«Ո՛չ հայկական կողմերը, ո՛չ համանախագահները հաստատ մոռացության չեն մատնել»

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետները կորոշվեն առաջիկայում տարածաշրջան Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում։ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին ասաց, որ այս պահին նախագահների հանդիպման շուրջ հստակություն չկա:

Ըստ նրա՝ ապրիլյան պատերազմից հետո իրավիճակն այնպիսին է, որ բոլորի համար ակնհայտ է, որ առաջընթացի համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ, անհրաժեշտ է բանակցություններին Արցախի մասնակցությունը. «Այս 2 հանգամանքը կա՝ վստահության մթնոլորտ, որի մեջ մտնում են նաև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը, բանակցություններին Արցախի մասնակցությունը: Որևէ այլ նորություն գոյություն չունի»:

Մեր հարցին ի պատասխան՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները մոռացությա՞ն են մատնվել, ինչո՞ւ չի խոսվում այդ մասին, Շ.Քոչարյանը վստահեցրեց՝ ո՛չ հայկական կողմերը, ո՛չ համանախագահները հաստատ մոռացության չեն մատնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները. «Այս պահին օրակարգային հարց է, թե ինչպես ապահովել բանակցային գործընթացի արդյունավետությունը: Առանց այդ պայմանավորվածությունների՝ անհնար է առաջընթաց ապահովել»:

«Ադրբեջանի ղեկավարությունն իր ապակառուցողական քաղաքականությունը թաքցնելու համար նոր բառեր է փնտրում՝ «առարկայական բանակցություններ», «տրամաբանական քայլեր»: Ի՞նչ է դա նշանակում։ Իրենց ստանդարտ մոտեցումն է: Առարկայական իրենք համարում են միայն այն հարցերը, որ իրենց համար են հետաքրքիր, տրամաբանական համարում են՝ եկեք լուծենք այն հարցերը, որ մեզ է պետք, մնացածի մասին հետո կխոսենք: Հասկանալի է, որ այստեղ ո՛չ առարկայական տրամաբանություն կա, ո՛չ էլ տրամաբանական առարկայություն: Հասկանալի է, որ այդպիսի իրավիճակում խոսել որևէ առաջընթացի մասին անհնար է։ Բնական հարց է առաջանում՝ էլ ի՞նչ իմաստ ունեն հանդիպումները»,- ասաց Շ.Քոչարյանը՝ հավելելով, որ հանդիպումների իմաստը ռազմական գործողությունների վերսկսումը բացառելն է։

Նրա խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահների երկրորդ առաքելությունը՝ ռազմական գործողությունների վերսկսման բացառում, առաջնային է դարձել առաջինի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ։ Նա նշեց, որ համանախագահ երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից երեքն են, և նրանց պատասխանատվությունն է, որ աշխարհի որևէ ծայրում պատերազմ չլինի, էլ ուր մնաց՝ այն դեպքը, երբ իրենք միջնորդ են. «Եթե նման բան սկսվի, դա ուղղակի ապտակ է մշտական խորհրդի 3 անդամներին։ Այսօր թիվ 1 խնդիրը դա է»:

Տեսանյութեր

Լրահոս