
Աֆղանստանում ուժայինները ոչնչացրել են Քաբուլում Իրաքի դեսպանատան վրա գրոհած զինյալներին

Աֆղանստանի անվտանգության ուժերի աշխատակիցները ոչնչացրել են այն բոլոր զինյալներին, որոնք մասնակցել են Քաբուլում Իրաքի դեսպանատան վրա հարձակմանը: Այս մասին հաղորդել է 1TV հեռուստաալիքը, հայտարարել են Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունում:
Գերատեսչության տեղեկատվությամբ՝ համալիրն ահաբեկիչներից մաքրելու գործողությունն ավարտված է: Ինչպես ճշտել են ԱԳ նախարարությունում, հարձակմանը մասնակցել են չորս զինյալներ, նրանից մեկը՝ մահապարտն է, որը պայթյուն է կազմակերպել դեսպանատան մուտքի մոտ: Ահաբեկիչների հետ ընդհարումները շարունակվել են ավելի քան չորս ժամ:
Ավելի վաղ Իրաքի արտգործնախարարությունը հայտնել է, որ արաբական երկրի ժամանակավոր հավատարմատարը տարահանվել է Եգիպպտոսի դիվանագիտական ներկայացուցչություն: Պայթյունից զոհվել են դեսպանության երկու աֆղան պահապան զինվորներ: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: