«Անկախ իմ գտնվելու վայրից՝ նպաստելու եմ իմ երկրի հզորացմանն ու ուժեղացմանը». Կարինե Մինասյան
«Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքն այս անգամ ներկայացնում է Կարինե Մինասյանի պատմությունը։ Կարինեն այժմ Գերմանական փոխանակման ծառայության (DAAD) ծրագրի շրջանակում շարունակում է ուսումն աշխարհի լավագույն համալսարանական կլինիկաներից մեկում՝ Բեռլինի Շարիտե համալսարանական կլինիկայի էնդոկրինոլոգիական բաժանմունքում։
Կարինեն ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բակալավրիատը և մագիստրատուրան՝ ստանալով բժշկի որակավորում։ Երիտասարդ բժիշկը շարունակում է կրթությունը Մուրացան համալսարանական կլինիկայի էնդոկրինոլոգիական բաժանմունքում՝ որպես կլինիկական օրդինատոր։
Մագիստրատուրայում ուսանելու տարիներին Կարինեն ընդունվում է նաև Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետ և ավարտում է երկրորդ մասնագիտությունը՝ ստանալով Զավեն Օ. Կոդջայան կրթաթոշակ՝ բարձր առաջադիմության համար։
«Կրթության հետ մեկտեղ՝ կարևորում եմ նաև քաղաքացիական ակտիվությունը։ Ավելի քան 6 տարի հանդիսանում եմ «Օգնիր երեխաներին» հասարակական կազմակերպության հիմնադիրներից մեկը։
Այս տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ բարեգործական աշխատանքներ՝ նպատակ ունենալով մեր գործունեությամբ օգնել մանկատներում, անապահով ընտանիքներում և ծանր իրավիճակներում հայտնված երեխաներին։ Հասարակական կազմակերպության հիմնադրումն ինձ համար ունի մի յուրահատուկ խորհուրդ։
Հիմնադրելով այդ մարդասիրական և բարեգործական կազմակերպությունը, ժամանակի ընթացքում հենց այդ նույն կազմակերպությունում գտա իմ երջանկությունը՝ այն ուժեղ և խելացի մարդուն, ում հետ այժմ շարունակում եմ իմ կյանքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։
Կարինեի ամուսինը բժիշկ, նյարդաբան Սարգիս Աբրահամյանն է, ում անդրադարձել ենք մեր շարքի հրապարակումներից մեկում։
Կարինեն կարևորում է հայաստանյան երկու համալսարաններում ստացած կրթությունը. «Ընդունվելով Մխիթար Հերացու անվան Երևանի Պետական բժշկական համալսարան՝ հնարավորություն ունեցա արհեստավարժ և փորձառու դասախոսների օգնությամբ տիրապետել բժշկական արվեստի գաղտնիքներին և հենց այդ տարիների ընթացքում սկսեցի ավելի արժևորել բժշկի նվիրական առաքելությունն ու կոչումը։
Այնուհետև շարունակելով կրթությունս Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետում՝ միջազգային որակավորում ունեցող դասախոսների շնորհիվ ձեռք բերեցի գիտելիքներ՝ հանրային առողջապահության, առողջապահական ծառայությունների տրամադրման, գնահատման և կառավարման վերաբերյալ, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու գիտական հետազոտություններ իրականացնելու հմտությունները, որոնք նոր ճանապարհներ բացեցին դեպի գիտական ասպարեզ՝ որպես երիտասարդ գիտնական։
ՀԱՀ-ի հանրային առողջապահության ֆակուլտետում ուսումս արժևորում եմ ոչ միայն ստացածս գիտելիքների և մասնագիտական հմտությունների, այլ նաև՝ այնտեղ տիրող մթնոլորտի, այնտեղ ձեռք բերված բոլոր հնարավորությունների և բոլոր արժեքների համար, որոնք օգնել են ինձ՝ դառնալու վստահ, պատրաստակամ, էներգիայով լի և ուժեղ անձնավորություն, ով պատրաստ է ցանկացած դժվարությունների և ձգտում է իր դերն ունենալու Հայաստանի առողջապահական համակարգի բարելավման և զարգացման հարցում։
Այդ երկու կրթական օջախներում ստացած գիտելիքների շնորհիվ և գերմանական փոխանակման ծառայության (DAAD) միջնորդությամբ՝ այսօր գտնվում եմ Եվրոպայի լավագույն կլինիկաներից մեկում։ Այստեղ ցանկանում եմ ընդգծել գերմանական փոխանակման ծառայության (DAAD) կարևորությունը, քանի որ այն հանդիսանում է կամուրջ Գերմանիայի և Հայաստանի միջև։ Ամեն տարի բազմաթիվ խելացի և հեռանկարային մասնագետներ հնարավորություն են ստանում վերապատրաստվել Գերմանիայի լավագույն կրթական հաստատություններում»։
Կարինեի առօրյան Շարիտե համալսարանական կլինիկայում բավականին հագեցած է։ «Օրը սկսվում է որևէ բժշկի կողմից կարճ զեկույցի ներկայացմամբ։ Ամենօրյա այդպիսի զեկույցները նպատակ ունեն մյուս գործընկերներին ներկայացնել էնդոկրինոլոգիայի ոլորտում առկա նորությունները։ Դրան հաջորդում է մասնագետների համայցը և յուրաքանչյուր կլինիկական դեպքի մանրամասն քննարկումը։
Բացի կլինիկական գործունեությունից՝ զբաղվում եմ նաև գիտական գործունեությամբ և ընդգրկված եմ 3 գիտական խմբերի կազմում։
Թեպետ օրվա ավարտից հետո բավականին հոգնած եմ լինում, սակայն մեծ եռանդով շարունակում եմ աշխատել, քանի որ զգում եմ մասնագիտական առաջընթաց»,- պատմեց նա։
Հետաքրքրվեցինք, թե մասնագիտական առումով ի՞նչ է ստանում այնտեղ, որ այստեղ չկար, և առհասարակ, ի՞նչ է տալիս ուսանողին իր երկրից դուրս սովորելը: Ի պատասխան՝ Կարինեն ասաց, որ տեսական գիտելիքների առումով չկա հսկայական տարբերություն.
«Սակայն Գերմանիայում յուրաքանչյուր բժիշկ-էնդոկրինոլոգ պարտավոր է տիրապետել նաև որոշակի գործիքային հետազոտությունների, ինչպիսիք են՝ սոնոգրաֆիան, անոթների դոպլեր հետազոտությունը, ակնահատակի ուսումնասիրությունը։
Այս բոլոր հետազոտությունները սերտորեն կապված են էնդոկրինոլոգիայի ոլորտի հետ։ Եվ եթե անհրաժեշտ է գործիքային հետազոտություն՝ ախտորոշումը հաստատելու համար, կարիք չկա հիվանդին ուղեգրելու այլ բաժանմունք, քանի որ էնդոկրինոլոգը տեղում կարող է կատարել անհրաժեշտ գործիքային հետազոտությունները։ Եվ մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ ինձ ընձեռված է հնարավորություն ուսանելու նաև այդ հետազոտությունները»։
Կարինեի խոսքով՝ եվրոպական երկրներում սովորելը երիտասարդ մասնագետներին ընձեռում է հսկայական հնարավորություններ՝ մասնակցելու տարբեր միջազգային կոնֆերանսների, քննարկումների, կլոր սեղանների.
«Այստեղ այդ միջոցառումներին մասնակցելը բարդ չէ, քանի որ հաշված ժամերի ընթացքում կարող ես հասնել հարևան պետություններ, որտեղ շատ հաճախ տեղի են ունենում գիտական և բժշկական կարևոր իրադարձություններ։ Բեռլինում գտնվելու 2 ամիսների ընթացքում արդեն հասցրել եմ մասնակցել այդպիսի բազմաթիվ միջոցառումների»։
Խոսելով Հայաստանի և Գերմանիայի բուհական համակարգերի տարբերության մասին՝ Կարինեն ընդգծեց մի քանի կարևոր առավելություններ, որոնք առկա են Գերմանիայի բուհական համակարգում.
«Առաջին՝ բժիշկ և գիտնական հասկացությունները միմյանցից անբաժանելի են։ Յուրաքանչյուր բժիշկ, առանց որևէ բացառության, պարտավոր է զբաղվել գիտական հետազոտական աշխատանքներով՝ նպաստելով ոչ միայն կլինիկական մասնագիտության, այլ նաև գիտության զարգացմանը։
Երկրորդ՝ առաջատար մասնագետները, մասնակցելով միջազգային գիտական կոնֆերանսների, համալսարանի աջակցությամբ կազմակերպում են գիտական կոնֆերանսներ (Update conferences) և իրենց ստացած նոր տեղեկությունները հաղորդում մյուս գործընկերներին»։
Հարցին՝ ուսումնառության ընթացքում զգո՞ւմ է, որ օտար երկրում է, թե՞ հագեցած առօրյան թույլ չի տալիս այդ մասին մտածել, Կարինեն այսպես պատասխանեց.
«Թեպետ այստեղ առօրյան բավականին հագեցած է՝ նոր մարդիկ, նոր ծանոթություններ, մասնագիտական առաջընթաց, խոստումնալից ապագա, և թվում է, թե այս ամենի կողքին չպետք է զգացվի, որ իմ երկրում չեմ, սակայն գոյություն ունի մարդուն բնորոշ յուրահատուկ և հետաքրքիր մի զգացում՝ կարոտ։ Եվ բնականաբար, զգում եմ, որ իմ երկրում չեմ, կարոտում եմ իմ հայրենիքը, իմ ընտանիքը, իմ հարազատներին»։
Ինչ վերաբերում է ապագայի պլաններին, Կարինեն նշեց, որ դեռ չգիտի՝ ծրագրի ավարտից հետո որտեղ կլինի.
«Կվերադառնա՞մ հայրենիք, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա, չէ՞ որ ժամանակը հոյակապ ուսուցիչ է։ Սակայն մի բան հաստատ գիտեմ՝ անկախ իմ գտնվելու վայրից՝ նպաստելու եմ իմ երկրի հզորացմանն ու ուժեղացմանը»։