Բաժիններ՝

«Երբ հերոսի ծնողը դպրոց է մտնում, բոլորը պետք է գլուխ խոնարհեն, ոչ թե առաջարկեն ուրիշների ոտքերի տակը մաքրել». Մանուշակ Ստեփանյան

«Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» հ/կ նախագահ Մանուշակ Ստեփանյանի համոզմամբ՝ պատերազմի հետևանքով զոհված և հերոսացված զինծառայողների  ընտանիքները մատնված են անուշադրության:

«Ոչ մեկի ընտանիքն ապահովված չէ, սարի պես տղաները գնացին, զոհվեցին, որ այսօր իրենց ծնողներին ուշադրություն դարձնող չլինի՞: Որդիներին կորցնելուց հետո բոլորը կես մարդ են դարձել, կեսը հիվանդ է, մեծ մասը հաշմանդամության կարգ է ստացել: Այդ մարդիկ մուրացկանություն չեն խնդրում, նրանք աշխատանք են ուզում»,- ասաց Մանուշակ Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» հասարակական կազմակերպության մեջ ներգրավված են ապրիլյան պատերազմից 40 ընտանիք և մինչ ապրլյան պատերազմը զոհ ունեցող 20-25 ընտանիք:

Վերջինս նշեց, որ բոլոր ընտանիքներում կան շատ լուրջ ֆինանսական խնդիրներ: Իսկ օրինակները շատ են.

Արարատ Խանոյանի ծնողները շատ լուրջ խնդիրներ ունեն, հայրը ինսուլտ է տարել, մայրը շատ վատառողջ է ու հենց այդ վիճակում էլ գնում է դաշտերում աշխատելու՝ ֆինանսական խնդիրները լուծելու համար:

«Եթե Արարատը ողջ լիներ, այդպես չէր լինի»,- ասաց Մանուշակ Ստեփանյանը:

Նրա փոխանցմամբ՝ Սաշա Գալստյանի մայրն աշխատանքի համար դիմել է մազպետարան, նրան ուղարկել են այն դպրոց, որտեղ իր որդին է սովորել: Դպրոցի տնօրենն առաջարկել էր մաքրուհի աշխատել դպրոցում: «Երբ հերոսի ծնողը դպրոց է մտնում, բոլորը պետք է գլուխ խոնարհեն, ոչ թե առաջարկեն՝ նրանց ոտքերի տակը մաքրի»:

«Ադամ Սահակյանի տուն մտնելիս չե՞ք տեսնում՝ ինչի՞ կարիք ունեն: Մարդիկ բնակարանի կարիք ունեն, ապրելու տեղ չունեն, կորցրել են իրենց աշխատող երեխուն»,- նշեց Մանուշակ Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ 2015 թվականին զոհված Կարեն Շահինյանի ընտանիքը ևս լուրջ խնդիրներ ունի: Ընտանիքն ապրում է Աբովյանում, տուն չունեն, Պաշտպանության նախարարությունը նրանց տրամադրել է 6.980.000 դրամ: «Այդքանով տո՞ւն են առնում: Երբ ամենաէժանն արժե 18.000 դոլար»:

Իրավապաշտպան, Շենգավիթ վարչական տարածքի Պատանիների ստեղծագործության կենտրոնի տնօրեն Նարե Արամյանի պնդմամբ՝ մենք անգամ չունենք հայեցակարգային մոտեցում, ուր մնաց՝ ռազմավարական ծրագրեր: Վերջինիս խոսքով՝ սա շտկելու համար լրիվ բավարար է ուղղակի անմիջական դաշտային աշխատանք կատարել որևէ հատվածում՝ հասկանալու համար՝ ինչպե՞ս կարելի է նվազագույն պայմաններն ապահովել:

«Եթե մեր զինվոր կորցրած ծնողին չսատարենք, մենք չենք կարող որևէ բանի հասնել, պետական մակարդակով պետք է ունենանք հոգածություն»,- նշեց բանախոսը:

Իսկ այն դիտարկմանը, թե արդյո՞ք ծնողներն ինչ-որ հստակ պահանջներ են ներկայացրել, եռամիասնություն հ/կ նախագահ և AAD.am կայքի տնօրեն Մամիկոն Խուրշուդյանը պատասխանեց.

«Որքանո՞վ է բարոյական, երբ մարդ գիտի, որ իր զավակը գնացել է և իր կյանքը տվել հայրենիքի համար, և հիմա պահանջ ներկայացնի: Ճիշտը էլ չէր լինի, որ ինչ-որ բան խնդրեին»:

Մանուշակ Ստեփանյանն այս խնդիրը լուծելու համար առաջարկում է ստեղծել արտադրություն, օրինակ՝ տեքստիլ, որ մայրերը գոնե գնան կար ու ձև անեն:

Անի Թորոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս