«Ոլորտի աճը երկրաչափական պրոգրեսիայով է». Հայկ Հարությունյանը` արևային կայանների մասին
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում էներգետիկ ոլորտում զարգացումները բավականին բուռն են եղել: Նման բնորոշում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տվեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը` ներկայացնելով օրենսդրական փոփոխությունները:
Ըստ նրա` ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը չի շահագործվում այլևս, երկրորդ էներգաբլոկի համար ներկայացվել է շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիր, աշխատանքներ են տարվում նոր էներգաբլոկի կառուցման կապակցությամբ:
Հ.Հարությունյանի խոսքով` հաշվարկել են, թե Հայաստանի 280 չգազիֆիկացված համայնքներում ինչքան գումար է հարկավոր արևային ֆոտովոլտային կայաններ տեղադրելու համար, և բանակցում են դոնորների, կառավարության հետ, որպեսզի ճիշտ ֆինանսական գործիք ներդնեն: Փոխնախարարը նշեց, որ, եթե գազիֆիկացման համար 39 մլրդ դրամ ներդրում է անհրաժեշտ, ապա արևային կայաններով հագեցման համար` 15 մլրդ. «Այսինքն` գազիֆիկացման համար պահանջվող գումարով կարող ենք յուրաքանչյուր ընտանիքի տրամադրել արևային կայաններ, որոնք կապահովեն թե՛ ջրային տաքացումը, թե՛ հոսանքի մատակարարումը: Ծրագիրն առաջնահերթորեն իրականացվելու է սահմանամերձ չգազիֆիկացված գյուղերում»:
Հ.Հարությունյանը տեղեկացրեց, որ արդեն գործում են 109 արևային փոքր ֆոտովոլտային կայաններ, որ տեղադրված են ֆիզիկական և իրավաբանական անձանց տանիքներում. «Սա եղել է այս տարվա ընթացքում, այսինքն` ոլորտի աճը երկրաչափական պրոգրեսիայով է, և առաջանցիկ տեմպերով կարող ենք այս ոլորտի զարգացումը տեսնել»:
Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովն արևային կայաններ կառուցելու համար տրամադրել է 11 լիցենզիա, անցած տարի ՀԾԿՀ-ն արևային էներգիայի սակագինը սահմանեց 46 դրամ, բայց քանի որ դա բարձր է, քվոտա սահմանվեց 10 մգվտ-ի համար, որ շատ արագ լրացվեց: Նա չբացառեց, որ երկրորդ փուլով լիցենզիաներ կտրամադրվեն ավելի ցածր սակագներով, բայց դա կորոշվի ուսումնասիրություններից հետո:
Հ. Հարությունյանը նշեց, որ հայտարարվել է մրցույթ 55 մգվտ հզորությամբ կայանի ստեղծման համար, նախաորակավորման փուլն անցել է 10 կազմակերպություն, ընդ որում` աշխարհահռչակ խոշորագույն ընկերություններ են մասնակցել մրցութին.
«Մեզ համար շատ կարևոր է, որ կարողացանք այդքան գիգանտ ընկերությունների մոտ հետաքրքրություն առաջացնել, որ գան այդ փոքր կայանի մրցույթին մասնակցեն: Սա ցույց է տալիս, որ գործընթացը կազմակերպվել է թափանցիկ, և ցույց է տալիս այն հավատը, որ կա մեր էներգետիկ համակարգի նկատմամբ»:
Փոխնախարարի խոսքով` մրցույթը կավարտեն հաջորդ տարվա առաջին եռամսյակում, մինչ այդ՝ սեպտեմբերին կհայտարարեն կոնկրետ մրցույթը, 3 ամիս կտրվի հայտերի ներկայացման համար, և տարվա վերջին հայտնի կլինի հաղթողը, որը կկառուցի Մասրիկի կայանը: Եվս 5 տեխնիկատնտեսական հիմնավորումներ պատրաստ են, ներդրումային ծրագրերն արդեն մշակվել են:
Հ. Հարությունյանը նաև նշեց, որ պատրաստ է և համացանցում հրապարակվել է Հայաստանի արևային քարտեզը: