«Այսօր ԵՄ-ն հայ ուսանողներին և երիտասարդ մասնագետներին մեծ հնարավորություն է ընձեռում՝ կրթվելու աշխարհի առաջատար հաստատություններում»
«Հայ ուսանողները՝ աշխարհի լավագույն բուհերում» շարքն այս անգամ ներկայացնում է բժիշկ Սարգիս Աբրահամյանի պատմությունը: Erasmus Mundus ծրագրի շրջանակում երիտասարդ բժիշկն ուսումը շարունակում է աշխարհի լավագույն բժշկական բուհերից մեկում՝ Գերմանիայի Շարիտե համալսարանական կլինիկայի նյարդաբանության բաժանմունքում։
Սարգիսն ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բակալավրիատն ու մագիստրատուրան՝ ստանալով բժշկի որակավորում: «2016թ.-ից առ այսօր համարվում եմ նույն համալսարանի կլինիկական օրդինատոր «նյարդաբանության» մասնագիտական ոլորտում։
Կլինիկական օրդինատուրան անցկացնում եմ «Աստղիկ» բժշկական կենտրոնում և N2 բուժ. միավորումում։ Ուսանողական տարիներին աշխատել եմ նաև ««Աստղիկ» բժշկական կենտրոնում` համատեղելով ուսումս և աշխատանքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ շատ կարևոր է համարում այդ տարիները, քանի որ հենց այդ տարիների ընթացքում իրեն հնարավորություն ընձեռվեց համալսարանում ստացած տեսական գիտելիքները համադրել գործնական հմտությունների հետ և հիմնովին ուսումնասիրել բժշկական արվեստը։
Ուսման հետ միաժամանակ՝ Սարգիսը զբաղվում է նաև հասարակական ակտիվ գործունեությամբ. «Ավելի քան 5 տարի է՝ հանդիսանում եմ «Օգնիր երեխաներին» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահը՝ նպատակ ունենալով և՛ որպես ՀՀ քաղաքացի, և՛ որպես բժիշկ՝ օգնել այն ընտանիքներին և երեխաներին, որոնք ունեն աջակցության կարիք։ Այդ 5 տարիների ընթացքում իրականացվել են բազմաթիվ աշխատանքներ. այցեր բազմազավակ, անապահով ընտանիքներ, մանկատներ, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, կատարվել են հիվանդ երեխաների հետազոտություններ և իրականացվել վիրահատական միջամտություններ»։
Գերմանիայում ուսումը շարունակելը նրա համար շատ կարևոր էր, քանի որ Սարգիսն այն համարում է առաջատար երկիր՝ բոլոր ոլորտներում։ «Շատերը կհամաձայնեն ինձ հետ, որ Գերմանիայի առողջապահական համակարգն աշխարհում գործող լավագույն մոդելներից մեկն է, և ես միշտ ունեցել եմ ցանկություն՝ կրթությունս շարունակել Գերմանիայում։ Նախորդ տարվա ամռանը, ստանալով DAAD կրթաթոշակ, հնարավորություն ունեցա Գերմանիայում խորացնելու գերմաներեն լեզվի իմացությունս, ինչպես նաև ծանոթանալ Գերմանիայի մշակույթին և ավանդույթներին։
Ներկայումս կրկին գտնվում եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում, այս անգամ արդեն՝ Erasmus Mundus ծրագրի շրջանակում, և ինձ համար մեծ պատիվ է՝ ուսումս շարունակել աշխարհի լավագույն բժշկական բուհերից մեկի` Շարիտե համալսարանական կլինիկայի նյարդաբանության բաժանմունքում։ Այսօր Եվրոպական միությունը հայ ուսանողներին և երիտասարդ մասնագետներին մեծ հնարավորություն է ընձեռում՝ կրթվելու աշխարհի առաջատար հաստատություններում»։
Հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ են զբաղվում, հագեցա՞ծ է առօրյան, դասերն ինչպե՞ս են կազմակերպում։
«Օրը բավականին հագեցած է։ Աշխատանքային օրը սկսվում է առաջատար մասնագետների կողմից հիվանդների հետազոտությունների արդյունքների քննարկումներով, որին հետևում է մասնագետների շրջայցը բաժանմունքում։ Դրան զուգահեռ՝ գրեթե ամեն օր կազմակերպվող դասախոսությունների և գիտաժողովների ժամանակ զեկույցներով հանդես են գալիս ոլորտի առաջատար մասնագետները։ Իսկ աշխատանքային օրվա ավարտից հետո հաճախ եմ այցելում տեսարժան վայրեր` ծանոթանալով Գերմանիայի մշակույթին, ավանդույթներին և պատմությանը»,- պատմում է մեր զրուցակիցը:
Նրա խոսքով՝ Շարիտե համալսարանական կլինիկայում հիվանդների հետազոտություններն ու բուժումը կազմակերպվում են ժամանակակից և գերժամանակակից սարքավորումներով.
«Եվ հետաքրքիր է այն փաստը, որ երիտասարդ մասնագետներն այդ պրոցեսի ակտիվ մասնակիցն են։ Բացի այդ, երիտասարդ բժշկին հնարավորություն է ընձեռվում՝ ծանոթանալ առողջապահական ոլորտում առկա գիտական նորարարություններին և մասնակցել այդ գործընթացին։ Ուշագրավ է այն փաստը, որ հենց Շարիտեում են սկսել և հետագայում շարունակել իրենց գործունեությունն այնպիսի անվանի բժիշկ գիտնականներ, ինչպիսիք են Ռոբերտ Կոխը, Պաուլ Էրլիխը, Էմիլ Ֆոն Բերգը։ Բոլոր պայմանները ստեղծված են հիանալի կրթություն ստանալու համար, մնում է միայն ցանկություն և աշխատասիրություն՝ վերցնելու այդ ամենը»։
Մեր զրուցակիցը նշում է, որ այնտեղ իրականացվում են այնպիսի հետազոտություններ, ինչպիսիք են պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիան, 7 տեսլա հզորությամբ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան, գլխուղեղի ներանոթային ինվազիվ միջամտությունները. «Կլինիկայում առանձին մաս է կազմում ինսուլտների կանխարգելման և բուժման համար նախատեսված բաժանմունքը։ Իսկ բաժանմունքի աշխատակիցների արագ և պրոֆեսիոնալ աշխատանքի, ինչպես նաև գլխուղեղի ներանոթային ինվազիվ միջամտությունների կիրառումը շատ հիվանդների հնարավորություն է տալիս խուսափել հետագա բարդություններից և հաշմանդամությունից»։
Սարգիսը վստահեցնում է, որ որակական առումով Հայաստանի և Գերմանիայի բուհական համակարգերում տարբերություն չկա. «Ես ինքս սովորել եմ ԵՊԲՀ-ում և իմ գիտելիքներով չեմ զիջում որևէ եվրոպական բուհի ուսանողի։ Եթե ուսանողը ցանկանում է Հայաստանում ստանալ որակյալ կրթություն, չկա որևէ խոչընդոտ այդ ճանապարհին։ Խնդիրն այստեղ ուսանողների մտածելակերպի մեջ է։ Եվրոպական բուհերում սովորող ուսանողները գիտեն՝ ինչու են ընդունվել և ինչ են ուզում, նրանք փորձում են առավելագույնը ստանալ իրենց կրթական հաստատություններից»։
Հարցին՝ ուսման ընթացքում զգո՞ւմ է, որ իր երկրում չէ, թե՞ ուսումնական պրոցեսում դա որևէ կերպ չի արտահայտվում, նա այսպես պատասխանեց.
«Հայրենիքն ինձ համար այլ արժեք է։ Հայրենիքը ես ասոցիացնում եմ ընտանիքի հետ, և բնավ կապ չունի, որ հիմա բավականին առաջատար և զարգացած երկրում եմ։ Միևնույն է՝ ես տանը չեմ։ Հայաստանում առկա են բազմաթիվ խնդիրներ, խոչընդոտներ, անարդարություններ, որոնք ինձ շատ հաճախ բարկացնում են։ Սակայն ես դեռ հույսս չեմ կորցրել, որ մի օր մենք ունենալու ենք մեր բոլորիս երազած, հզոր և ուժեղ հայրենիքը»:
Իսկ ապագա պլանների մասին խոսելով՝ Սարգիսն ասաց, որ թեև Գերմանիայում մնալու գայթակղությունը շատ մեծ է, և ունի դրա հնարավորությունը, բայց անպայման վերադառնալու է Հայաստան և փորձելու է Գերմանիայում ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ներդնել Հայաստանում. «Անկեղծ ասած՝ չգիտեմ, թե որքանով դա ինձ կհաջողվի, սակայն ունեմ մեծ ցանկություն իմ ներդրումն ունենալու մեր երկրի հզորացման և զարգացման ճանապարհին»։