Բաժիններ՝

«Սևանում կա կարծր աղտոտվածություն, որն ահագնացող չափերի է հասնում»

«Մեր կարևորագույն նպատակն էր՝ ստորջրյա հետազոտությունների ծավալումը Հայաստանում, մասնավորապես՝ Սևանի  ավազանի ստորջրյա հատվածի հետազոտությունները, որտեղ շատ են չճանաչված վայրերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի նախագահ Կլոդ Թուլումջյանը։

Կենտրոնը գործում է 2010 թվականից։ Այս տարի արդեն Հայաստանում ստորջրյա հետազոտություններ է արել 8-րդ արշավախումբը։ Այն հայ-ֆրանսիական սուզորդական հետազոտությունների կենտրոն է, որն առաջինն գրանցված սուզորդական կենտրոնն է Հայաստանում։ Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնը համագործակցում է հայ գիտնականների հետ, ինչպես նաև՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ։

Կենտրոնի փոխնախագահ, երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ գիտնական Արա Ավագյանը հիշեցրեց, որ հուլիսի 1-ին կնքվել է հուշագիր ՀՀ բնապահպանության նախարարության և կենտրոնի միջև, որով նախատեսվում է  համագործակցություն հետևյալ 3 ուղղություններով՝  ՀՀ-ում ջրային ավազանների, մասնավորապես՝ ստորջրյա հատվածի  ուսումնասիրություն, տեղեկատվության տարածում ու փոխանակում և էկոկրթություն։

Ըստ պարոն Ավագյանի՝ կենտրոնը գիտական հետազոտություն չի անցկացնում, այն անցկացնում է ճանաչողական հետազոտություններ, տեղանքի զննում, և համագործակցելով տարբեր գիտական հաստատությունների հետ՝ ըստ նրանց պահանջի՝ ներկայացնում է նմուշներ, որոնք արդեն գիտական հետազոտություն են անցնում լաբորատորիաներում։

«Հստակ կարող ենք արձանագրել, որ Սևանում կա կարծր աղտոտվածություն, որն ահագնացող չափերի է հասնում։ Հատկապես ելնելով նրանից, որ ափագիծը տեղաշարժվել է ջրի մակարդակի բարձրանալու հետևանքով, և նախկինում ափամերձ հատվածի չմաքրված աղբը հիմա հայտնվել է  ջրի տակ։ Դրա հետ պետք է գումարել նաև ձկնորսական պարագաները, որոնք այս կամ այն պատճառով հայտնվում են ջրի հատակում, և դա ծուղակ է հանդիսանում շատ ձկների, կենդանական աշխարհի, մասնավորապես՝ խեցգետինների համար։ Շատ քիչ են հանդիպում ձկների վտառներ, էլ չեմ ասում, որ կան ձկների տեսակներ, որոնք ընդհանրապես չեն հանդիպում։

Պղպջակները կապված են ստորջրյա աբյուրների հետ, որոնք ունեն գծային տարածում։ Դա էլ կապված է  երկրաբանական խզվածքների հետ, որոնք շատ տարածված են Հայաստանում, և դա առանձնապես նորություն չէ, առավել ևս վախենալ պետք չէ դրանից»,- ասաց պարոն Ավագյանը։

Նրա դիտարկմամբ՝ Սևանա լճի 3 մետր բարձրացումը տեսանելիությունը բարելավել է, որը խոսում է ջրի որակի մասին, և որոշակի առումով Սևանի ավազանի ինքնամաքրման մեխանիզմը սկսել է աշխատել։

Հարցին՝ ճի՞շտ է, որ Սևանի ավազանում քաղաք կա, սուզորդները կատակեցին, որ քաղաք չէ, երկիր է. «Մեր կողմից հավաստի փաստ չունենք ստորջրյա քաղաքի մասին»։

Կենտրոնի համահիմնադիր Ստեփան Կոջայանը նշեց, որ իրենք աշխատում են նաև Ֆրանսիայի դեսպանատան հետ, քանի որ սա հայ-ֆրանսիական համագործակցություն է։

«Սուզումները սկսվել են հուլիսի 10-ից։ Սևանը Սև կամ Կարմիր ծովի հետ համեմատել չի կարելի, բայց  մենք ամեն տարի փորձում ենք հետաքրքիր վայրեր գտնել Սևանում, քանի որ սա լիճ է, ծով չէ։ Հետաքրքիր տեղեր շատ կան սուզվելու»,- նկատեց Ս. Կոջայանը։

Կենտրոնի տեխնիկական մասի պատասխանատու Վահե Մելքոնյանը նշեց, որ սուզումների ընթացքում շատ գտածոներ են ունեցել՝ կուժեր, կենդանիների ոսկորներ,  հին ցանցեր, ուղտի գանգ, բեզոարյան այծի կոտոշներ, փայտից նավ։

«Նավակը շատ հետաքրքիր օբյեկտ էր, որովհետև կառուցված էր բավականին վաղ ժամանակում, օգտագործված էին մետաղյա սեպեր՝ դարբնի կողմից պատրաստված։ Շատ քիչ բան է հայտնի Սևանում օգտագործված նավերի տեսակների մասին. դրա համար այս գտածոն շատ էական, կարևոր նշանակություն ունի»,- հավելեց Արա Ավագյանը։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս