Վիճակագրական Հայաստան
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Հայաստանի կանայք և տղամարդիկ. 2017» տեղեկագիրը: Բավական հետաքրքիր ուսումնասիրություն է: Հատկապես, եթե հիշենք, որ իշխանությունները խորհրդարանում քննարկման են դրել Ընտանեկան բռնությունների կանխարգելման օրենքի նախագիծ: Ուսումնասիրությունը մեկ այլ արժեք էլ ունի: ՀՀ նախագահն իր վերջին ելույթում նշել է, որ իշխանությունները մտադիր են խթանել բնակչության աճը: Այսինքն՝ պետական քաղաքականություն են վարելու չորս միլիոնանոց Հայաստանի տեսլականն իրագործելու:
Տեղեկագրում մանրամասն ներկայացված է Հայաստանի սեռային նկարագիրը: Այս տեսանկյունից շատ ու շատ չափանիշերով մեր երկիրն ամենևին չի զիջում արևմտաեվրոպական պետություններին: Օրինակ, ասենք՝ երեխաների ներգրավվածությունը հանրակրթության ոլորտ: Այս ցուցանիշով մենք գերազանցում ենք շատ զարգացած երկրների: Սեռային տեսանկյունից էլ խտրականություն չկա կրթության ոլորտում:
Թե՛ աղջիկ, թե՛ տղա երեխաները հավասարապես ներգրավված են թե՛ հանրակրթության, թե՛ նախնական բարձրագույն կրթության ոլորտում: Իսկապես ամեն ինչ հրաշալի կլիներ, եթե արձանագրված չլինեին դեմոգրաֆիական, սեռային ու այլ բնույթի մի շարք վտանգավոր փաստեր ու տենդենցներ: Հայտնի բան է, որ միշտ էլ գյուղական բնակավայրերում ընտանիքներն ավելի շատ զավակներ են ունեցել, քան քաղաքներում: Տեսեք, 1990թ. գյուղական բնակավայրում ապրող մեկ կնոջ հաշվարկով ծնվում էր 3,3 երեխա, իսկ քաղաքներում այդ ցուցանիշը 2.3 երեխա էր: Այս տենդենցը Հայաստանում մշտապես արձանագրվել է մինչև 2012թ.:
Դրանից հետո քաղաքային ընտանիքները դարձել են ավելի բազմազավակ, քան գյուղական ընտանիքները: Քաղաքում մեկ կնոջ հաշվարկով 2016թ. եղել է 1,7 երեխա, իսկ գյուղում այդ ցուցանիշն արդեն ավելի փոքր է՝ 1,5 երեխա: Մեր ժողովրդագիրները, ազգագրագետներն ու մյուս մասնագետներն առայժմ չեն արձանագրել այս փաստը, և հետևաբար՝ բացատրող վերլուծություններ չկան:
Տեղեկագրում արձանագրված է նաև այն փաստը, որի շուրջ տարիներ շարունակ հասարակության ուշադրությունը փորձում են բևեռել շատ ժողովրդագիրներ ու հասարակական կազմակերպություններ: 2000թ. 100 աղջկա հաշվարկով Հայաստանում ծնվել է 120 տղա: Վիճակագիրները մշտապես նշում են, որ տղաների ծնունդի բնական ցուցանիշը 102-103-ն է: Այսինքն՝ ապագա ծնողները մեր երկրում՝ պարզելով ծնվելիք երեխայի սեռը, հրաժարվում են աղջիկ երեխայից: Բայց այս խնդիրը վերջին տարիներին շտկվելու միտում ունի՝ 2013-15թթ. 100 աղջկա հաշվով Հայաստանում ծնվել է 113 տղա, իսկ 2016-ին` 112:
Սա էական սեռային շեղում է: Զուտ վիճակագրության տեսանկյունից տարեգիրքը ներկայացնում է, որ 1990թ. հետ համեմատ վերջին տարիներին ծնելիությունը Հայաստանում կրճատվել է կիսով չափ: 1990թ. մեր երկրում ծնվել է մոտ 80 հազար երեխա: Իսկ վերջին տարիներին ծնունդների թիվը համարյա 40 հազար է: Այս միտումներից պարզ է դառնում, որ չորս միլիոնանոց Հայստանի տեսլականը վտանգված է: Տեղեկագիրը մեկ փաստ էլ է արձանագրել, որ բոլորովին բնորոշ չէ «հայու գենին»:
Պարզվում է, որ կանանց առաջին ամուսնության միջին տարիքն ավելի բարձր է, քան առաջին երեխային ծնող մոր միջին տարիքը: Իսկ սա հնարավոր է միայն մեկ պարագայում` երբ ամուսնության պաշտոնական գրանցումը տեղի է ունենում առաջնեկի ծնունդից հետո: Այս երևույթն էլ, բնականաբար, ազգագրագիտական վերլուծության կարիք ունի: Սեռային խտրականության դեմ պայքարող ակտիվիստների քննադատությունից խուսափելու համար բերենք նաև այն փաստերը, որոնք կարելի է համարել խտրականության արդյունք:
Տղամարդկանց միջին թոշակը Հայաստանում ավելի բարձր է` կազմում է 42 հազար 313 դրամ՝ կանանց 39 հազար 165 դրամի դիմաց: Տնտեսության առանձին ոլորտներում կանանց ներգրավվածության և աշխատավարձի չափի ցուցանիշները բոլորովին համահունչ չեն ժողովրդագրության տեսանկյունից: Օրինակ՝ ֆինանսական և ապահովագրության ոլորտում կանանց աշխատավարձը կազմում է այդ ոլորտի տղամարդկանց աշխատավարձի 55,6 տոկոսը: Կրթության ոլորտում կանանց միջին աշխատավարձը տղամարդկանց միջինի 80 տոկոսն է, առողջապահության ոլորտում` 65 տոկոսը:
Տեղեկագիրքը նաև արձանագրել է, որ օրենսդիր, գործադիր, դատական ոլորտների կառավարման մարմիններում կանայք փոքր չափով են ներգրավված: Օրինակ, դատավորների միայն 25 տոկոսն է կին, և այլ նման ու ավելի ու պակաս հետաքրքիր փաստեր:
Հ.Գ. «Հայաստանի կանայք և տղամարդիկ. 2017» տեղեկագիրը ստորագրած հինգ հեղինակներն էլ կին են: Բայց այս փաստն ինձ չի վիրավորում: Ավելին, ես այդ փաստը սեռային խտրականության արդյունք չեն համարում, որովհետև սույն հեղինակները վիճակագրության, տնտեսագիտության ու այլ հարակից ոլորտներում մասնագիտական արժանի ու բարձր հեղինակություն են վայելում: