Բաժիններ՝

Թիլերսոնը և Մեթիսը հանդես են եկել ԿԺԴՀ-ի խնդրի խաղաղ կարգավորման օգտին

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ Պենտագոնի ղեկավար Ջիմ Մեթիսը հանդես են եկել Փենյանի եւ Վաշինգտոնի հարաբերությունների ճգնաժամի խաղաղ կարգավորման օգտին։

«Առայժմ դիվանագիտությունը նախընտրելի միջոց է մնում, որը կարող է ստիպել Հյուսիսային Կորային՝ փոխել իր գործելակերպը, ռազմական միջոցներն օժանդակ են»,-ասված է երկու քաղաքական գործիչների հոդվածում, որը հրապարակել է Wall Street Journal-ը:

Նրանք նշել են, որ «Վաշինգտոնը ձգտում է բանակցություններ վարել Փենյանի հետ»: Այդ մոտեցումը, ինչպես գրում են ամերիկյան երկու գերատեսչությունների ղեկավարները, պաշտպանություն է գտնում երկրների մեծամասնության կողմից: Նրանք հիշատակել են Չինաստանի դերը հյուսիսկորեական խնդրի կարգավորման գործում:

«Մեր դիվանագիտական մոտեցումն ընդունում եւ պաշտպանում են բազմաթիվ երկրներ, ներառյալ Չինաստանը, որը Փենյանի նկատմամբ գերիշխանություն ունի տնտեսական առումով: Դա Չինաստանին աննախադեպ հնարավորություն է տալիս ճնշում գործադրել ԿԺԴՀ-ի ռեժիմի վրա»,-ասված է հոդվածում:

Ամերիկյան ԶԼՄ-ներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ համանման հայտարարություններով հանդես են եկել նաեւ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերտ Մաքմասթերը եւ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոն:

«Մենք պատերազմին ավելի մոտ չենք, քան մեկ շաբաթ առաջ, բայց ավելի մոտ ենք, քան տասը տարի առաջ»,-ասել է Մաքմասթերը ABC հեռուստաալիքի եթերում: Նա նշել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ռազմական գործողություններ սկսել Հյուսիսային Կորեայի դեմ, թեեւ Վաշինգտոնը հակված է իրադրությունը դիվանագիտական ջանքերի օգնությամբ կարգավորելուն:

ԿՀՎ-ի տնօրեն Մայք Պոմպեոն Fox Nrws-ին տված հարցազրույցում ասել է, որ Հյուսիսային Կորեայի հետ միջուկային պատերազմի անմիջական սպառնալիք չկա, չնայած լարվածության աճին: Ընդսմին նա ընդունել է, որ Փենյանի զինագործական ծրագիրը զարգանում է այնպիսի տեմպերով, որոնք «ավելի ու ավելի մեծ տագնապ» են հարուցում, եւ նշել է, որ հյուսիսկորեական հրթիռների նոր փորձարկումները չպետք է ոչ մեկին զարմացնեն:

Պոմպեոն ընդգծել է, որ «ռազմավարական համբերությունը», որը Վաշինգտոնը ցուցաբերում էր Փենյանի հրթիռային եւ միջուկային ջանքերի նկատմամբ, սպառվել է: Այն հարցին, թե որքան Է Հյուսիսային Կորեան մոտ միջուկային զենքի ստեղծմանը, որը կկարողանա հասնել ԱՄՆ-ի տարածք, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը պատասխանել է. «Այժմ նրանք ավելի մոտ են»:

«Ես լսել եմ նրանց, ովքեր դատողություններ են անում այն մասին, թե մենք կանգնած ենք միջուկային պատերազմի շեմին: Ես ինքս չեմ տեսել հետախուզական տվյալներ, որոնք նշեին, թե մենք այսօր գտնվում ենք այդ վիճակում»,- նշել է Պոմպեոն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս