Բաժիններ՝

«Եթե ջրի կորուստները գոնե 10-15 տոկոսով կրճատվեն, հնարավոր է նույնիսկ իջեցնել ջրի սակագինը». Կարեն Չիլինգարյան

«Այս պահին ես ոչ մի հիմք չեմ տեսնում ջրի սակագինը բարձրացնելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ խմելու ջրի սակագինը բարձրացնելու համար:

Կ. Չիլինգարյանը նկատեց, որ, երբ «Վեոլիա ջուր» ընկերությունը 2005 թվականին կնքեց պայմանագիր ղեկավարության հետ՝ Երևանի ջրամատակարարումը սպասարկելու ակնկալիքով, այն ժամանակ ջրի սակագինը մոտավորապես 90 դրամ էր. «Հետո պայմանագրի մեջ այնպես էր գրված, որ 5 տարի անընդհատ սակագինը պետք է բարձրանա, և 6-րդ տարին պետք է սկսի իջնել, բայց այնպես եղավ, որ 6-րդ տարվանից հետո կամ նույն տեղում էր մնում, կամ շատ չնչին էր իջնում։ Խնդիրն այն է, որ սակագնի բաղադրիչը հանդիսանում էր սղաճը, տարադրամի փոխարժեքը՝ եվրոն, և էլեկտրաէներգիայի սակագինը, և դրանից ելնելով՝ բերում էին այն պատճառը, որ դրա համար չի իջնում ջրի սակագինը կամ չնչին է իջնում։ Հիմա, չգիտես ինչու, նոր սակագին են առաջարկում՝ 14 դրամով ուզում են թանկացնել։ Ես գտնում եմ, որ դա անընդունելի է, այն իմաստով, որ ինչի՞ց հանկարծ որոշեցին, որ հիմա պետք է թանկացնեն, և ինչո՞ւ 14 դրամ։ Փոխանակ «Վեոլիա ջուրը» զբաղվի ջրակորուստների հարցով և աշխատի պակասեցնել ջրակորուստները, նա բարձրացնում է ջրի սակագինը»։

Նրա խոսքով՝ ջրագողություններն էլ են իրենց դերը կատարում. «Բոլորիս հայտնի է, որ բացի նրանից, որ որոշ սպառողներ շրջանցում են ջրաչափերը, կան կասկածներ, որ նաև մեծ ջրօգտագործողներն էլ են հանցավոր համաձայնության գալիս որոշ աշխատակիցների հետ և ինչ-որ ձևով շրջանցում են վճարումը։ Փոխանակ այդ ուղղությամբ աշխատեն, որպեսզի նվազեցնեն այդ ջրագողությունը և դրանով ավելի մեծ օգուտ և եկամուտ կստանան, ավելի հեշտ ձևն են գտել՝ սակագին բարձրացնել, որը, ըստ իս, անընդունելի է»։

Հարցին՝ ի՞նչ եք կարծում՝ ջրի կորուստների նվազեցման հաշվին հնարավո՞ր է ջրի սակագինը նվազեցնել կամ գոնե պահպանել, Կ. Չիլինգարյանն այսպես պատասխանեց. «Իհա՛րկե կարելի է: Իրենց տվյալներով՝ հիմա կորուստը 70-72 տոկոս է, եթե գոնե մի 10-15 տոկոս կարելի է կրճատել, այն կորուստները, որոնք տեղի են ունենում ջրագողության հետևանքով, պատկերացրեք՝ դրա գումարը վճարվի, իրենց եկամուտը կմեծանա, դրա հաշվին կարելի է նաև սակագինը պահել, նույնիսկ իջեցնել: Դա շատ հնարավոր տարբերակ է, բայց դրան չեն գնում»:

Ըստ բանախոսի՝ ջրի սակագնի բարձրացումը կարող է բերել շղթայական թանկացումների:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս