Բաժիններ՝

Թուրքիայում գյուլենականության մեղադրանքով ձերբակալել են 831 մարդու

Թուրքիայի իշխանությունները արտակարգ դրության ռեժիմի շրջանակում հետևողականորեն շարունակելով Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների «որսը»` մեկ շաբաթում ձերբակալել են 831 մարդու:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ձերբակալվածների բջջային հեռախոսներում հայտնաբերվել է Bylock հավելվածը, որը համարվում է գյուլենականների գաղտնի հաղորդակցության միջոցը:

Հավելվածը օգտատերերին հնարավորություն է տալիս հաղորդակցվել հատուկ ծածկագրերի միջոցով:

Թուրքիայի իրավապահ մարմինները նախորդ շաբաթ Քրդստանի բանվորական կուսակցության(PKK) անդամ լինելու կասկածանքով ձերբակալել են 213 մարդու:

Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:

Շուրջ 20 տարի է, ինչ Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում, սակայն որոշակի ազդեցություն է պահպանում Թուրքիայում:

74-ամյա գործիչը նախկինում Էրդողանին օգնել էր գալ իշխանության, բայց ժամանակի ընթացքում երկրի ղեկավարման հարցում նրանց մոտեցումները փոխվել են:

Էրդողանը Գյուլենին պետական հեղաշրջման փորձի կազմակերպումից բացի, մեղադրում է բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս