
Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունները մեկնարկել են առանց Ադրբեջանի

Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժությունները Հայաստանի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Ուկրաինայի և Սլովենիայի զորքերի մասնակցությամբ:
Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Ադրբեջանական կողմը, որը ևս նախապես հրավիրված է եղել, չի մասնակցելու զորավարժություններին:
Վրաստանի վարչապետը և մյուս երկրներից ներկա բարձրաստիճան պաշտոնյաները հուլիսի 30-ին Վրաստանի Վազիանի ռազմաբազայում զորավարժությունների բացման հանդիսավոր արարողության ժամանակ նշել են, որ զորավարժությունները կարևոր քայլ են ՆԱՏՕ-ին անդամակցության ճանապարհին:
«Այս զորավարժությունները կօգնեն ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտենալու և ողջ տարածաշրջանում կայունության ամրապնդման տեսանկյունից»,- ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ` Ադրբեջանի կողմից զորավարժություններին մասնակցությունից հրաժարվելու պատճառները հայտնի չեն, և դրա վերաբերյալ հնարավոր չի եղել պարզաբանումներ ստանալ ոչ Ադրբեջանի ՊՆ-ից, ոչ էլ ԱԳՆ-ից:
Ադրբեջանը չէր մասնակցել նաև վերջերս Ռումինիայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի զորավարժություններին: