էր մղել Մանուկ աղայի կնոջը՝ Շողակաթին (Աննա Էլբակյան), որի փայլուն կատակերգական դերակատարումն ասես պսակեց «մեծապատիվների» բեմական հաղթարշավը: Հետահայաց վերլուծելով այս դերասանուհու ստեղծագործական խաղացանկը՝ այնտեղ առավելապես տեսնում ենք դրամատիկական դերակատարումներ. պարզվեց, սակայն, որ նրա ամպլուան շատ ավելի մեծ է, իսկ վերջինս այնքան վարժ է իր արվեստի արհեստում, որ երգիծական դիպուկ իմպրովիզացիաներով լիաթոք ծիծաղի ալիք էր բարձրացնում դահլիճում: Աննա Էլբակյանը փայլուն էր կերտել հարուստ ու ապահով նորաթուխ երեսփոխան-պատգամավորի կնոջ վառ ու տիպական կերպարը: Այդ խտացված կերպարում հանդիսատեսը տեսավ մերօրյա փող շինող ընտրյալ «բիզնես-լեդիներին», որոնց հոգևոր դատարկությունն արձագանքվում էր անգամ Էլբակյան-Շողակաթի խոսքի քաղցր-մեղցր հնչերանգում:
Լավ խաղ ցուցադրեցին նաև բեմադրիչի խոսափողերը՝ այն չորս երիտասարդները, որոնք կարմիր թելի պես տանում էին նրա ասելիքը. մերթընդմերթ հայտնվում էին գործողությունների էպիկենտրոնում՝ ծածանելով մարտնչող տգիտության հաղթական ալ դրոշը:
Մնում է՝ մայր թատրոնի ստեղծագործական կոլեկտիվին մաղթենք նորանոր բեմադրություններ, որոնք նման կենդանի շնչառություն կհաղորդեն բարի ավանդույթներով հարուստ մեր հարազատ մշակութային օջախին:
Արտաշես Մարտիրոսյան
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ