Պետական պարտքի լույսն ու ստվերը

2015 թվականին Հայաստանի Հանրապետության պետական պարտքը գերազանցեց 5 մլրդ դոլարը, իսկ 2016 թվականի վերջին՝ մոտեցավ 6 մլրդ դոլարին (ավելի կոնկրետ՝ 5 մլրդ 942 մլն դոլար)։ Ըստ ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծի՝ պետական պարտքը 2017 թվականի վերջին կկազմի 6 մլրդ 810 մլն դոլար, իսկ 2018-ին վերջին կհասնի 7.2 մլրդ դոլարի։

Ինչ խոսք, տպավորիչ թվեր են, և դրա համար էլ զարմանալի չէ, որ տնտեսական լրահոսի մեջ պետական պարտքին մեծ ուշադրություն է դարձվում։ Ոմանք ասում են՝ թույլատրելի շեմն անցել ենք, պարտքի բեռը չափազանց ծանր է, մյուսները պնդում են, որ Հայաստանը պարտքային ցածր բեռ ունեցող երկրների շարքում է։

ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ խոսելով պետական պարտքի մասին՝ նշեց, որ պետական պարտքի աճը նորմալ և բնականոն երևույթ է, եթե երկիրը վարում է բյուջեի դեֆիցիտի քաղաքականությունը։ Կարևորը, ըստ Արամյանի, այն է, որ ՀՆԱ-ն աճի ավելի արագ, քան պարտքը. այդ դեպքում խնդիրներ չեն առաջանա։

Կարճ ասած՝ պարտքը, որպես այդպիսին, վատ բան չէ, կամ, «ամենասարսափելի աղետներից մեկը» չէ, ինչպես ժամանակին ասում էր տնտեսագիտության դասական դպրոցի հայտնի ներկայացուցիչ Դավիդ Ռիկարդոն։ Հակառակը՝ պարտքի ավելացումը նպաստում է տնտեսական աճին, ինչը պնդում էին դեռ քեյնսականները։ Խնդիրը պարտքը վերահսկելի պահելն է և թույլ չտալը, որ այն անցնի թույլատրելի շեմը՝ չափից դուրս չծանրանա։

Իսկ ծա՞նր է Հայաստանի պետական պարտքը, թե՞ ոչ։ Ինչպես նշեցինք, տեսակետները տարբեր են։ Կան տարբեր չափորոշիչներ, որոնցից ամենատարածվածը պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն է։ 2015-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում կազմել է 48.7%, իսկ 2016-ի վերջին՝ 56.6%։

ՀՀ պետական պարտքի մասին օրենքի համաձայն՝ պետական պարտքի թույլատրելի շեմը 60%-ն է (պետպարտքը չպետք է գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի 60%-ը)։ Այս առումով Հայաստանի պետական պարտքը 2016-ին դեռ չէր հատել թույլատրելի շեմը։

Իսկ ի՞նչ է լինելու այս տարի։

Դեռ անցած տարվա դեկտեմբերին կանխատեսվում էր, որ 2017թ.վերջին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 56.8%։ Սակայն ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2017 թվականի օգոստոսի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 260 մլն դոլար կամ 2 տրլն 994.5 մլրդ դրամ։ 2016 թվականի անվանական ՀՆԱ-ն եղել է 5 տրլն 79.9 մլրդ դրամ։ Այսինքն, օգոստոսի վերջի դրությամբ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն արդեն 58.9% է։

2018թ. բյուջեի նախագծի համաձայն՝ 2017-ի վերջին պետական պարտքը կհասնի 6.8 մլրդ դոլարի։ Այսինքն՝ 4 ամսում այն կավելանա ևս 550 մլն դոլարով։ Պարզ թվաբանությամբ կարելի է հաշվել, որ դա արդեն 60%-ից մեծ ցուցանիշ է։

Ավելին ասենք, բյուջեի նախագծի համաձայն՝ 2017թ. անվանական ՀՆԱ-ն կկազմի 5 տրլն 450 մլրդ դրամ։ Նույն փաստաթղթում 2018 թվականի վերջում կանխատեսվում է 7.2 մլրդ դոլար կամ մոտ 3 տրլն 450 մլրդ դրամ պետական պարտք (եթե հիմք ընդունենք բյուջեի նախագծում դրված փոխարժեքը)։ Այսինքն՝ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի մոտ 64%։

Ուրեմն ի՞նչ՝ այս տարի և 2018 թվականին խախտելո՞ւ ենք օրենքով թույլատրված 60%-ի շեմը։ Չզարմանաք, բայց ոչ։ Որովհետև մի քանի տարի առաջ «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություն կատարվեց և 60%-ի սահմանափակումը տարածվեց միայն կառավարության պարտքի համար՝ առանց Կենտրոնական բանկի պարտքի։ Այսինքն՝ պարտքի շեմը բարձրացվեց։ Որպեսզի առավել հասկանալի լինի, նշենք, որ 2016 թվականի պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 56.6% է, իսկ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 51.8%։

Ի դեպ, տնտեսական բլոկի պատասխանատուներն այն ժամանակ նշում էին, որ օրենքում պետական պարտքը կառավարության պարտքով փոխարինելն ընդամենը տեխնիկական նպատակներով է արվում և հող չի նախապատրաստում պարտքն ավելացնելու համար։ Այժմ արդեն ակնհայտ է, որ, եթե չկատարվեր այդ փոփոխությունը, պետությունը պարզապես իրավունք չէր ունենա պարտքն այս տարի հասցնել 6.8 մլրդ դոլարի։

Սակայն արդեն կառավարության պարտք/ՀՆԱ-ն հարաբերակցությունն էլ է մոտենում 60%-ի։ Այնպես որ, չենք զարմանա, եթե կառավարությունը հաջորդ տարի պետական պարտքի մասին օրենքում կրկին փոփոխություն կատարի, որը թույլ կտա ավելացնել պետական պարտքը։

Մի դիտարկում ևս՝ Վարդան Արամյանից։ Նա ասում է, որ չի կարելի պարտք վերցնել՝ ընթացիկ ծախսերը հոգալու համար։ Այսինքն՝ չի կարելի պարտք վերցնել, դրանով ավելացնել թոշակներն ու աշխատավարձերը, բնակչության աչքին «լավամարդ դառնալ», հետո հաջորդ տարի ստիպված ավելացնել պարտքը՝ նույն չափով թոշակ ու աշխատավարձ վճարելու և նախկինում վերցված պարտքերը սպասարկելու համար։ Այդպես կարելի է հայտնվել պարտքային թակարդի մեջ և գնալ դեֆոլտի։ Արամյանն ասում է, որ հենց այդ պատճառով էլ իրենք հաջորդ տարվա համար սոցիալական ծախսերը չեն ավելացնում, իսկ վարկային միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերին, ենթակառուցվածքներին: Դա հիմք է ստեղծելու տնտեսական աճի համար, որն արդեն թույլ կտա ավելացնել սեփական եկամուտները և դրանց հաշվին թոշակ ու աշխատավարձ ավելացնել՝ առանց արտաքին աղբյուրներից կախվածության։

Ամեն ինչ շատ ճիշտ է։ Առավել քան ճիշտ։

Սակայն հիմա ուշադրություն դարձրեք գծապատկերին, որտեղ ներկայացված է, թե ինչպես է աճել ՀՀ պետական պարտքը 2009-ից ի վեր։ 2008թ. վերջին ՀՀ պետական պարտքը 1.9 մլրդ դոլար էր, 2016-ի վերջին, ինչպես նշեցինք, ավելի քան 5.9 մլրդ դոլար։ Այսինքն՝ 8 տարվա մեջ ՀՀ պետական պարտքն ավելացել է մոտ 4 մլրդ դոլարով։ Ու ամեն անգամ, լրացուցիչ վարկ ներգրավելիս, կառավարությունը հավաստիացրել է, որ դա տնտեսությունն աշխուժացնելու, բիզնեսին օգնելու, տնտեսական աճ ապահովելու նպատակով է։ Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք։ Իսկ մեր ունեցածն այն է, որ պետական պարտքի սպասարկումն արտամղել է սոցիալական ծախսերը, և մենք հաջորդ տարի 20 մլրդ դրամով ավելի շատ տոկոսավճար ենք մուծելու (ընդհանուր՝ 140 մլրդ դրամ), սակայն չենք կարող թոշակառուին մի քանի հազար դրամով ավելի շատ թոշակ վճարել։

Վերջին դիտարկումը։ Ինչպես նշեցինք, ֆինանսների նախարարն ասում է, որ կարևոր է՝ ՀՆԱ-ն ավելի արագ աճի, քան պարտքը։ Ցավոք, մեզ մոտ դեռ հակառակ դինամիկան է։ 2016թ. պետական պարտքն աճել է 17%-ով (5 մլրդ 77 մլն դոլարից հասնելով 5 մլրդ 942 մլն դոլարի), իսկ ՀՆԱ-ն աճել է 0,2%-ով։ 2017թ. պետական պարտքը կաճի 14,6%-ով (5 մլրդ 942 մլն դոլարից հասնելով 6 մլրդ 810 մլն դոլարի), իսկ ՀՆԱ-ի աճը, ըստ պաշտոնական կանխատեսումների, կկազմի 4.3%։

Միակ ուրախալի կետն այն է, որ այդ տարբերությունը հաջորդ տարի՝ 2018-ին, կնվազի. պետական պարտքը կաճի 5.9%-ով (հասնելով 7.2 մլրդ դոլարի), իսկ ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 4.5%։ Եթե կառավարությանը հաջողվի հետագա տարիների համար ապահովել տարեկան միջինը 5% տնտեսական աճ և զսպել պարտքային ախորժակը, ապա պարտքային վիճակն աստիճանաբար կբարելավվի և կախվածությունն արտաքին աղբյուրներից կթուլանա։ Սակայն դրա համար, բարեփոխումներից բացի, անհրաժեշտ է, որ ներգրավված վարկերն իսկապես ծառայեն իրենց նպատակին, ոչ թե փոշիանան՝ անհասկանալի ու անիմաստ ծրագրերի միջոցով։

Տեսանյութեր

Լրահոս