«ԱՄՆ-ը և ՌԴ-ն Մինսկի խմբում համատեղ չեն գործելու. ԼՂՀ հարցում նրանք կգործեն առանձին-առանձին». Ստեփան Գրիգորյան
168.am-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը
– Պարոն Գրիգորյան, ինչպես հայտնի է, առաջիկայում Նյու Յորքում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որին, թերևս, աշնանը կհաջորդի նաև նախագահների հանդիպումը: Ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ այդ հանդիպումներից, թե՞ այլևս անիմաստ է որևէ բան ակնկալել նման հանդիպումներից:
– Ճիշտն ասած, ոչ մի բան չեմ սպասում՝ մի շարք պատճառներով: Չեմ կարծում, որ Ադրբեջանի քաղաքականությունը փոխվեց, չեմ կարծում, որ իրենք այսօր պատրաստ են բանակցային պրոցեսը վերականգնելու, կարծում եմ՝ այդ հերթական հանդիպման ժամանակ նրանք նորից կբարձրացնեն Ղարաբաղի շուրջ եղած տարածքների հարցը, չեմ կարծում՝ իրենց մոտ ինչ-որ բան փոխվել է:
Երկրորդը՝ ես համարում եմ, որ սեպտեմբերին իմաստ ունի այդ հանդիպումը միայն մի դեպքում, եթե այս մնացած ժամանակահատվածում իրենք գոնե չկրակեն սահմաններին կամ շփման գծերին: Եթե իրենք չկրակեն, դիպուկահարներ չօգտագործեն, իրոք, այդ հանդիպումն ինչ-որ իմաստ ունի: Ոչ մի նորություն չեմ սպասում, բայց, այնուամենայնիվ, ինչ-որ իմաստ կունենա, գոնե դու աշխարհին ցույց կտաս, որ պատրաստ ես բանակցելու, պատրաստ ես վերսկսելու բանակցությունները ու գնում ես հանդիպմանը: Բայց եթե այս մնացած ժամանակահատվածը՝ մինչև այդ հանդիպումը, իրենք կրակեն, կարծում եմ՝ չի բացառվում, որ նույնիսկ ճիշտ է չմասնակցել այդ հանդիպմանը:
Բացի դրանից, մեծ զարգացումներ են տեղի ունենում. օրինակ, Միացյալ Նահանգները հիմա ակտիվացան արտաքին քաղաքականության ոլորտում, մյուս կողմից՝ սրվեցին ռուս-ամերիկյան, ռուս-եվրոպական հարաբերությունները:
Մեծ զարգացումները գնում են հենց այն պետությունների միջև, որոնք մեդիատոր են Ղարաբաղյան հակամարտության հարցում: Մինսկի խմբի համանախագահողներն են Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը, դժբախտաբար, ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները վատթարանում են օրեցօր, այդ մեծ փոփոխություններն էլ չեն հուսադրում, չեն տալիս շանս, որ մեծերը հավաքվեն, ընդհանուր դիրքորոշում ունենան ու ճնշեն Ադրբեջանին, ստիպեն, որ կառուցողական լինի:
– Այսինքն՝ Ձեր կարծիքով՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների սրացումը կանդրադառնա նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի՞ վրա:
– Գիտե՞ք՝ ինչով անդրադարձ կունենա, նրանով, որ քանի որ վստահությունը մեծ չի լինի իրենց միջև, իրենք չեն կարողանալու ունենալ նույն մոտեցումը Ղարաբաղի հարցում:
Եթե նախկինում ինչ-որ չափով մոտ էին դիրքորոշումները, կարծում եմ՝ հիմա այնքան ուժեղ են տարաձայնություններն ԱՄՆ-ի և ՌԴ-ի, որ նույնիսկ Ղարաբաղի հարցում կարող է՝ այդ կոնսենսուսը չմնա, ու դա կբերի նրան, որ նրանք կգործեն առանձին-առանձին, Մինսկի խմբում նրանք համատեղ չեն գործելու:
Ես չեմ ասում՝ 100 տոկոսով այդպես կլինի, բայց եթե այսպես շարունակվեց, շատ հավանական է, որ կարող է Մինսկի խմբի շրջանակներում նրանք համատեղ չաշխատեն:
– Մյուս կողմից էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի Ձայնի» հայկական և ադրբեջանական ծառայությունների հետ զրույցում ասել է, որ ԼՂՀ հակամարտության շուրջ ԱՄՆ-ը շարունակում է աշխատել նաև Ռուսաստանի հետ, չնայած երկու երկրների միջև վատթարացող հարաբերություններին. «Միմյանց հետ մեր աշխատանքի մեջ բացարձակապես որևէ բան չի փոխվել, համանախագահների շրջանում մեր հարաբերությունները չեն փոխվել: Քաղաքական գործիչները կարող են միմյանց բախվել, սակայն մեզ համար աշխատանքը շարունակվում է, և մենք կատարում ենք այն՝ ձեռք ձեռքի տված»:
– Ես ասացի իմ կարծիքը: Լավ կլինի, եթե չազդի, բայց ես կասկած չունեմ, որ ինչ-որ ժամանակ հետո, եթե այդ հարաբերությունների սրումը շարունակվի, կազդի անպայման: Կարող է՝ դեռ այնքան չեն փչացել, որ շանս կա, որ չի ազդի, որի մասին խոսում է ԱՄՆ դեսպանը Մինսկի խմբում, բայց եթե այսպես շարունակվի, ինչպես հիմա է, չեմ բացառում, որ այստեղ էլ չեն համագործակցի: Ես մտավախություն ունեմ, որ ինչ-որ պահից այնպես կփչանա, որ նույնիսկ Սիրիայի հարցում, որտեղ կա որոշակի հանագործակցություն, այլ հարցերում ևս, այդ համագործակցությունը կտապալվի:
– Խոսելով նախատեսվող հանդիպումների մասին՝ Հոգլանդը նաև ասել է. «Առկա է համապարփակ մի փաստաթուղթ, սակայն կան նաև դրան հասնելու քայլեր և փուլեր, և ես հույս ունեմ, որ բարձրագույն մակարդակով հաջորդ բանակցությունների ընթացքում կողմերը լուրջ աշխատանք կկատարեն, և նույնիսկ, եթե վերջնական կարգավորմանը հնարավոր չլինի հասնել, կհայտարարեն որոշակի քայլերի մասին»: Ըստ Ձեզ՝ ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը:
– Ես ոչինչ չգիտեմ փաստաթղթի մասին, դրա համար չեմ մեկնաբանի: Ես միայն մի բան կասեմ. շատ լավ է, որ իրենք լավատեսորեն են ներկայացնում, իրենք ուզում են դրականը տեսնել, ուզում են տարբերակներ առաջարկել, ինչը շատ լավ է, իրենք միջնորդ են, հենց դա է նրանց ֆունկցիան: Եթե իրենք օպտիմիստ չլինեն, չտեսնեն հեռանկարներ, հնարավորություններ և այլն, անիմաստ է նրանց այդ գործով զբաղվելը: Բայց հաշվի առնելով այսօրվա Ադրբեջանի քաղաքականությունը, որը նախապայմանային է, բանակցությունների վերսկսումը խնդիր է, բայց շատ հասկանալի է համանախագահող երկրների դեսպանների օպտիմիզմը: Ես տեսնում եմ, որ դեռ Ադրբեջանը ոչ մի բանի պատրաստ չէ, օրինակ, պատրաստ չէ նույնիսկ վերսկսել բանակցությունները: