Վաշինգտոնում կայացել է «Արքան և ես» մյուզիքլի նոր տարբերակի պրեմիերան
Վաշինգտոնում կայացել է «Արքան եւ ես» մյուզիքլի նորացված բեմադրության պրեմիերային ցուցադրությունը: 1951 թվականին կոմպոզիտոր Ռիչարդ Ռոջերսի եւ լիբրետիստ Օսկար Համերսթայնի կողմից ստեղծված բեմադրության նոր տարբերակը ցուցադրել է Լինքոլն-կենտրոնի թատերախումբը։
Արտիստները Վաշինգտոն հյուրախաղերի են ժամանել Նյու Յորքից, նրանք մինչեւ օգոստոսի վերջը ելույթ կունենան Ջոն Քենեդու անվան Կատարողական արվեստների կենտրոնի բեմում: Նրանք զբաղված են այն բեմադրութան մեջ, որը երկու տարի առաջ իրականացրել է Լինքոլն-կենտրոնի թատրոնի ռեժիսոր Բարթլեթ Շերը:
Այս աշխատանքը 2015 թվականին ԱՄՆ-ում «Թոնի» թատերական մրցանակի է արժանացել միանգամից չորս անվանակարգերում, ներառյալ «Մյուզիքլի լավագույն վերածնունդը»: Մյուզիքլի սյուժեն հիմնված է իրական իրադարձությունների վրա, այն պատմում է 1860-ական թվականներին անգլուհի Աննա Լեոնոուենսի` Սիամի թագավորի արքունիքում որպես դպրոցական ուսուցչուհի գտնվելու մասին: Ինչպես նշում է ռեժիսորը, ինքը վերականգնել է մյուզիքլի օրիգինալ լիբրետոյի «50-60 տողերը»:
Դրա հետ մեկտեղ մյուզիքլի առանձին դրվագներ, օրինակ, միապետի խորհրդածություններն այն մասին, թե պետք է արդյոք իր երկիրը հարեւան Կամբոջայից բաժանել պաշտպանիչ պատով, նմանվում են ԱՄՆ-ի ներկայիս քաղաքական կյանքի իրադարձություններին, քանի որ նախագահ Դոնալդ Թրամփը պլանավորում է նմանօրինակ շինություն կառուցել Մեքսիկայի հետ սահմանին:
Տեղի թատերական քննադատները բարձր են գնահատել ներկայիս բեմադրությունը: Շերը համարվում է վերջին գրեթե չորս տասնամյակների ամերիկացի ամենանշանավոր թատերական ռեժիսորներից մեկը: Նա բեմադրել է նաեւ Ուիլյամ Շեքսպիրի, Մոլիերի եւ Հենրիկ Իբսենի գործերը: «Բայց ես կարծում եմ, որ Ռոջերսը եւ Համերսթայնը մտնում են առաջին հնգյակի մեջ: Նրանք փոխեցին արվեստի այդ տեսակը»,-ասել է ռեժիսորը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: